Մեծ Հայք
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Հայք, հայտնի է նաև որպես Մեծ Հայքի թագավորություն, Հայոց թագավորություն, Հայկական աշխարհակալություն, Հայկական կայսրություն (լատին․՝ Armenia Maior), հինաշխարհյան և վաղմիջնադարյան շրջանի հայկական թագավորություն Հայկական լեռնաշխարհում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականը։ Հիմնադրել է Հայաստանի սատրապ Երվանդ Գ-ն, ով Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Մեծ Հայքը հռչակել է անկախ պետություն։ Երվանդունիներն իրենց աթոռանիստն են դարձնում Վանի թագավորության օրոք հիմնադրված Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերանվանվում է Արմավիր։
Մեծ Հայք | ||||
Մեծ Հայքի թագավորությունն իր հզորության գագաթնակետին՝ Տիգրան Բ Մեծի օրոք | ||||
Պետական կարգ | թագավորություն կայսրություն (Տիգրան Բ Մեծի օրոք) | |||
Մայրաքաղաք | Արմավիր (մ․թ․ա․ 331-210) Երվանդաշատ (մ․թ․ա․ 210-176) Արտաշատ (մ․թ․ա․ 176-77, 69-120) Տիգրանակերտ (մ․թ․ա․ 77-69) Վաղարշապատ (մ․թ․ա․ 120-330) Դվին (մ․թ․ա․ 336-428) | |||
Թագավորանիստ ոստան | ||||
Պետության գլուխ | արքա
| |||
Արքայատոհմ | Երվանդունիներ Արտաշեսյաններ Արշակունիներ | |||
Լեզու | հայերեն (հիմնական լեզու) հունարեն արամեերեն պարսկերեն (պարթևերեն, պահլավերեն) | |||
Կրոն | զրադաշտականություն[1]
քրիստոնեություն (301 թվականից) | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | հին աշխարհ, միջնադար | |||
Հասարակարգ | ստրկատիրական, ավատատիրական | |||
Հիմնադրում | Մ.թ.ա. 331 թվական | |||
Հզորության գագաթնակետ | Տիգրան Մեծի արքայություն (մ․թ․ա․ 95-մ․թ․ա․ 55) | |||
Անկում | 428 թվական (Արշակունյաց թագավորության անկում) | |||
Ժամանակագրական հաջորդականություն | ||||
- մ․թ․ա․ 331 թվական | Առաջին հիշատակումը որպես անկախ վարչական միավոր | |||
- մ․թ․ա․ 189 թվական | Արտաշեսյանների արքայատոհմի հաստատում հայոց գահին | |||
- մ․թ․ա․ 94-մ․թ․ա․ 66 | Տիգրան Մեծի աշխարհակալություն | |||
- 52 թվական | Արշակունիների արքայատոհմի հաստատում հայոց գահին | |||
- 301 թվական | Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն | |||
- 405 թվական | Հայոց գրերի ստեղծում | |||
- 428 թվական | Մեծ Հայքի զավթում պարսիկների կողմից | |||
Ներկայիս տարածքում | Հայաստան Արցախի Հանրապետություն Վրաստան Աբխազիա Հարավային Օսիա Թուրքիա Ադրբեջան Իրան Սիրիա Իրաք Լիբանան Իսրայել Պաղեստին Հորդանան Եգիպտոս Քուվեյթ Սաուդյան Արաբիա Աֆղանստան Թուրքմենստան Ուզբեկստան | |||
| ||||
Պատմության պորտալ |
Մագնեսիայի ճակատամարտում սելևկյան բանակի ջախջախումից հետո մ․թ․ա․ 189 թվականին Արտաշես Ա-ն հռչակվում է հայոց արքա՝ վերականգնելով անկախ պետականությունը։ Վերջինս միավորում է Մեծ Հայքի գրեթե բոլոր նահանգները (բացառությամբ Ծոփքի), ստեղծում կայուն և մարտունակ բանակ, իր հաջորդներին թողնում տնտեսապես զարգացած պետություն։ Մեծ Հայքի թագավորությունը սակայն իր հզորության գագաթնակետին է հասնում Տիգրան Բ Մեծի օրոք (մ․թ․ա․ 95-մ․թ․ա․ 55)․ Տիգրանյան նվաճումների արդյունքում ստեղծվում է Հայկական աշխարհակալությունը (կայսրությունը), որը ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս, Կասպից ծովից մինչև Միջերկրական։ Տիգրանը պարթևներից խլում է «արքայից արքա» տիտղոսը՝ Մեծ Հայքը դարձնելով արևելքի հզորագույն թագավորությունը ։ Սակայն հետագա տարիներին շարունակվող հռոմեա-պարթևական հակամարտությունն էական վնաս է հասցնում Մեծ Հայքին, որն էլ անկում է ապրում մ․թ․ 1 թվականին՝ Տիգրան Դ-ի մահվանից հետո։
Արտաշեսյանների թագավորության անկումից հետո կես դարից ավելի Մեծ Հայքում հաջորդաբար իշխում են Հռոմի և Պարթևստանի դրածոները։ Արյունարբու պատերազմներից հետո՝ 66 թվականին, Ներոնը հայոց արքա է ճանաչում Տրդատ Ա Արշակունուն՝ Վաղարշ Ա-ի եղբորը։ Արդյունքում՝ հաստատվում է Արշակունիների ժառանգական իշխանությունը։ Տրդատ Գ Մեծի կառավարման տարիներին՝ 301 թվականին, Մեծ Հայքը առաջինն աշխարհում քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն։ Հաջորդ հարյուրամյակում, այս անգամ Վռամշապուհ արքայի կառավարման տարիներին, տեղի է ունենում հերթական դարակազմիկ իրադարձությունը և 405 թվականին Մեսրոպ Մաշտոցն իրագործում է հայոց գրերի գյուտը։ Մինչ այդ սակայն՝ 387 թվականին, Մեծ Հայքը բաժանվել էր Հռոմի և Սասանյան տերության ազդեցության գոտիների, մինչդեռ Արշակունիները չէին դադարում իշխել միացյալ հայոց հողերի վրա։ Արշակ Գ-ի մահից հետո հռոմեացիները վերացնում են արևմտահայկական թագավորությունը՝ այն միացնելով Փոքր Հայքի նահանգներին, իսկ պարսկական հատվածում Արշակունիները շարունակում են իշխել մինչև 428 թվականը։
Ալեքսանդր Մակեդոնացու «արևելյան» արշավանքի հետևանքով Հայաստանը դուրս եկավ Աքեմենյան պետության կազմից։ Երկիրը բաժանվեց 2 անհավասար մասերի՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։ Հետագայում Ծոփքը նույնպես առանձնացավ, ձևավորելով անկախ թագավորություն։ Նրան միացավ 4-րդ հայկական պետությունը՝ Կոմագենեն։ Երվանդ Գ-ն դարձավ նորանկախ պետության առաջին թագավորը։
Այսպիսով՝ Երվանդ արքան վերականգնում է մ.թ.ա. 6-րդ դարի վերջին Աքեմենյանների միջամտությամբ ընդհատված հայկական անկախ պետականությունը։ Հայկական թագավորությունն ընդգրկել է հիմնականում նախկին սատրապության տարածքը։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից ձգվել են մինչև Կուր գետը, Տիգրիս գետից՝ մինչև Պոնտոսի լեռները։ Հաշվի առնելով Վանի աշխարհագրական անբարենպաստ դիրքը և սահմաններին մոտ գտնվելը, հայոց արքան մայրաքաղաքը տեղափոխում է հյուսիս՝ Արարատյան դաշտ։ Ուրարտական Արգիշտիխինիլի քաղաքի տեղում կառոուցվում է հայկական Արմավիրը։ Այստեղ կառուցվում են պալատներ, հեթանոսական տաճարներ։
Երվանդի թագավորությունը եռանդուն մասնակցել է Առաջավոր Ասիայի քաղաքական կյանքին։ Նրա օգնությամբ Կապադովկիայի թագավոր է հռչակվել նախկին սատրապ Արիարաթեսը։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Առաջավոր Ասիայում ստեղծված իրավիճակում Երվանդը համակրել է այն խմբավորման առաջնորդներին, որոնք փորձել են պահպանել մակեդոնական տիրակալության ամբողջությունը և երաշխավորել Աքեմենյաններից անկախացած պետությունների ինքնուրույնությունը։
Մ.թ.ա. 3-րդ դարի վերջին հիմնվում է Հայաստանի երրորդ մայրաքաղաքը՝ Երվանդաշատը։ Այն կառուցվում է Ախուրյան և Արաքս գետերի միախառնման տեղում։ Այստեղ է տեղափոխվում հայկական արքունիքը, ինչպես նաև՝ Արմավիրի բնակչության մի մասը։ Կառուցվում են այլ քաղաքներ՝ Զարեհավանը, Զարիշատը, Սամոսատը, Արշամաշատը և այլն։
Հայկական թագավորությունները պայքարում էին Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո ստեղծված Սելևկյանների թագավորության դեմ։ Մ.թ.ա. 201 թվականին Անտիոքոս III Մեծի հրամանով երկու հայ զորավարներ՝ Արտաշեսն ու Զարեհը, գրավում են Մեծ Հայքն ու Ծոփքը։ Մայրաքաղաք Երվանդաշատի պաշարման ժամանակ զոհվում է վերջին Երվանդյան թագավորը՝ Երվանդ Դ-ն։ Արտաշեսը նշանակվում է Մեծ Հայքի ստրատեգոս, իսկ Ծոփքի ստրատեգոս նշանակվում է Զարեհը։ Այս իրավիճակը տևում է 10 տարի։
Մ.թ.ա. 190 Մագնեսիայի ճակատամարտից (որտեղ Սելևկյան թագավորությունը ջախջախվեց Հռոմի Հանրապետության կողմից) և Ապամեայի հաշտության պայմանագրի կնքումից հետո, Արտաշեսն ու Զարեհը իրենց հայտարարեցին անկախ թագավորներ համապատասխանաբար՝ Մեծ Հայքում և Ծոփքում։
Արտաշես Ա
Մինչև Արտաշես Ա-ի գահակալությունը հարևան երկրները, օգտվելով Մեծ Հայքի թուլացումից, զավթել էին նրա ծայրամասային երկրամասերը։ Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը։ Հատկապես եռանդուն էր գործում Արտաշեսը։ Նա ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն և Փոքր Հայքը։
Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափերը։ Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և մինչև Ուրմիո լճի արևմտյան ափերն ընկած հողերը։ Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք, որը զավթել էր հայկական հինավուրց Գուգարք նահանգը։ Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները։ Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել։ Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը։ Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը։
Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին։ Այստեղ, սակայն, հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը։
Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ։ Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Մեծ Հայքի մեծ մասի կառավարիչ», իսկ մի այլ պատմիչ՝ հույն աշխարհագետ Ստրաբոնը, գրում է, որ «Մեծ Հայքը... աճել է Արտաշեսի ջանքերով... և այստեղ բոլորը միալեզու են», այսինքն՝ հայալեզու են։ Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության։ Իսկ մ.թ.ա. 185 թվականին Արտաշես Ա-ն հիմնադրեց Արտաշատ մայրաքաղաքը։ մ.թ.ա. 183-մ.թ.ա. 179 թվականներին Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից՝ Պոնտոսի ու Փոքր Հայքի և մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև։ Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։ Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն։ Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին՝ հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով։ Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես Ա-ն Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան։ Արտաշես Ա-ն իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ ու բարգավաճ և ռազմապես հզոր երկիր։
Արտաշես Ա-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ Ա-ն, որը թագավորեց խաղաղությամբ։ Միայն կառավարման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական մի կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտություն կրեց։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել պարթևներին։
Տիգրան Մեծ
Արտավազդ Ա-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիրանը (Տիգրան Ա-ն, մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 95)։ Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնացել է շուրջ 20 տարի և հայրենիք է վերադարձել հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո։ Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ Պարթևաստանի Միհրդատ Բ թագավորին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող Յոթանասուն հովիտներ կոչված տարածքը։
Հայրենիք վերադառնալիս Տիգրան Բ-ն թագադրվեց Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։
Տիգրան Բ-ն (մ.թ.ա. 95 - մ.թ.ա. 55 թվականներ) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում։ Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր։ Արտաշես Ա-ն հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների։ Այժմ Տիգրան Բ-ն եռանդուն գործունեություն ծավալեց շարունակելու իր պապի միավորիչ քաղաքականությունը։ Մ.թ.ա. 94 թվականին Տիգրանի բանակները մտան Ծոփք և միացրեցին այն Մեծ Հայքի թագավորությանը։ Ծոփքի թագավորը սպանվեց. Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափերը։ Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան Բ-ի ուշադրության կենտրոնում։
Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը։ Սակայն այն մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը։ Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր, ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ։ Պոնտոսի թագավորն էր եռանդուն զորավար Միհրդատ VI Եվպատորը։ Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել Փոքր Ասիայում մի մեծ հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով։ Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել հայերի հետ։ Այդ շրջանում թեև Տիգրան Բ-ն Հռոմի հետ որևէ վիճելի խնդիր չուներ, սակայն, աշխարհակալական ծրագրեր հետապնդելով, կողմնակից էր երկու երկրների մերձեցմանը։ Ահա թե ինչու Տիգրան Բ-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ։
