Հայոց ցեղասպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրքերեն՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide, ֆր.՝ Génocide arménien), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 1915-1923 թվականներին[3][4][5][6] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանություն (այլ կիրառումներ)
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք[7]։
Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։
Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։
Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։
Օսմանյան կայսրությունում հայերի[8][9][10] և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։
Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը[11]։
1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»[12][13][14]։
19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության բնակչությունը էթնիկ առումով բազմազգ էր։ Դրա մեջ մտնում էին մի քանի մուսուլմանական էթնոսներ՝ թուրքեր, քրդեր, արաբներ, չերքեզներ, և Հյուսիսային Կովկասից ու այլ տեղերից վերաբնակեցվածներ։ Քրիստոնեադավան էթնոսների մեջ առանձնանում էին հայերը, հույները, բուլղարները, ասորիները և այլք։ Օսմանյան կայսրությունում ապրում էին նաև հրեաներ և այլ ժողովուրդներ։
Օսմանյան կայսրության անկմանը նախորդող ժամանակաշրջանում մուսուլմանական բնակչության նույնականացման համար, եթե դրանք որոշակի էթնիկ խմբեր էին (ինչպես, օրինակ, քրդական քոչվոր ցեղերը), օգտագործվում էին «մուսուլմաններ» կամ «օսմաններ» եզրույթները, չնայած լայն իմաստով «օսմաններ» կարելի է անվանել նաև օսմանահպատակ հայերին։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը կայսրության պետական մարմինները բնութագրելու համար հիմնականում օգտագործվում էին «օտտոմանյան» կամ «օսմանյան» եզրույթները, ավելի հազվադեպ՝ «թուրքական», չնայած սա ընդունված անվանում է ռուսական պատմագրության մեջ (օրինակ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878))։
Հայերի սպանություններում մասնակցություն ունեին շատ մուսուլմանական էթնոսներ, այդ թվում՝ քրդերը և չերքեզները, բայց այս գործողությունները կատարվում էին հիմնականում թուրք պաշտոնյաների կարգադրությամբ[Ն 1][15]։
Օսմանյան կայսրության հայերը, չլինելով մուսուլմաններ, համարվում էին երկրորդ կարգի քաղաքացիներ՝ զիմմիներ։ Հայերին արգելված էր զենք կրել, նրանք պետք է վճարեին ավելի բարձր հարկեր։ Հայ քրիստոնյաներն իրավունք չունեին վկայություն տալ դատարանում[16][17][18]։
Չնայած հայ բնակչության 70 %-ը աղքատ էր, մուսուլմանների մոտ տարածված էր «գործարար հաջողություններով խորամանկ ու հաջողակ հայի» կարծրատիպը։ Հայերի հետ թշնամանքն ավելանում էր քաղաքներում չլուծված սոցիալական խնդիրների և գյուղական տնտեսություններում ռեսուրսների համար պայքարի հետևանքով[19]։ Իրադրությունը բարդանում էր մուհաջիրների՝ Կովկասից (Կովկասյան և 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո) և նոր կազմավորված բալկանյան պետություններից փախստականների ներգաղթի պատճառով։ Քրիստոնյա երկրներից վտարված մուսուլման փախստականներն իրենց ատելությունը թափում էին օսմանահպատակ քրիստոնյաների վրա։ Հայերի կյանքի և ունեցվածքի նկատմամբ պարբերական բնույթ կրող ոտնձգությունները, հայերի ընդհանուր անապահով և իրավազուրկ վիճակը Օսմանյան կայսրությունում հանգեցրին այսպես կոչված «Հայկական հարցի» առաջացման՝ որպես ավելի ընդհանուր Արևելյան հարցի մի մաս[16][17][18][20]։
