Հայոց ցեղասպանության ժխտում
From Wikipedia, the free encyclopedia
Հայոց ցեղասպանության ժխտում, որոշ երկրներում արգելված պնդումներ, համաձայն որոնց Թուրքիայում Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել, և կամ հայերի կոտորածները չեն կրել պետականորեն կազմակերպված բնույթ։ Այս տեսակետը, որ մասնավորապես պաշտպանվում է պաշտոնական Թուրքիայի կողմից, բազմիցս քննադատվել է ճանաչված պատմաբանների և ցեղասպանության մասնագետների ճնշող մեծամասնության կողմից որպես զուտ քաղաքականորեն պատճառաբանված կեղծ-պատմագիտական թեզ։
Հայոց ցեղասպանության՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը նոր հնարավորություններ է ընձեռում մարդկության դեմ ապագայում նորանոր ոճիրների իրականացման համար, ուստի հայության և համայն առաջադեմ մարդկության առջև ծառանում է Հայոց ցեղասպանության ժխտումը կանխելու և թույլ չտալու պատասխանատու խնդիրը։ Արգենտինան, Շվեյցարիան և Ուրուգվայը ընդունել են օրենքներ, որոնցով պատասխանատվություն է սահմանված Հայոց ցեղասպանության ժխտման համար։ 2006 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից օրենք ընդունվեց, որը Սենատի և նախագահի վավերացումից հետո թույլ կտա Հայոց ցեղասպանության ժխտումը դիտարկել որպես հանցագործություն։ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծ է պատրաստվում ընդունել նաև Սլովակիան։
Հայերի ցեղասպանության ժխտումը տարբերվում է մասնավոր անձանց կամ կազմակերպությունների կողմից իրականացվող ցեղասպանությունների ժխտման այլ տեսակներից նրանով, որ դրանք պաշտոնապես աջակցություն են ստանում Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև այդ երկրների պաշտոնական պատմաբանության կողմից։ Դա ակնածելի տեսք է ստանում և ակադեմիական շրջանակներում դառնում ավելի փաստարկված[Ն 1]։ Թուրքական կառավարության հիմնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում այն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի են ունեցել տեղահանություններ, այդ տեղահանությունների ժամանակ եղել են նաև բազմաթիվ զոհեր թե՛ հայկական, թե՛ թուրքական բնակչության մեջ, սակայն ծրագրված ցեղասպանություն՝ որպես այդպիսին չի եղել։
2012 թվականի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք, որը վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը։