Մասնակից:Սոնա Խոսրովյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մեքսիկայի տնտեսությունը զարգացող խառը տնտեսություն է[1]։ Այն աշխարհի երկրների անվանական ՀՆԱ-ի ցուցակում 14-րդն է, ըստ ՀՆԱ-ի ցուցակի՝ 11-րդը[2][3][4]։ 1994 թվականի ճգնաժամից հետո վարչակազմերը բարելավել են երկրի մակրոտնտեսական հիմունքները: 2002 թվականի հարավամերիկյան ճգնաժամը էական ազդեցություն չի ունեցել Մեքսիկայի վրա, և այն պահպանել է աճի դրական, չնայած ցածր տեմպերը 2001 թվականի լճացման կարճ ժամանակահատվածից հետո: Այնուամենայնիվ, Մեքսիկան Լատինական Ամերիկայի այն երկրներից մեկն է եղել, որն ամենից շատն է տուժել 2008 թվականի անկումից, որի ընթացքում դրա համախառն ներքին արդյունքը կրճատվել է ավելի քան 6%-ով:
Վիճակագրություն |
---|
Մեքսիկայի տնտեսությունը պահպանում է մակրոտնտեսական կայունության բարձր մակարդակ, ինչը թույլ է տալիս նվազեցնել գնաճն ու տոկոսադրույքները մինչև ռեկորդային ցածր մակարդակի: Չնայած դրան, զգալի անջրպետ կա քաղաքային և գյուղական բնակչության, հյուսիսային և հարավային նահանգների, հարուստների և աղքատների միջև[5]: Չլուծված հարցերի թվում են ենթակառուցվածքների, հարկային համակարգի և աշխատանքային օրենսդրության արդիականացումը, ինչպես նաև եկամուտների անհավասարության նվազումը: Հարկային եկամուտները, որոնք 2013 թվականին կազմել են ՀՆԱ-ի ընդհանուր 19,6% -ը, ամենացածրն են եղել ՏՀԶԿ-ի 34 երկրների շարքում այդ ժամանակահատվածի համար[6]: 2022 թվականի դրությամբ ՏՀԶԿ-ին անդամակցել են 38 երկրներ[7]։ Մեքսիկայի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն են աղքատության մակարդակը և տարածաշրջանային անհավասարությունը: Արտադրողականության աճը սահմանափակվել է ֆինանսական մեկուսացման և կոռուպցիայի պատճառով: Աճի միջնաժամկետ հեռանկարների վրա ազդել է նաև աշխատուժի մեջ կանանց մասնաբաժնի նվազումը, իսկ ներդրումները 2015 թվականից ի վեր աննշան են եղել:
Երկրի տնտեսությունը ներառում է արագ զարգացող ժամանակակից արդյունաբերության և ծառայությունների ոլորտի բաժիններ, որոնցում մեծ տեղ է գրավում մասնավոր սեփականության մասնաբաժինը: Վերջին վարչակազմերը ընդլայնել են մրցակցությունը նավահանգիստներում, երկաթուղիներում, օդանավակայաններում, հեռահաղորդակցության ոլորտում, էլեկտրաէներգիայի արտադրության, բնական գազի բաշխման ոլորտներում՝ ենթակառուցվածքների արդիականացման նպատակով: Քանի որ Մեքսիկայի տնտեսությունը կենտրոնացած է արտահանման վրա, առևտրի ավելի քան 90%-ն իրականացվում է ազատ առևտրային համաձայնագրերի (FTA) միջոցով ավելի քան 40 երկրների, այդ թվում՝ Եվրամիության, Ճապոնիայի, Իսրայելի և Կենտրոնական և Հարավային Ամերիկայի մեծ մասի հետ: Ազատ առևտրի ամենաազդեցիկ համաձայնագիրը Միացյալ Նահանգների, Մեքսիկայի և Կանադայի միջև համաձայնագիրն է (USMCA), որն ուժի մեջ է մտել 2020 թվականին և ստորագրվել է 2018 թվականին Միացյալ Նահանգների, Կանադայի և Մեքսիկայի կառավարությունների կողմից: 2006 թվականին Մեքսիկայի երկու հյուսիսային գործընկերների հետ առևտուրը կազմել է նրա արտահանումների գրեթե 90%-ը և ներմուծման 55%-ը[8]։ Վերջերս Մեքսիկայի կոնգրեսը հաստատել է հարկային, կենսաթոշակային և դատական կարևոր բարեփոխումները: 2023 թվականին Մեքսիկայում եղել է 13 ընկերություն, որոնք ընդգրկված են եղել Forbes Global 2000-ի աշխարհի խոշորագույն ընկերությունների համաշխարհային ցուցակում[9][10]։
Մեքսիկան անհավասարության ծայրահեղ բարձր մակարդակ ունեցող երկիր է. բնակչության 0,2%-ը տիրապետում է երկրի հարստության 60%-ին, մինչդեռ 2024 թվականի տբյալներով 46,8 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ[11]: