Մարշալյան կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Մարշալյան կղզիներ (մրշ․՝ Aolepān Aorōkin M̧ajeļ, անգլ.՝ Marshall Islands), կղզեխումբ, Միացյալ Նահանգների հետ ասոցիացված պետություն Խաղաղ օվկիանոսյան Միկրոնեզիայում։ Արևմուտքում և հարավ-արևմուտքում սահմանակցում է Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների տարածքային ջրերին, հարավ-արևմուտքում` Կիրիբատիի տարածքային ջրերին, մյուս կողմերից՝ Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերին։ Ափամերձ հատվածի երկայնությունը 370,4 կմ է։ Մարշալյան Կղզիներ Հանրապետությունը գտնվում է 29 ատոլների և Մարշալյան կղզու կղզեխմբի 5 կղզիների վրա, որոնք կազմված են Ռալիկ և Ռատիկ կղզաշղթաներից։ Ցամաքի ընդհանուր մակերեսը կազմում է 181,3 կմ², ծովալճակներով ծածկված տարածքը՝ 11 673 կմ²։ Մարշալյան Կղզիների բնակչությունը կազմում է 53 158 մարդ (2011 թվականի մարդահամար)[5][6][7]։ Մայրաքաղաքը Մաջուրոն է։
Առաջին կղզին, որը հայտնաբերել են եվրոպացիները, Բոկակ ատոլն է, որը 1526 թվականին հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ալոնսո դե Սալասարը։ Հետագայում Մարշալյան Կղզիները հերթականությամբ դառնում էին տարբեր գաղութային տերությունների տարածք։ 1886 թվականին՝ Գերմանիայի, 1914 թվականին՝ Ճապոնիայի, որը շարունակեց կղզիների ղեկավարումը Առաջին համաշխարհային պատերազմից հետո արդեն Ազգերի լիգայի մանդատով։ 1947 թվականին ԱՄՆ ղեկավարության տակ ընդգրկվել է ՄԱԿ-ի ենթակա տարածքների կազմի մեջ։ Մարշալյան Կղզիները` որպես պետական կազմավորում, ձևավորվել են 1983 թվականին։ 1986 թվականից Կղզիները ԱՄՆ-ի հետ գտնվում են «ազատ ասոցացման» մեջ։ Մարշալյան Կղզիներ Հանրապետությունը ՄԱԿ-ի, Հարավխաղաղօվկիանոսյան կոմիտեի և Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի անդամ է։