Մ.թ.ա. 94 թվականին Արտաշատ ժամանեցին պոնտական բանագնացները։ Կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝
- Մեծ Հայքը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝ արևմուտքում։
- Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Մեծ Հայքը։
- Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության տվեց Տիգրան Բ-ին։
Հավատարիմ հայ-պոնտական դաշինքին՝ մ.թ.ա. 93 թվականին հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա և ռազմակալեցին այն։ Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և մեծ թվով գերիներ։ Մեծ Հայքի թագավորության և Պոնտոսի մերձեցումը, հայերի ռազմատենչ գործողությունները Կապադովկիայում ստիպեցին Հռոմին մերձենալու Պարթևաստանին։ Նրանց միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Մեծ Հայքի ու Պոնտոսի դեմ։ Տիգրան Բ-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևաստանը, որի թագավոր Միհրդատ Բ-ն կամենում էր գերիշխանություն հաստատել Հայկական թագավորության նկատմամբ։ Սակայն Միհրդատ Բ-ի կյանքի վերջին տարիներին սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը Պարթևստանում զգալիորեն թուլացավ։ Իսկ երբ մահացավ Միհրդատ Բ-ն, Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին հետ վերադարձրեց հայկական «Յոթանասուն հովիտներ»-ը։ Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և առանց մեծ դժվարության գրավեցին այն։ Շարժվելով հարավ-արևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը։ Պարթևական թագավոր Գոդերձ Բ-ն ստիպված հաշտություն խնդրեց։ Հաշտության պայմանագրի համաձայն, պարթևները հօգուտ Մեծ Հայքի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն էկբատան մայրաքաղաքը։ Շատ կարևոր է, որ պարթևաց արքան հրաժարվում էր նաև «արքայից արքա» տիտղոսից, որն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները։ Դրանով պարթևները փաստորեն ճանաչում էին Հայոց թագավորության գերիշխանությունը։
Այնուհետև, հայկական բանակը մեկը մյուսի հետևից գրավեց Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն։ Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը։ Նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը։ Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ։ Միմյանց հաջորդող ու անընդհատ կրկնվող ներքին պատերազմները ծայր աստիճան թուլացրել էին երկիրը, որտեղ հանդես էին եկել 3-4 գահակալներ։ Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունը ընդունելու մեջ։ Ի վերջո ընտրությունը կանգ առավ Հայոց թագավոր Տիգրան Բ-ի թեկնածության վրա, որի առավելությունը, պատմիչի խոսքերով՝ «ռազմական հզոր ուժ ունենալն էր»։
Մ.թ.ա. 84 թվականին հայկական բանակները առանց մի նետ արձակելու մտան Ասորիք։ Տիգրանը Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի։
Ասորիքի (Սիրիայի) միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմմագենեն և Կիլիկիան, և ապա՝ նաև Փյունիկիան։ Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ։ Տիգրանին համառ դիմադրություն ցույց տվեցին միայն Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն մ.թ.ա. 71 թվականին։ Այստեղ գերի վերցվեց Սելևկյան Սելենե թագուհին, որը հետագայում մահապատժի ենթարկվեց Տիգրանի կարգադրությամբ։
Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց տերության հետաքրքրությունների շրջանակում, իսկ Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ հայոց թագավորի օգնությամբ։ Դժվար չէ տեսնել, որ Տիգրանն այդ երկրի նկատմամբ ուներ որոշակի ծրագրեր, որոնք սակայն չիրականացան քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության պատճառով։
Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն։ Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։ Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը։ Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ։ Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ Պարթևաստանը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու Պարսից ծոցի արաբական ցեղերը։ Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։
Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր՝ հիշեցնելով Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերությունները։ Հայկական տերությունը բազմազգ և զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր։ Բնականաբար, տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները[2]։
Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով։ Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն քաղաքները։ Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները։ Ասորիքի կառավարչապետ նշանակվեց Տիգրան Բ-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր։ Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան Բ-ի կրտսեր եղբայր Գուրասը (իմացի՛ր Գոռ)։ Վերջինիս նստավայրն էր Մծբինը։ Թվարկված երկրները Հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ։ Տիգրան Մեծը գրավված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների։ Սիրիայի թագավորությունը ևս չվերացվեց։ Տիգրանը միաժամանակ իրեն հռչակեց Սիրիայի թագավոր։ Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի կողմից նշանակված փոխարքաները կամ կուսակալները[3]։
Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել։ Զորք էին տրամադրում նաև Մեծ Հայքի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը։
