Հղիություն (մարդ)
From Wikipedia, the free encyclopedia
Հղիություն, այն ժամանակաշրջանը, երբ կնոջ ներսում մեկ կամ մի քանի պտուղներ են զարգանում[1]։ Այն հայտնի է նաև որպես գեստացիա։ Բազմապտուղ հղիության դեպքում կինը կրում է մեկից ավելի պտուղներ, օրինակ՝ երկվորյակներ[2]։ Հղիություն կարող է առաջանալ սեռական հարաբերությունների արդյունքում, կամ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների օգնությամբ[3]։ Ծննդաբերությունը սովորաբար տեղի է ունենում վերջին դաշտանից 40 շաբաթ անց[1][4]։ Սա կազմում է 9 ամիս, որտեղ յուրաքանչյուր ամիսն ունի 31 օր[1][4]։ Բեղմնավորման օրից հաշվելու դեպքում հղիությունը տևում է 38 շաբաթ[4]։ Մինչև հղիության 8 շաբաթյա ժամկետը զարգացող էակին կոչում են սաղմ, իսկ 8-րդ շաբաթվանից հետո, մինչև ծննդաբերությունն այն կոչվում է պտուղ[4]։ Հղիության վաղ նշաններից են դաշտանային ցիկլի բացակայությունը, պնդացած կրծքերը, սրտխառնոցն ու փսխումը, քաղցի զգացողությունը և հաճախակի միզարձակությունը[5]։ Հղիությունը կարող է հայտնաբերվել հղիության թեստի միջոցով[6]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հղիություն (այլ կիրառումներ)
Հղիություն Gestatio | |
---|---|
Կնոջ օրգանիզմում զարգացող պտուղը կրելու ժամանակահատվածը | |
Տեսակ | ֆիզիոլոգիական վիճակ |
Պատճառ | սեռական հարաբերություններ, արհեստական բեղմնավորում |
Հիվանդության ախտանշաններ | Դաշտանային ցիկլի բացակայություն, պնդացած կրծքեր, սրտխառնոց, փսխում, հաճախացած միզարձակություն |
Հետևանք | Ծննդաբերութուն |
Բժշկական մասնագիտություն | Մանկաբարձություն, գինեկոլոգիա |
ՀՄԴ-9 | 650 |
ՀՄԴ-10 | Z33 |
Հոմանիշներ | գեստացիա |
Ախտորոշում | հղիության թեստ |
Բուժում | նախածննդյան խնամք |
Բարդություններ | վիժում, զարկերակային բարձր ճնշում, գեստացիոն դիաբետ, երկաթ-դեֆիցիտային անեմիա, ծանր սրտխառնոց և փսխում |
Կանխարգելում | հակաբեղմնավորիչներ, աբորտ |
Տևողություն | մոտ 40 շաբաթ վերջին դաշտանից |
Human pregnancy Վիքիպահեստում |
Սովորաբար հղիության ընթացքը բաժանվում է 3 եռամսյակների[1]։ Առաջին եռամսյակը տևում է մինչև 12-րդ շաբաթը և ներառում է նաև բեղմնավորումը (սպերմատոզոիդի թափանցումը ձվաբջջի մեջ)[1]։ Բեղմնավորված ձվաբջիջն այնուհետև շարժվում է արգանդափողով և ամրանում արգանդի լորձաթաղանթին, որտեղ սկսվում են ձևավորվել սաղմն ու ընկերքը[1]։ Առաջին եռամսյակի ընթացքում վիժելու (սաղմի բնական մահվան) հավանականությունն ամենամեծն է[7]։ Երկրորդ եռամսյակը 13-րդ շաբաթից մինչև 28-րդ շաբաթն ընկած ժամանակահատվածն է[1]։ Երկրորդ եռամսյակի կեսին հնարավոր է զգալ պտղի շարժումները[1]։ 28-րդ շաբաթից սկսած վաղաժամ ծնված երեխաների 90%-ը կարող են կենդանի մնալ, եթե ապահովվի բարձր որակի բժշկական խնամք[1]։ Երրորդ եռամսյակը ներառում է 29-րդից մինչև 40-րդ շաբաթները[1]։
Նախածննդյան խնամքը մեծացնում է հղիության դրական ելքի հավանականությունը[8]։ Այն կարող է ներառել ֆոլաթթվի ընդունումը, ալկոհոլից և դեղորայքից խուսափելը, կանոնավոր մարմնամարզությունը, արյան հետազոտությունները և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը[8]։ Հղիության բարդություններից են արյան ճնշման բարձրացումը, գեստացիոն շաքարախտը, երկաթ պակասորդային սակավարյունությունը, ծանր սրտխառնոցն ու փսխումը և այլն[9]։ Իդեալական ծննդաբերությունը սկսվում է ինքնուրույն, երբ գալիս է ժամանակը[10]։ Հղիությունը համարվում է նորմալ ժամկետային, եթե տևում է 39-41 շաբաթ[1]։ 41-րդ շաբաթվանից հետո ծննդաբերությունը համարվում է ուշ, իսկ 42-րդ շաբաթից հետո՝ ուշացած[1]։
37-րդ շաբաթվանից ավելի վաղ լույս աշխարհ եկած երեխաները համարվում են վաղաժամ ծնվածներ[1]։ Վաղաժամ ծնված նորածիններն ունեն առողջական խնդիրների ավելի բարձր ռիսկ (գլխուղեղի կաթված)[1]։ 39-րդ շաբաթվանից վաղ միջամտություններն ու կեսարյան հատումը խորհուրդ չեն տրվում, եթե առկա չեն բժշկական ցուցումներ[11]։ 2012 թվականին գրանցվել է հղիության 213 միլիոն դեպք, որոնցից 190 միլիոնը (89%) զարգացող երկրներում, իսկ 23 միլիոնը (11%)՝ զարգացած երկրներում[12]։ 15-44 տարեկան յուրաքանչյուր 1000 կնոջից հղի են 133-ը[12]։ Հղիությունների 10-15%-ն ավարտվում է վիժումով[7]։ 2016 թվականին հղիության բարդությունները հանգեցրել են 230.600 մահվան, իսկ 1990 թվականին այդ ցուցանիշը կազմել է 377.000[13]: Հիմնական պատճառներն են՝ արյունահոսությունը, վարակները, հղիության բարձ արյան ճնշումով ուղեկցվող հիվանդությունները, խանգարող միջոցառումները և վիժման, արտարգանդային հղիության ու ընտրողական աբորտի հետ կապված բարդությունները[14]։ Հղիությունները 44%-ը չպլանավորված են[15]։ Չպլանավորված հղիությունների 56%-ն ավարտվում է աբորտով[15]։ Միացյալ նահանգներում հղիների 60%-ը հակաբեղմնավորիչ միջոցներ են օգտագործած լինում հղիության հայտնաբերման ամսում[16]։