1885 թվականին ստեղծվեց առաջին հայկական քաղաքական կուսակակցությունը՝ Արմենական կուսակցությունը, որի գաղափարախոսության հիմքում տեղի հայերի ինքնորոշման ձեռքբերումն էր լուսավորականության և քարոզչության ճանապարհով, ինչպես նաև ռազմական պատրաստության իրականացում պետական ահաբեկմանը դիմակայելու համար։1887 թվականին հիմնվեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, որի նպատակն էր բոլոր էթնիկական խմբերի մասնակցությամբ հեղափոխության ճանապարհով Թուրքահայաստանի ազատագրումը և անկախ սոցիալիստական պետության ձևավորումը։ Եվ վերջապես, 1890 թվականին Թիֆլիսում կայացավ Դաշնակցության առաջին համագումարը։ Կուսակցության ծրագիրը նախատեսում էր ինքնավարություն Օսմանյան կայսրության կազմում, բնակչության բոլոր խմբերի համար ազատություն և հավասարություն, իսկ սոցիալական դրույթները հիմնվում էին գյուղական համայնքների՝ որպես նոր հասարակության հիմնական տարրերի ստեղծման վրա[17]։
Հարյուր հազարավոր հայերի կյանք խլած 1894-1896 թվականների զանգվածային կոտորածներն ունեցան երեք հիմնական հանգրվաններ՝
- ջարդեր Սասունում,
- 1895 թվականի աշնանն ու ձմռանը հայերի կոտորածներ կայսրության ողջ տարածքում,
- ջարդեր Ստամբուլում և Վանի շրջանում, ինչի համար պատճառ դարձան տեղի հայերի բողոքները։
Սասունի շրջանում քրդական առաջնորդները հարկատու էին դարձրել հայ բնակչությանը։ Միաժամանակ թուրքական կառավարությունը պահանջեց պետական հարկերի պարտքերի մարում, որոնք սահմանվել էին առանց հաշվի առնելու քրդական կողոպուտները։ Հաջորդ տարում քրդերն ու օսմանյան պաշտոնյաները հայերից պահանջեցին հարկերի վճարում, բայց հանդիպեցին դիմադրության, որը ճնշելու համար ուղարկվեց թուրքական Չորրորդ բանակային կորպուսը։ Սկսվեց Սասունի հայ բնակչության կոտորածը, որի արդյունքում սպանվեց ավելի քան 3,000 մարդ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսական կայսրության դեսպաններն առաջարկեցին համատեղ հետաքննող հանձնաժողով ստեղծել, բայց առաջարկը մերժվեց Բարձր դռան կողմից[21][22][23][24]։ Սասունի իրադարձությունների մասին Էրզրումում Մեծ Բրիտանիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդն արտգործնախարարություն ուղարկված իր զեկուցագրերից մեկում գրում էր.
«Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»[25]։ |
Բողոքելով հայերի խնդիրների չլուծված մնալու դեմ՝ 1895 թվականի սեպտեմբերին հնչակյանները որոշեցին մեծ ցույց կազմակերպել Կոստանդնուպոսլում, բայց նրանց ճանապարհին կանգնեց ոստիկանությունը։ Ցույցի ճնշման արդյունքում սպանվեցին տասնյակ և վիրավորվեցին հարյուրավոր հայեր։ Ոստիկանությունը բռնում էր հայերին և հանձնում մահակներով և սառը զենքի այլ տեսակներով զինված սոֆթերին՝ Ստամբուլի իսլամական ուսումնական հաստատությունների ուսանողներին։ Նրանք հայերին մինչ մահամերձ դառնալը ծեծում էին։ Ջարդերը շարունակվեցին մինչ հոկտեմբերի 3-ը[21][26]։ Հոկտեմբերի 8-ին Տրապիզոնում մուսուլմանները սպանեցին և կենդանի խարույկի վրա այրեցին հազարավոր հայերի։ Այս իրադարձությունները ազդարարեցին Փոքր Ասիայում և Արևմտյան Հայաստանում՝ Երզնկայում, Էրզրումում, Գյումուշխանեում, Բաբերդում, Ուրֆայում և Բիթլիսում օսմանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների մեկնարկը[27][28]։