Այսպիսով, Տիգրան Բ-ն դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը։ Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 միլիոն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը (300,000 քառ.կմ) տասն անգամ[2][4]։,: Իսկ Տիգրանի գերտերության միջուկը կազմում էր 1,000,000 քառ. կմ տարածքով տերությունը, որի մեջ մտնում էին Մեծ Հայքի թագավորությունն ու նրա հարևան կովկասյան, միջագետքյան և միջերկրածովյան երկրները[3]։
Հայ-հռոմեական պատերազմ
Առաջին փուլ
Մ.թ.ա. 1-ին դարի սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց։ Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ։ Տիգրան Բ-Ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները։ Լրջորեն անհանգստացած դրանից՝ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Հայոց տերության։ Ռազմաքաղաքական իրադրությունը նպաստավոր էր։ Մ.թ.ա. 71 թ. հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին։ Վերջինս մազապուրծ փախել էր Մեծ Հայք և քաղաքական ապաստան ստացել։ Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն։ Հայոց արքան, բնականաբար, մերժեց հռոմեացիների պահանջը, ասելով՝ «Ես Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա ... հակահարված կտա նրանց»։ Մ.թ.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Մեծ Հայք։ Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։ Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ մ.թ.ա. 69 - մ.թ.ա. 67 թթ. և մ.թ.ա. 66 թ.: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով։
Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը։ Սակայն այն իրագործվեց միայն մասամբ։ Հռոմեական բանակի ներխուժումը մ.թ.ա. 69 թ. Մեծ Հայք իրոք որ անսպասելի էր։ Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը։ Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագիրը կազմված էր հայկական բանակի հնարավորությունները թերագնահատելու, իսկ հռոմեականինը՝ գերագնահատելու սխալ հաշվարկով։ Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց։ Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն։ Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։ Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց։
Հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Տիգրանը թագավորական գնդով շտապ վերադարձավ Մեծ Հայք, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Մեծ Հայք հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։
Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։ Այստեղ էին գտնվում նրա ընտանիքը և գանձարանը։ Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Այս իրադարձությունն, անշուշտ, բարձրացրեց պաշարվածների ոգին և հավատ ներշնչեց հաղթանակի նկատմամբ։ ժամանեցին հայկական բանակի նորանոր զորամասեր։ Ըստ Ապիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ Ատրպատականը (Մարաստանը), Աղվանքը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները։ Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր։ Անշուշտ, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է։ Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին։
Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը։ Լուկուլլոսը հիանալի օգտագործեց հայկական հրամանատարության թույլ տված ռազմավարական սխալներն ու տեղանքի առանձնահատկությունները։ Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը։ Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ, հայկական բանակն ստիպված էր նահանջել երկրի խորքը։
Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը։ Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև։ Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց։ Միայն Լուկուլլոսը ձեռք գցեց ութ հազար տաղանդ արժողությամբ գանձեր։ Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը։ Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու։ Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց։ Լուկուլլոսը՝ ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ։ Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին։ Ձմեռվա ամիսներին նա վերակառուցեց բանակը, որի հարվածային գլխավոր ուժը դարձավ հեծելազորը։ Մեծ Հայքի տնտեսական կարողություններն ու մարդկային ռեսուրսները հնարավոր դարձրեցին ընդամենը կես տարվա ընթացքում միանգամայն նոր բանակի ստեղծումը, որն իր մարտարվեստով չէր զիջում հռոմեացիներին։
Այլևս հույսը կորցնելով, թե Տիգրանը հաշտություն կխնդրի իրենից, մ.թ.ա. 68 թ. գարնան վերջերին Լուկուլլոսը դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը։ Նա համոզված էր, որ Տիգրանին պարտադրելով նոր ճակատամարտ, ինքը գլխովին կոչնչացնի հայկական բանակը և հեշտությամբ կգրավի Արտաշատը։ Հայկական բանակը, սակայն, խուսափում էր գլխավոր ճակատամարտից և դանդաղորեն նահանջում էր երկրի խորքերը։ Միաժամանակ անսպասելի, այդ թվում գիշերային հանդուգն հարձակումներով հայերը ջլատում էին հռոմեացիների ուժերը՝ նրանց նշանակալից կորուստներ պատճառելով։ Տիգրանի ընտրած այս մարտավարությունը լիովին արդարացրեց իրեն։ Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանցին։ Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր, իսկ նրանից քիչ այն կողմ՝ Արտաշատն իր անբավ հարստություններով։ Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի «Հայկական Կարթագեն»։ Շուտով հռոմեական բանակը ենթարկվեց հայկական զինված ուժերի շեշտակի գրոհին, որը գլխավորում էր հայոց աննկուն ու եռանդով լի արքայից արքան։ Հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց։ Հույն պատմիչ Դիոն Կասսիոսը վկայում է, որ «հայերը նետահարելով հռոմեացիներին՝շատերին սպանեցին, իսկ շատերին էլ վիրավորեցին, իսկ վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր»։ Արածանիի ճակատամարտը ցույց տվեց Տիգրանի՝ որպես հիանալի ռազմագետի, կարողությունները։ Անպարտելի համարվող հռոմեական բանակը ծանր պարտություն կրեց, դրան հետևեց նրա խայտառակ փախուստը։ Լուկուլլոսն ստիպված էր թողնել Մեծ Հայքի սահմանները։ Շուտով հռոմեացիները դուրս քշվեցին նաև Հյուսիսային Միջագետքից և Կորդուքից։ Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը։ Հռոմեացիների առաջին գրոհը դեպի Արևելք լիովին ձախողվեց։
Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը։ Մ.թ.ա. 67 թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին։ Լրջորեն խախտվեց Հռոմի հեղինակությունն Արևելքում։ Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ։ Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն հրամանատար նշանակվեց հմուտ զորավար և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսը։
Խելացի և հեռատես Պոմպեոսը, ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի։ Պարթևները սիրով համաձայնեցին, քանզի ցանկանում էին վրեժխնդիր լինել Տիգրանից իրենց ստորացման համար։ Հռոմեա-պարթևական դաշինքը ուղղված էր Մեծ Հայքի դեմ։
Նույն տարվա վերջերին Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Մեծ Հայքը զրկվեց իր միակ դաշնակցից։ Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Մեծ Հայք։ Ստեղծված բարդ իրադրությունը Տիգրան Բ-ից պահանջում էր գործել չափազանց զգույշ և ճշգրիտ։
Տիգրան Կրտսերի խռովություն
Մեծ Հայքի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ։ Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր։ Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ։ Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր հայոց թագավոր։ Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը։ Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Մեծ Հայքը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին։ Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Մեծ Հայք։ Հորից պարտված Տիգրան Կրտսերը փախավ Պարթևաստան։ Պարթևական թագավոր Հրահատ Գ-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը։ Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Մեծ Հայք և պաշարեց Արտաշատը։ Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիրը, իսկ Տիգրան Կրտսերը փախավ Պոնտոս։ Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը։ Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա։
Երկրորդ փուլ
Մ.թ.ա. 66 թ. ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Մեծ Հայք։ Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման պատճառով։ Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Մեծ Հայքին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ։ Մեծ Հայքը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում, գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար։
Պոմպեոսը մ.թ.ա. 66 թ. սեպտեմբերին մոտեցավ Արտաշատին և ճամբար դրեց քաղաքից ոչ հեռու։ Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները։ Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի։ Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք չտվեցին։ Ընդհակառակը, նա հայտնվեց «խաղից դուրս» վիճակում։
Արտաշատի պայմանագիր
Մ.թ.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված։ Ըստ պայմանագրի՝
- Մեծ Հայքը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից։ Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը։
- Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն։ Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո։
- Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին։ Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից։
- Մեծ Հայքը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։
Վերջին կետը կարող է թողնել այն տպավորությունը, թե Մեծ Հայքը կախյալ վիճակի մեջ էր դրվում Հռոմից։ Սակայն հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէր։ Մեծ Հայքը պահպանեց իր լիակատար անկախությունը։ Ընդհակառակը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները։ Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևաստանի ուժեղացմանը։ Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին։
Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը։ Տենչալով Մեծ Հայքի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով։ Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը։ Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ։
Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ մ.թ.ա. 64 թ. Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը։ Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը, որից խիստ դժգոհ մնաց պարթևական արքունիքը։
Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր։ Նա կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ հայոց հայրենիքը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ։ Պահպանվեց Մեծ Հայքի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը։ Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական մեծ նշանակությունը։
Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Մեծ Հայքի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին։
Արտավազդ Բ-ի գահակալություն
Տիգրան Բ-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 55 - մ.թ.ա. 34 թթ.), որը բազմակողմանի զարգացած, օտար լեզուների գիտակ, մտավորական անձնավորություն էր։ Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»։ Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ։
