Մեքքա
From Wikipedia, the free encyclopedia
Մեքքա (/ˈmɛkə/; արաբ․՝ مكة[1] Makkah) քաղաք Արաբական թերակղզու Հիջազ շրջանում։ Մեքքան նաև Մաքքահ վարչական շրջանի մայրաքաղաքն է[2]։ Քաղաքը գտնվում է Ջիդդայից 70 կմ, իսկ Մադինայից 340 կմ հեռավորության վրա և ունի ծովի մակերևույթից շուրջ 277 մետր բարձրություն։ 2012 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը շուրջ 2 միլիոն էր, չնայած այցելուները այս թիվը եռապատկում են ամեն տարի հաջի շրջանում, որը տեղի է ունենում մուսուլմանական լուսնային օրացույցի 12-րդ ամսին։
Քաղաք | ||
---|---|---|
Մեքքա | ||
արաբ․՝ مكة | ||
Ժամացույցի սլաքի ուղղությամբ վերից դեպի ձախ՝Ջաբալ ան-Նուր, Քաաբան Մեքքայի մեծ մզկիթում, կենտրոնական Մեքքայի ընդհանուր պատկեր, Մինա (Սաուդյան Արաբիա) և ժամանակակից Ջամարաաթ կամուրջ | ||
Երկիր | Սաուդյան Արաբիա | |
Քաղաքապետ | Օսամա Էլ Բար | |
Մակերես | 1,200 կմ² | |
ԲԾՄ | 277±1 մետր | |
Բնակչություն | 1.675.368 մարդ (2010) | |
Խտություն | 4,200 մարդ/կմ² | |
Ագլոմերացիա | 2,500,000 | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +966-2 | |
Պաշտոնական կայք | holymakkah.gov.sa (արաբ.) | |
| ||
|
Որպես իսլամի հիմնադիր Մուհամմադի ծննդավայր, ինչպես նաև Մուհամմադի առաջին հայտնության վայր (մասնավորապես Մեքքայից 3 կմ հեռավորության վրա գտնվող քարանձավը)[3][4]՝ Մեքքան իսլամական աշխարհի[5] ամենասուրբ քաղաքն է համարվում, և ուխտագնացությունը դեպի այս քաղաք, որը կոչվում է հաջ, պարտադիր է բոլոր մուսուլմանների համար։ Մեքքայում է գտնվում Քաաբան, որը մեծամասնության կողմից համարվում է իսլամական կրոնի ամենակարևոր սրբավայրերից մեկը, այն նաև ուղենիշ է համարվում մուսուլմանների համար (քիբլա, որը սահմանում է, թե դեպի որ ուղղությունը պետք է աղոթեն մուսուլմանները)։ Մեքքան երկար ժամանակ ղեկավարել են Մուհամմադի ժառանգները, շերիֆները, որոնք հանդես են եկել և՛ որպես անկախ ղեկավարներ, և՛ որպես վասալներ։ 1925 թվականիn քաղաքը գրավվել է Իբն Սաուդի կողմից։ Ժամանակի ընթացքում Մեքքան ինչպես չափերով, այնպես էլ ենթակառուցվածքներով բավականին ընդլայնվել է։ Այստեղ են գտնվում Աբրաջ ալ-Բայթը, որը աշխարհի չորրորդ ամենաբարձր շինությունն է, իսկ իր զբաղեցրած տարածքի մեծությամբ՝ երրորդը։ Ընդլայնման աշխատանքների ժամանակ Մեքքան կորցրել է որոշ պատմական և հնագիտական նշանակության կառույցներ, օրինակ՝ Աջյադ ամրոցը[6]։ Այսօր Մեքքա է այցելում տարեկան 15 միլիոն մուսուլման, այդ թվում հաջի ընթացքում այցելող մի քանի միլիոն մուսուլմանները[7]։ Ի դեպ ոչ մուսուլմաններին արգելված է մտնել քաղաք[8][9]։ Իսլամի գլխավոր կարգադրություններից մեկն այն է, որ մուսուլմանները, աշխարհի որ ծայրամասում էլ լինեն, աղոթք կատարելիս երեսով միշտ կանգնեն դեպի Մեքքայի կողմը։