1895 թվականի ջարդերը հանգեցրին Դաշնակցական կուսակցության կողմից Ստամբուլի Օտտոմանյան բանկի գրավման որոշման ընդունելուն։ 1896 թվականի օգոստոսի 26-ին մի խումբ զինված դաշնակցականներ գրավեցին Օսմանյան բանկի շենքը, ողջ եվրոպական անձնակազմը գերի վերցրեցին և սպառնալով բանկի պայթյունով՝ պահանջեցին թուրքական կառավարությունից կատարել խոստացված քաղաքական բարեփոխումները։ Բանակցությունների արդյունքում ռուսական դեսպանատան ներկայացուցիչը և բանկի տնօրեն Էդգար Վինսենթը անվտանգության սեփական երաշխավորություններով համոզեցին բանկը գրավածներին լքել բանկի շենքը։ Նույն օրը իշխանությունների հրահրմամբ Պոլսում բռնկվեց հայերի նոր զանգվածային կոտորած, որին զոհ գնաց մոտ 6 000 մարդ[27][29]։
1894-1896 թվականների ջարդերի արդյունքում զոհերի ճշգրիտ թիվն անհնար է որոշել։ Մինչ բռնարարքների ավարտը Թուրքիայում գտնվող բողոքական քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը, օգտագործելով տարբեր աղբյուրները, հավաքեց հետևյալ վիճակագրությունը՝
- սպանվածներ՝ 88 243 մարդ,
- ունեզրկվածներ՝ 546 000 մարդ,
- կողոպտված քաղաքներ և գյուղեր՝ 2493,
- իսլամացված գյուղեր՝ 456,
- պղծված եկեղեցիներ և վանքեր՝ 649,
- մզկիթների վերածված եկեղեցիներ՝ 328[30]:
Անգլիացի ուսումնասիրող Քինռոսի կարծիքով Համիդյան կոտորածներին զոհ է գնացել 50 000-ից 100 000 հայ[27], Բլոքսհեմը՝ 80 000-100 000[21], Հովհաննիսյան՝ մոտ 100 000[31], Ադալյանն ու Թոթենը՝ 100 000-ից 300 000[9][32], Դադրյան՝ 250 000-ից 300 000[33], Սունի՝ 300 000[34]:
Ինչպես վկայում էր Ռուբեն Տեր-Մինասյանն 1924 թվականին հրատարապակած իր հանրահայտ «Հայ-թուրքական կնճիռը» աշխատությունում, Ռուսաստանը «...զգում և գիտակցում էր, թե լա՛յն ինքնավարությամբ թուրքահայ վիլայեթներում ոտքի կանգնած հայ ժողովուրդը՝ իր շարժումները պիտի ծավալի նաև Անդսրկովկասում և հայկական ինքնավարության պատնեշները ցցի Ռուսիայի առաջխաղացության առջև»[35]։ Նման հեռանկարն, ըստ Տեր-Մինասյանի, չէր կարող Ռուսաստանի հավանությանն արժանանալ, քանի որ Ռուսաստանին «անհրաժեշտ էին թուրքահայ հողերը, բայց միայն... առանց հայերի»[35]։ Բացի այդ, ըստ Տեր-Մինասյանի, Թուրքիայում «հայկական կոտորածներից մի քանիսը կատարվել են թուրքական ձեռքերով և ռուսական ներշնչումով»[35]։ Տեր-Մինասյանի կարծիքով, Ռուսաստանը թուրքական իշխանության միջոցով «առանց իր ձեռքերը արյունոտելու, հարվածում, թուլացնում և կոտորում էր հայերին, և այսպիսով, իր թիկունքն ապահովելով Անդրկովկասում, ճանապարհ բանում դեպի հայկական ամբողջ բարձրավանդակը, դեպի Միջերկրական»[35]։
