Ձվարանի քաղցկեղ
From Wikipedia, the free encyclopedia
Ձվարանի քաղցկեղ՝ ձվարանների հյուսվածքներից ծագող ուռուցք է[3][9]։ Այդ դեպքում առաջանում են ոչ նորմալ բջիջներ, որոնք կարող են ներաճել կամ մետաստազվել մարմնի այլ հատվածներ[10]։ Այս գործընթացի սկզվում ախտանիշները կարող են բացակայել[2]։ Քաղցկեղի զարգացման հետ մեկտեղ ախտանիշները ավելի շատ են աչքի ընկնում[2][11]։ Այդ ախտանիշներն են փորափքանքը, կոնքային ցավը, որովայնի ուռածությունը, ախորժակի կորուստը[2]։ Ուռուցքը կարող է տարածվել որովայնամիզ, ավշային հանգույցներ, թոքեր և լյարդ[12]։
Ձվարանի քաղցկեղ | |
---|---|
Ձվարանի լորձային կարցինոմայի մանրադիտակային պատկեր, որը ներկված է հեմատոքսիլին-էոզինով։ | |
Տեսակ | Ձվարանի կարցինոմա, սեռական բջիջների ուռուցք, ստրոմալ ուռուցք[1] |
Հիվանդության ախտանշաններ | Վաղ։ աղոտ[2] Ուշ։ փորափքանք, կոնքային ցավ, որովայնի ուռածություն, ախորժակի կորուստ[2] |
Բժշկական մասնագիտություն | Ուռուցքաբանություն, գինեկոլոգիա |
Ռիսկի գործոններ | Անպտղություն, հորմոնային բուժում դաշտանադադարից հետո, ճարպակալում, ժառանգականություն[1][3][4] |
Ախտորոշում | Հյուսվածքի բիոպսիա[2] |
Բուժում | Վիրահատություն, ճառագայթային բուժում, քիմիոթերապիա[2] |
Սկիզբը | Ախտորոշվում է հաճախ 63 տարեկանում[5] |
Կանխատեսում | Հինգ տարվա ապրելիություն մոտ 45% (ԱՄՆ)[6] |
Հանդիպման հաճախականություն | 1.2 միլիոն (2015)[7] |
Մահերի քանակ | 161,100 (2015)[8] |
Ovarian cancer Վիքիպահեստում |
Ռիսկը ավելի մեծ է այն կանանց մոտ, որոնց մոտ իրենց կյանքի ընթացքում ավելի շատ է եղել օվուլյացիա (ձվազատում)։ Սովորաբար այդ կանանց մոտ կա անպտղություն, ավելի փոքր տարիքից սկսված օվուլյացիա, ուշ տարիքում եղած դաշտանադադար[1]։ Այլ ռիսկի գործոններից են հորմոնային բուժումը դաշտանադադարից հետո, անպտղության դեմ դեղորայքները և ճարպակալումը[3][4]։ Ռիսկը իջեցնում է հղիության հորմոնային կարգավորումը, փողերի կապումը, կրծքով կերակրումը[4]։ Դեպքերի 10%-ը լինում է ժառանգական։ BRCA1 կամ BRCA2 մուտացիա ունեցող կանանց մոտ կա քաղցկեղի զարգացման մոտ 50% ռիսկ[1]։ Ձվարանի կարցինոման ձվարանի քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տեսակն է և կազմում է դեպքերի 95%-ը[1]։ Ձվարանի կարցինոման ունի 5 ենթատեսակ, որոնցից ամենահաճախը բարձր աստիճանի սերոզ կարցինոման է[1]։ Այս ուռուցքները սկսվում են ձվարանները պատող բջիջներից[1], իսկ որոշները առաջանում են ֆալոպյան փողերից[13]։ Ավելի հազվադեպ հանդիպող տեսակներից են սեռական բջիջների ուռուցքները և ստրոմալ ուռուցքները[1]։ Ձվարանի քաղցկեղի ախտորոշումը հաստատվում է հյուսվածքի բիոպսիայով, որը ստանում են վիրահատության ժամանակ[2]։
Միջին ռիսկով կանանց դեպքում սկրինինգային հետազոտություն կատարելը խորհուրդ չի տրվում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սկրինինգը չի իջեցնում մահվան հաճախականությունը, իսկ երբեմն նույնիսկ կեղծ դրական արդյունքների պատճառներով կատարվում են անիմաստ վիրահատություններ, որոնք ունեն իրենց ռիսկերը[14]։ Բարձր ռիսկով կանանց դեպքում որպես կանխարգելում կատարում են ձվարանի հեռացում[3]։ Վաղ փուլում ախտորոշելու դեպքում հաճախ բուժելի է լինում[2]։ Բուժումը իրենից ներկայացնում է վիրահատության, ճառագայթային բուժման և քիմիոթերապիայի համակցում[2]։ Ելքը կախված է հիվանդության տևողությունից, առկա քաղցկեղի ենթատիպից և այլ առկա հիվանդություններից[1][15]։ ԱՄՆ-ում 5 տարվա ապրելիությունը կազմում է 45%[6] Զարգացող երկրներում ելքը ավելի վատ է լինում[1]։
2012 թվականին հայտնաբերվել են նոր դեպքեր 239,000 կանանց մոտ[1]։ 2015 թվականին այն առկա է եղել 1.2 միլիոն կանանց մոտ և արդյունքում գրանցվել է 161,100 մահ ամբողջ աշխարհում[7][8]։ Այն կանանց մոտ հաճախականությամբ 7-րդ քաղցկեղն է և քաղցկեղից մահվան պատճառներում գրավում է 8-րդ տեղը[1]։ Սովորաբար ախտորոշվում է 63 տարեկանում[5]։ Ձվարանի քաղցկեղից մահեր ավելի շատ գրանցում են Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, իսկ Աֆրիկայում և Ասիայում ավելի քիչ[1]։