Արտավազդ Բ-ն գահ է բարձրացել Մեծ Հայքի համար բարդ քաղաքական իրավիճակում։ Արտաշատի պայմանագիրն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում։ Հայոց թագավորությունը, որ երկար տարիներ հաջողությամբ պայքար էր մղում Հռոմի նվաճողական քաղաքականության դեմ, այժմ իր դիրքերը զիջեց Պարթևստանին։ Մեծ Հայքը հայտնվեց երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը։
Մեծ Հայքի դիրքորոշումը դառնում էր չափազանց կարևոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր տիրապետող դիրք ստանալ տարածաշրջանում և իշխել Արևելքում։ Նման պայմաններում ի՞նչ դիրք էր գրավելու Մեծ Հայքի թագավորությունը։ Հարցադրում, որ դրվեց Արտավազդի և նրա հաջորդների առջև մի քանի դար շարունակ։
Արտավազդ Բ-ն կողմնակից էր չեզոքության քաղաքականությանը։ Նա փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Մեծ Հայքը ներքաշվի պատերազմների մեջ։ Հակառակ դեպքում Արտավազդը հակված էր ընտրելու Մեծ Հայքի համար առավել անվտանգ դաշնակցությունը։ Դա երբեմն լինում էր Հռոմը, երբեմն՝ Պարթևաստանը։ Սակայն Հռոմը որպես առավել հզոր ուժ պակաս ցանկալի էր որպես դաշնակից, քանի որ բացահայտորեն սպառնում էր Մեծ Հայքի անկախությանը։ Ուստի Արտավազդ Բ-ն ավելի հաճախ հակվում էր դեպի Պարթևաստանը։
Դիվանագիտական ճշգրիտ քայլերով Արտավազդը ձգտում էր պահպանել Մեծ Հայքի՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։
Կրասոսի արևելյան արշավանք և Մեծ Հայք
Մ.թ.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով։ Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների։ Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը։ Մ.թ.ա. 54 թվականին նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին։ Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան։
Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն։ Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն։ Հավատարիմ մնալով մ.թ.ա. 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր)։ Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Մեծ Հայքի տարածքով։ Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Մեծ Հայքի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից։ Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Մեծ Հայքը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից։ Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով։
Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Մեծ Հայք և ասպատակում է երկրի հարավային տարածքները։ Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը։ Իմանալով այդ մասին՝ Կրասոսը կոպիտ ու անքաղաքավարի խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային։
Արտավազդը՝ ցուցաբերելով ճկուն քաղաքական միտք և հեռատեսություն, փոխեց իր դիրքորոշումը և Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ։ Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և մ.թ.ա. 54 թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր, որն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևների թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ։
Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, մ.թ.ա. 53 թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաքը։ Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին։ Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և մ.թ.ա. 53 թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը։ Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից։ Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին։ Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Մեծ Հայք։ Այդ ժամանակ հայ և պարթև արքաները, նրանց մերձավորները Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը։ Հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս», ինչը մեծ ցնծությամբ ընդունվեց հանդիսականների կողմից։ Նույն պատմիչի խոսքերով՝ «այսպես ավարտվեց Կրասոսի արևելյան արշավանքը, որը վերջացավ ողբերգության նման»։
Անտոնիոսի պարթևական և հայկական արշավանքներ
Կրասոսի պարտությունը ծանր տպավորություն թողեց Հռոմում, սակայն ներքաղաքական բարդ իրադարձությունները խանգարեցին նոր արշավանք կազմակերպել և վրեժխնդիր լինել պարթևներից։ Ավելին, Հուլիոս Կեսարի սպանությունը (մ.թա. 44 թ.) երկիրը ներքաշեց քաղաքացիական պատերազմների հորձանուտը։ Օգտագործելով հարմար պահը՝ պարթևա-հայկական միացյալ բանակը մ.թ.ա. 40 թ., պարթև թագաժառանգ Բակուրի և հայ զորավար Վասակի գլխավորությամբ՝ անցնելով Եփրատը, ներխուժեց Ասորիք։ Փյունիկիայի, Ասորիքի, Պաղեստինի և Միջերկրական ծովի ափին գտնվող քաղաքները, որոնք դժգոհ էին հռոմեական ծանր տիրապետությունից, հայերին և պարթևներին դիմավորում են ցնծությամբ՝ իրար հետևից իրենց դարպասները բացելով նրանց առջև։
Պարթևների և հայերի հայտնվելը Միջերկրական ծովի ափերին սթափեցրեց Հռոմին և ստիպեց դիմել կտրուկ միջոցների։ Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին։ Կռիվների ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը։ Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը՝ Պարթևաստանում սկսված գահակալական պայքարի պատճառով։ Հռոմեացիներն անմիջապես օգտագործեցին այս հարմար պահը։ Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության (Մարկոս Անտոնիոս, Մարկոս Լեպիդոս և Օկտավիանոս Օգոստոս) որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը։ Մ.թ.ա. 38 - մ.թ.ա. 37 թթ. Անտոնիոսը դեպի Պարթևաստան մեծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց։ Այս անգամ արշավանքի երթուղին անցնելու էր Մեծ Հայքով։ Ուստի հռոմեացիներին անհրաժեշտ էր ձեռք բերել Մեծ Հայքի դաշնակցությունը։ Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև։ Ստեղծված ծանր պայմաններում Արտավազդն ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոմեացիներին։ Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11 -հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Մեծ Հայքի տարածքով։