1908 թվականին Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ II-ը գահընկեց արվեց և աքսորվեց Սալոնիկ։ Իշխանության եկավ Երիտթուրքական կուսակցությունը, որը վերագործարկեց դեռևս 1876 թվականին ընդունված օսմանյան սահմանադրության գործողությունը, կասեցրեց գրաքննությունը, հայտարարեց քաղաքական հալածանքների դադարեցման մասին։ 1909 թվականի մարտին Աբդուլ Համիդի կողմնակիցները Ստամբուլում խռովություն բարձրացրին՝ փորձելով վերականգնել սուլթանի իշխանությունը։ Դրանից ոգևորված մոլեռանդ մուսուլմանները Կիլիկիայի Ադանա քաղաքում նախաձեռնեցին հայերի կոտորած։ Իշխանությունները միջամտեցին միայն երկու օր անց, երբ արդեն սպանվել էին հազարավոր հայեր։ Քաղաք ժամանած բանակային ստորաբաժանումները փոխանակ կասեցնելու ջարդերը, ընդհակառակը, միացան ջարդարարնեին՝ հարձակվելով քաղաքի հայկական թաղամասի վրա, որն ամբողջությամբ հրկիզվեց։ Ջարդերն անցան Կիլիկիայի այլ հայաբնակ բնակավայրերում՝ հասնելով Մարաշ և Քեսաբ[36][37]։
1908 թվականի սահմանադրական հեղափոխությունից հետո երիտթուրքերը ճանաչեցին Աբդուլ Համիդի կողմից հայկական բնակչության հողերի բռնագրավման փաստը, բայց նրանք նաև շարունակեցին խրախուսել հայաբնակ տարածքներում մուջահիրների վերաբնակեցումը։ Ռուս պատմաբան Եվգենի Տառլեն նշել է, որ երիտթուրքերը իշխանության գլուխ անցան այն հաստատ համոզմամբ, որ «ազգային հարցերը կլուծեն բոլոր ազգությունների ֆիզիկական ոչնչացմամբ, բացի թուրքերից և նրանցից, ովքեր կհամաձայնվեն անհապաղ դառնալ թուրք»։ Նրանք հայտարարեցին, որ Օսմանյան կայսրությունում այլևս «չկան» հայ, հույն, արաբ և այլն, որ այնտեղ ապրող բոլոր ազգությունները «օսմանցի» են և պետք է դառնան թուրքեր, հակառակ դեպքում «մենք նրանց կկոտորենք»[38]։ 1909-1914 թվականների ընթացքում բալկանյան տարածքների կորստի և Անատոլիայում 400000 մուհաջիրների բնակեցման արդյունքում ավելացավ կայսրությունում մուսուլմանների տեսակարար կշիռը, որոնք դարձան ճնշող մեծամասնություն (19-րդ դարի կեսերին ոչ մուսուլմանները կազմում էին բնակչության 56 %-ը)։ Տեսնելով երիտթուրքերի դժկամությունը լուծելով օսմանահպատակ հայերի առջև ծառացած խնդիրները՝ անցկացնել բարեփոխումներ, վերադարձնել սուլթան Աբդուլ Համիդի իշխանության տարիներին հայերից բռնագրավված հողերը և այլն՝ հայկական քաղաքական կուսակցությունները դադարեցրեցին համագործակցությունը Իթթիհաթ կուսակցության հետ և կրկին դիմեցին օգնության խնդրանքով եվրոպական տերություններին։ Ռուսական կայսրության աջակցությամբ 1914 թվականին թուլացած Օսմանյան կայսրությանը պարտադրվեց հայկական բարեփոխումների նախագիծ, ըստ որի նախատեսվում էր հայկական վեց նահանգներից և Տրապիզոն քաղաքից ստեղծել երկու գոտի, որոնք պետք է ղեկավարվեին Բարձր դռան հետ համաձայնեցված եվրոպական տերությունների ներկայացուցիչների կողմից[39][40][41]։
Ըստ պատամգիտական գրականության մեջ ընդունված տվյալի` 1914 թվականին Թուրքիայում ապրում էր մոտ 2, 5 միլիոն հայ[42] (օսմանյան պաշտոնական, իրականությանը չհամապատասխանող վիճակագրությամբ՝ ընդամենը 1,229,007 հայ)։ Նախքան Հայոց ցեղասպանությունը հայ բնակչության թվաքանակը նվազում էր նաև արտագաղթի հետևանքով։ Օսմանյան իշխանությունների հայահալած քաղաքականության հետևանքով հազարավոր հայեր ստիպված թողնում էին իրենց հայրենիքը՝ ապաստան փնտրելով Ռուսական կայսրությունում (Արևելյան Հայաստան և Կովկաս` մոտ 100 000), Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայի երկրներում (մոտ 200,000 մարդ), ինչպես նաև Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներում։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200,000 հայերի բռնի իսլամացման մասին[43][44][45]։