Մասնակից:Khvahe1997/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Լայմի հիվանդություն, հայտնի է նաև, որպես Լայմի բորելիոզ, վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է բորելիա բակտերիայով, որը տարածվում է տզերով[1]։ Վարակի ամենահաճախ հանդիպող նշանը մեծացող մակերեսով մաշկի կարմրությունն է, որը կոչվում է էրիթեմա միգրանս, որն առաջանում է տզի խայթոցի հատվածում, վերջինիս խայթելուց հետո մոտ 1 շաբաթ անց[2]։ Ցանը հիմնականում ոչ քորվող է, ոչ ցավոտ[2]։ Վարակված անձանց 70-80%-ի մոտ զարգանում է ցան[2]։ Այլ վաղ հանդիպող նշաններից են տենդը, գլխացավը և հոգնածությունը[2]։ Եթե չբուժվեց, կարող են դիտվել դեմքի մեկ կամ երկու կեսերի շարժման անհնարինություն, հոդացավեր, պարանոցային կարկամությամբ ծանր գլխացավեր, սրտխփոց և այլն[2]։ Ամիսներ և տարիներ անց կարող են դիտվել հոդացավերի և հոդերի այտուցի կրկնվող դրվագներ[2]։ Երբեմն, կարող է դիտվել նաև ձեռքերի և ոտքերի սուր ցավեր կամ ծակծկոցներ[2]։ Չնայած բուժմանը, մոտ 10-20% դեպքերում հոդացավերը, հիշողության խնդիրները և հոգնածությունը պահպանվում են առնվազն 6 ամսվա ընթացքում[2][3]։
Khvahe1997/Ավազարկղ |
---|
Լայմի հիվանդությունը մարդուն փոխանցվում է Իքսոդես ցեղին պատկանող վարակված տզի խայթոցից[4]։ ԱՄՆ-ում հանդիպող հիմնական տեսակը Ixodes scapularis-ն է, որը բակտերիայի տարածման համար մարդուն կպած պետք է լինի առնվազն 36 ժամ[5]։ Եվրոպայում Ixodes ricinus-ն ավելի արագ է տարածում բակտերիան[6][7]։ Հյուսիսային ամերիկայում հարուցիչը Borrelia burgdorferi -ն և Borrelia mayonii-ն են[1][8]։ Եվրոպայում և Ասիայում հիվանդությունը հարուցում են նաև Borrelia afzelii-ն և Borrelia garinii-ն[1]։ Հիվանդությունը չի փոխանցվում մարդուց մարդուն, այլ կենդանիներով կամ սննդի միջոցով[5]։ Ախտորոշումը հիմնված է ախտանշանների համակցման, տզի խայթելու պատմության և հնարավոր է նաև արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների հայտնաբերման վրա[9][10]։ Հիվանդության վաղ փուլերում արյան հետազոտությունները հիմնականում բացասական են լինում[1]։ Առանձին տզերի հետազոտությունը այնքան էլ հարմար չէ ախտորոշման տեսանկյունից[11]։
Կանխարգելման համար պետք է զերծ մնալ տզի խայթոցից, օրինակ՝ ձեռքերը և ոտքերը ծածկող հատուկ հագուստ կրելով և դիէթիլտոլուամիդային հիմքով միջատասպաններ օգտագործելով[1]։ Պեստիցիդներով տզերի քանակի կրճատումը նույնպես արդյունավետ է[1]։ Տիզը կարելի է հեռացնել ունելիով[12]։ Եթե հեռացվող տիզը արյունով լցված է, վարակի առաջացման կանխարգելման համար կարելի է կիրառել 1 դեղաչափ դոքսիցիկլին, բայց քանի որ հիվանդության զարգացումը հազվադեպ է դիտվում, հիմնականում խորհուրդ չի տրվում[1]։ Հիվանդության զարգացման դեպքում կարելի է կիրառել մեծ քանակությամբ հակաբիոտիկներ, որոնք արդյունավետ են այս հիվանդության համար, ներառյալ՝ դոքսիցիկլինը, ամոքսիցիլինը և ցեֆուրոքսիմը[1]։ Ստանդարտ բուժումը տևում է երկուսից երեք շաբաթ[1]։ Որոշ մարդկանց մոտ բուժման ժամանակ դիտվում է տենդ, մկանային և հոդային ցավեր, որոնք անցնում են մեկ երկու օրվա ընթացքում[1]։ Մշտական ախտանշաններով հիվանդների մոտ երկարատև հակաբիոտիկային բուժումն անարդյունավետ է[1][13]։
Լայմի հիվանդությունը հյուսիսային կիսագնդում տզերով փոխանցվող ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է[14]։ Ըստ առկա տվյալների ԱՄՆ-ում տարեկան մոտ 300,000, իսկ եվրոպայում՝ մոտ 65,000 մարդ վարակվում է այս հիվանդությամբ[1][15]։ Վարակն առավել հաճախ հանդիպում է գարնանը և վաղ ամռանը[1]։ Որպես առանձին հիվանդություն, Լայմի հիվանդությունը առաջին անգամ ախտորոշվել է 1975թ․-ին Կոնեկտիկուտ նահանգի Հին Լայմում[16]։ Սկզբում հիվանդությունը ընդունում էին, որպես յուվենիլ ռևմատոիդ արթրիտ[16]։ Բակտերիան առաջին անգամ նկարագրվել է 1981թ․-ին Վիլլի Բուրգդորֆերի կողմից[17]։ Բուժումից հետո դիտվող քրոնիկական ախտանշանները ներառված են Լայմի հիվանդության հետբուժումային համախտանիշի մեջ (ԼՀՀԲՀ)[13]։ ԼՀՀԲՀ-ն տարբերվում է քրոնիկական Լայմի հիվանդությունից․ այս տերմինը այլևս չի ընդունվում գիտական հանրության կողմից սակայն որոշ խմբեր շարունակում են այն օգտագործել[13]։ Որոշ առողջապահության կազմակերպիչներ պնդում են, որ ԼՀՀԲՀ-ն պայմանավորված է պերսիստենտ վարակով, սակայն այս պնդումը հստակ չի կարող ապացուցվել, քանի որ ստանդարտ բուժումից հետո վարակիչ օրգանիզմների հայտնաբերումն անհնար է[18]։ ԱՄՆ-ում լայմի հիվանդության պատվաստանյութը վաճառքի հանվեց 1998-2002թթ․-ին, սակայն դուրս է մղվել շուկայից վատ վաճառքի պատճառով[1][19]։ Հետազոտություններ են կատարվում նոր պատվաստանյութ ստեղծելու համար[1]։