Մ.թ.ա. 36 թ. ամռանը Անտոնիոսը 100-հազարանոց բանակով և երեք հարյուր սայլերի վրա բարձած պաշարողական տեխնիկայով սկսեց իր արշավանքը։ Հռոմեական բանակն անցավ Մեծ Հայքի տարածքով, մտավ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքին ենթակա, իսկ այժմ պարթևներին դաշնակից Ատրպատական։ Անտոնիոսը շտապում էր օր առաջ գրավել Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպան, ուստի, պաշարողական մեքենաների համար առանձնացնելով երկու լեգեոն, ինքը հիմնական ուժերով շարժվեց երկրի խորքերը։ Պարթևներն անմիջապես օգտագործեցին այդ պահը և, հարձակվելով, ոչնչացրին պաշարողական մեքենաները։ Պարզ դարձավ, որ առանց այդ մեքենաների անհնարին էր գրավել պարթևական քաղաքները։ Իր հերթին լավ հասկանալով արշավանքի հնարավոր ձախողումը՝ Արտավազդը որոշեց վերադառնալ Մեծ Հայք և հրաժարվել ռազմական հետագա գործողություններին մասնակցելուց։ Հետագայում իրեն արդարացնելու համար Անտոնիոսն օգտագործեց այդ հանգամանքը՝ Արտավազդին հռչակելով դասալիք և իր պարտության հիմնական մեղավոր։ Այս մեղադրանքը կեղծ է, քանզի Անտոնիոսի պարտվելուց հետո էր, որ Արտավազդը հետ էր քաշել իր զորամասերը։
Մ.թ.ա. 36 թ. աշնանը Անտոնիոսի բանակը ստիպված էր նահանջել։ 27 օր տևած նահանջի ընթացքում հակառակորդն անընդհատ հարձակումներով ուժասպառ էր անում հռոմեացիներին։ Նրանք կորցրին 32 հազար, իսկ դաշնակիցները՝ 12 հազար զինվոր։ Հայկական կողմը թագավորի հեռատեսության շնորհիվ կորուստներ չունեցավ։ Միայն Մեծ Հայք հասնելուց հետո Անտոնիոսը կարողացավ հանգիստ շունչ առնել, բուժել զինվորների վերքերն ու կարգի բերել բարոյալքված բանակը։ Այդուհանդերձ, Մեծ Հայքում էլ նա զգալի կորուստներ ունեցավ հայկական սառնամանիքների պատճառով։ Մեծ Հայքից նա մեկնեց Ալեքսանդրիա։
Հռոմեական սենատին ուղարկված զեկուցագրում Անտոնիոսը, իր ապաշնորհությունն ու մեղքը քողարկելու նպատակով, ռազմական վիթխարի ծախսերն ու մարդկային ահռելի կորուստները բացատրում է իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ։ Իր վարկաբեկված հեղինակությունն ինչ-որ չափով վերականգնելու համար նա ծրագրում է գրավել ու կողոպտել Մեծ Հայքը։ Սկզբում նա փորձում է Արտավազդին ծուղակը գցել։ Դիմելով խորամանկության՝ նրան հրավիրում է Ալեքսանդրիա՝ իբրև պարթևների դեմ նոր արշավանքի ծրագիրը քննարկելու։ Կանխազգալով վտանգը՝ Արտավազդը հրավերը մերժեց։ Ապա Անտոնիոսը խնամախոս ուղարկեց Արտաշատ՝ Արտավազդին հրավիրելու Ալեքսանդրիա՝ հայոց արքայադստեր և իր ու Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու։ Մերժում ստանալով՝ Անտոնիոսը մ.թ.ա. 34 թ. ամռանը անակնկալ արշավեց դեպի Հայոց թագավորություն։ Հարձակումն այնքան անսպասելի էր, որ հռոմեական բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մոտեցավ Արտաշատին։ Անըմբռնելի է, սակայն փաստ, որ Արտավազդն իր առնվազն 70 հազարանոց բանակը մարտի չհանեց հռոմեական 60 հազարանոց բանակի դեմ։ Նա, թերևս, համոզված էր, որ վեճը կարելի է լուծել խաղաղությամբ։ Նման դեպքում, թերևս, երկիրը կարող էր զերծ մնալ ավերածություններից, բայց անմիջականորեն վտանգվում էր թագավորի անձը։ Բանակցություններ վարելու փոխարեն Անտոնիոսը ձերբակալեց հայոց թագավորին, նրա ընտանիքը և կողոպտեց արքունի գանձերը։ Անտոնիոսի այս քայլը դատապարտել են անգամ իրենք՝ հռոմեացիները։ Այսպես, Դիոն Կասսիոսը գրում է, թե Անտոնիոսը Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»։
Այսուհանդերձ հռոմեացիներն իրենց նպատակին չհասան։ Հռոմեական գերությունից խուսափած թագաժառանգ Արտաշեսը փորձեց հակահարված տալ հակառակորդին և ազատել կալանված արքային, սակայն հապշտապ և լավ չկազմակերպված գործողություններով որևէ արդյունքի չհասավ։ Նա պարտություն կրեց և փախավ Պարթևաստան։ Մեծ Հայքի քաղաքներում թողնելով հռոմեական կայազորներ, Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով Արտավազդ Բ-ին և նրա ընտանիքը։ Նա Ալեքսանդրիայում հաղթահանդես կազմակերպեց, որի ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում ոսկե շղթաներով շղթայված հայոց թագավորն ու նրա ընտանիքն էր։ Գերիներին հորդորել էին խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել։ Սակայն հայոց արքան և նրա հարազատներն անցան հպարտորեն ու արժանապատիվ։ Ինչպես գրում է ժամանակակից հույն պատմիչը, «նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»։ Հայերի նման կեցվածքը մեծ տպավորություն թողեց։ Վիրավորված Կլեոպատրան չներեց Արտավազդին և կարգադրեց զնդան նետել նրան։
Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները խիստ սրեցին նրա հարաբերությունները պաշտոնական Հռոմի հետ։ Քաղաքացիական պատերազմը դարձավ անխուսափելի, որը և շուտով բռնկվեց։
Մ.թ.ա. 31 թ. սեպտեմբերի 2-ին Ակտիումի ճակատամարտում Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց եռապետ Գայոս Օկտավիանոս Օգոստոսի բանակից և փախավ Ալեքսանդրիա։ Նույն թվի հոկտեմբերին՝ Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ Բ-ն մահապատժի ենթարկվեց Ալեքսանդրիայում։ Շատ չանցած, Օկտավիանոսի կողմից գերի վերցվելու վտանգն ստիպեց Անտոնիոսին և Կլեոպատրային ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին։
Արտաշես Բ
Արտավազդ Բ-ի գերեվարությունից հետո հռոմեական բանակը ռազմակալեց Մեծ Հայքը։ Թալանվեցին քաղաքներն ու մեհյաններում կուտակված մեծ հարստությունները։ Հռոմեական սկզբնաղբյուրներում մանրամասն նկարագրվում է Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու հռչակավոր մեհյանի կողոպուտը, և թե ինչպես են ընչաքաղց հռոմեացի զինվորներն առանձին կտորների վերածել աստվածուհու ոսկեձույլ արձանը։
Սակայն հռոմեացիների կողմից ռազմակալված Մեծ Հայքը փոթորկվում էր։ Գերեվարությունից խույս տված թագաժառանգ Արտաշեսը, հաջողության չհասնելով, իր զորքերով քաշվեց Պարթևաստան։ Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունն ստիպեց Պարթևաստանի Հրահատ Դ թագավորին ևս փոխել վերաբերմունքը Մեծ Հայքի նկատմամբ։ Նա ոչ միայն ապաստան տվեց փախստական թագաժառանգին և իր դստերը կնության տվեց նրան, այլև ռազմական մեծ օգնություն տրամադրեց հռոմեական նվաճողների դեմ պայքարը կազմակերպելու համար։ Արտաշեսի գործողություններն ավելի նպատակասլաց դարձան հատկապես Ակտիումի ճակատամարտից հետո։ Հայ-պարթևական զորքերի գլուխ անցած նա մտավ Մեծ Հայք և, մի քանի վճռական ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին, նրանց դուրս շպրտեց երկրից։
Մ.թ.ա. 30 թ. Արտաշեսը հանդիսավորությամբ հռչակվեց հայոց թագավոր։ Արտաշես Բ-ն (մ.թ.ա. 30 - մ.թ.ա. 20) ուժեղ անհատականություն էր, վճռական և անհաշտ թշնամու նկատմամբ։ Նա Հռոմից պահանջեց հետ վերադարձնել իր կրտսեր եղբայրներին՝ Տիգրանին և Արտավազդին, սակայն մերժում ստացավ։ Ի պատասխան հոր՝ Արտավազդ Բ-ի մահապատժի, նա կարգադրեց սրի քաշել Մեծ Հայքում գտնվող հռոմեացիներին։ Այնուհետև արշավեց Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, գրավեց այն և միացրեց իր թագավորությանը։ Մեծ Հայքի թագավորությունը նրա օրոք նշանակալից չափով ուժեղացավ։ Ուստի պատահական չէ որ նրա հատած դրամները կրում էին «արքայից արքա» մակագրությունը։ Երիտասարդ և եռանդուն թագավորը լի էր վճռականությամբ՝ վերականգնելու Հայոց թագավորության երբեմնի հզորությունը։ Արտաշես Բ-ի շեշտված հակահռոմեական դիրքորոշումը և հատկապես դաշինքը Պարթևաստանի հետ մեծապես հարվածում էին Հռոմի արևելյան քաղաքականությանը՝ խոչընդոտելով նրա զավթողական ծրագրերին։ Ուստի Օգոստոս կայսրը, որ ուշի-ուշով հետևում էր Մեծ Հայքում տեղի ունեցող իրադարձություններին, վճռում է տապալել անցանկալի Արտաշես Բ-ին և փոխարենը գահ բարձրացնել նրա կրտսեր եղբորը՝ արքայազն Տիգրանին։ Վերջինս տասը տարուց ի վեր գտնվելով Հռոմում, ստացել էր հռոմեական դաստիարակություն։ Մ.թ.ա. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Հայոց թագավորի սպանությունը։ Արտաշիսյան Մեծ Հայքը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը։
Վերջին Արտաշեսյաններ
Արտաշես Բ-ի սպանությունից անմիջապես հետո Օկտավիանոս Օգոստոսի կարգադրությամբ թագաժառանգ, ապագա կայսր Տիբերիոսը Արտաշատում հանդիսավորությամբ գահ բարձրացրեց Տիգրան Գ-ին (մ.թ.ա. 20- մ.թ.ա. 8 թթ.)։ Այս իրադարձությունը Հռոմում դիտվել է որպես կարևոր հաղթանակ և նշվել շուքով։ Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Մեծ Հայքը նվաճված» մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսն ու Հորացիոսն անգամ ձոնել են դրան հատուկ ներբողներ։
Հակառակ հռոմեացիների ակնկալիքների, Տիգրան Գ-ն չդարձավ Հռոմի հլու կամակատարը։ Կյանքի վերջին տարիներին նա հրաժարվեց հռոմեական կողմնորոշումից և վարեց միանգամայն անկախ քաղաքականություն։ Նրա քաղաքականությունը շարունակեց նաև նրա հաջորդն ու որդին՝ Տիգրան Դ-ն (մ.թ.ա. 8 - մ.թ.ա. 5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1)։ Դեպքերի նման զարգացումից անհանգստացած Օգոստոսը մեծ բանակով Մեծ Հայք է ուղարկում իր որդեգիր Գայոս Կեսարին, որը գահընկեց է անում Տիգրան Դ-ին և թագավոր հռչակում նրա հորեղբայր Արտավազդ Գ-ին (մ.թ.ա. 5 - մ.թ.ա. 2)։ 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից խորթացած այս թագավորը Մեծ Հայքը կառավարում է հռոմեական օրենքներով և անզուսպ թալանում պետական գանձարանը։ Չհանդուրժելով այս իրավիճակը՝ հայերն ապստամբում են նրա դեմ և սպանում։ Վերստին գահ է բարձրանում Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ միասին (մ.թ.ա. 2 - մ.թ. 1)։ Հայոց թագավորը բանակցություններ վարեց Օգոստոսի հետ, որպեսզի վերջինս ճանաչի իր թագավորությունը։ Այդ ուղղությամբ ձեռք բերվեց որոշակի պայմանավորվածություն։ Բայց 1 թ. կովկասյան լեռնականների դեմ մղված պատերազմներից մեկի ժամանակ Տիգրան Դ-ն սպանվեց, իսկ Էրատոն էլ հրաժարվեց գահից։
Արտաշեսյան արքայատոհմի արական ներկայացուցիչների սպառումով՝ հռոմեացիները հնարավորություն ստացան հայկական գահին դնելու իրենց բրածոներին։ Մ.թ. 1 թ. մինչև 52 թ. հռոմեացիների օգնությամբ գահ բարձրացան Ատրպատականի և Վիրքի արքայատոհմի ներկայացուցիչները։ Սակայն մյուս կողմից իր դրածոներին էր նշանակում նաև հարևան Պարթևաստանը։ Հայ ժողովուրդը համառ պայքար էր մղում օտարազգի դրածո թագավորների դեմ, իսկ հայոց ավագանին ձգտում էր հիմք դնել հայկական նոր արքայատոհմի։ Այդ պայմաններում բոլորովին պատահական չէր, որ օտարազգի դրածո թագավորները, բացի Զենոնից (18-34), դարձան հայ ավագանու վրիժառության զոհը։ Բավական երկար և խաղաղ իշխեց միայն Զենոնը։ Զենոնը Պոնտոսի արքայական տան ներկայացուցիչ էր, սակայն մեծացել էր Մեծ Հայքում, ծանոթ էր հայկական սովորույթներին և վայելում էր ժողովրդի համակրանքը։ Նա նաև ընդունեց Արտաշես տոհմական անունը և սկսեց կոչվել Զենոն-Արտաշես։ Զենոն-Արտաշեսից հետո հայոց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի հակահռոմեական ապստամբության շնորհիվ Հայոց թագավորությունը կարճ ժամանակով (37-43 թթ.) կարողացավ վերականգնել իր լիակատար անկախությունը։ Սակայն դրանից հետո էլ հռոմեացիների օգնությամբ հայոց գահին էին բազմում Վիրքի արքայազները։ Հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ՝ «կամուրջներ չհանդուրժող Արաքս»-ում ակնարկվում է հայ ժողովրդի համառ պայքարը նվաճողների դեմ։ Քաղաքական անիշխանության հետևանքով մ.թ. 37 թ-ին Մեծ Հայքից անջատվեցին հարավում՝ Հայկական Միջագետքը (27.000 քառ. կմ) Մծբին քաղաքով, որն անցավ Պարթևաստանին և Գոդերձական երկիրը (4100 քառ. կմ)՝ հյուսիսում, որն էլ անցավ Վիրքին։ Հայոց ավագանին սկսեց հայացքն ուղղել դեպի Պարթևաստան, որն էլ իր հերթին փորձում էր հայոց գահին հաստատել Պարթև Արշակունիներին[5]։