From Wikipedia, the free encyclopedia
Մորուք Կարո (Ավոյան Կարապետ) (1875, գ. Գելիեգուզան (Սասունի գավառ) - 1949, դեկտեմբերի 6[1], Համադան, Պարսկաստան), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։
Մորուք Կարո | |
---|---|
Ծնվել է | 1875 թվական |
Ծննդավայր | Սասուն-ի գավառի Գելիեգուզան գյուղ |
Մահացել է | 1949 թվականի դեկտեմբերի 6 |
Մահվան վայր | Համադան |
Ազգություն | Հայ |
Մայրենի լեզու | հայերեն |
Մասնագիտություն | ֆիդայի և քաղաքական գործիչ |
Գործունեություն | հայ ազգային - ազատագրական շարժում, հայդուկային շարժում |
Կուսակցություն | Հայ հեղափոխական Դաշնակցություն |
Երեխաներ | երեք դուստր |
Մորուք Կարոն ծնվել է 1875 թվականին Սասունի Գելիեգուզան գյուղում Հեբոյի Ավոյի բազմանդամ ընտանիքում։ Սովորել է ծննդավայրի վարժարանում։ 1891-1893 թվականներին դեռևս պատանի Կարոն մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ Գործել է Սասունում (Աղբյուր Սերոբի, Անդրանիկի. Գևորգ Չավուշի, Ռուբենի խմբերում)։ Մորուք Կարոն Սպաղանաց Մակարի խմբի կազմում որպես տասնապետ մասնակցել է Սասունի 1904 թվականի ապստամբությանը։ 1905-1907 թվականներին մասնակցել է Գևորգ Չավուշի մղած գրեթե բոլոր կռիվներին։ Քաջությամբ աչքի է ընկել հատկապես 1905 թ. ապրիլի 25-ին Գևորգ Չավուշի ղեկավարած Խարս գյուղի կռվում։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո դարձել է փախստական։
1912-1914 թթ. գործել է Տարոնում։ Մասնակցել է Սասունի 1915 թվականի ինքնապաշտպանությանը։ 1916 թվականին Մուշում միացել է Փեթարա Մանուկի զինվորներին, արշավել Խութ, Մոտկան, Բռնաշեն և ազատել 8000 սասունցիների, ապա մտել մշեցիներից ու սասունցիներից կազմված ժողովրդական գնդերի մեջ, որոնք գործել են Տարոնում, Խնուսում, Մանազկերտում, Ալաշկերտում։ 1918 թվականին Անդրանիկի խմբի հետ անցել է Խոյ։ Մասնակցել է Զանգեզուրում մղված կռիվներին։ Հայաստանի ստեղծումից (1918) հետո մասնակցել է Արևելյան Հայաստանի տարածքում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների հակահայկական ելույթների դեմ պայքարին, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը։
1919 թվականից բնակվել է Ահագչի գյուղում (այժմ՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Զովասար գյուղ)։ Մասնակցել է 1921-ի Փետրվարյան ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Սիրիա, ապա՝ Հունաստան։ 1924 թվականին վերադարձել է Խորհրդային Հայաստան՝ դարձյալ բնակվելով Թալինի շրջանի Զովասար գյուղում։ 1928 թվականի գարնանը, Կարոն փախչում է Չեկայի հետապնդումներից՝ խուսափելով ձերբակալությունից։ Շուրջ երկու տարի թափառելով հանդերում և անտառներում՝ 1930 թվականին Կարոն անցնում է Պարսկաստան։ Կարոյի Պարսկաստան անցնելուց երկու տարի անց՝ 1932 թվականին երեք տարով բանտարկում և աքսորի են դատապարտում Մորուք Կարոյի կնոջը՝ Մարթային։ Թեև երեք տարի անց Մարթան աքսորից վերադառնում է Ահագչի, սակայն, 1941 թվականի նոյեմբերի 28-ին Չեկայի աշխատակիցները կրկին ձերբակալում են Մարթային և երեք աղջիկների հետ աքսորում Ղազախստան։ 1946 թվականին նրանք վերադառնում են աքսորից։
Մորուք Կարոն մահացել է 1949 թ․ դեկտեմբերի 6-ին Պարսկաստանի Համադան քաղաքում։ Կարոյի դին հողին է հանձնվել հաջորդ օրը Համադանի հայկական գերեզմանատանը։ 1993 թվականի սեպտեմբերին Մորուք Կարոյի եղբոր՝ Օհանի որդին՝ Աղանիկ Հեբոյանը Համադանից Հայաստան է տեղափոխում հորեղբոր աճյունը, որը 1993 թվականի հոկտեմբերի 2-ին հողին է հանջնվում Թալինի շրջանի Զովասար գյուղում՝ Մորուք Կարոյի կնոջ՝ Մարթայի շիրիմի կողքին։ Մորուք Կարոյի կյանքն ու գործունեությունն իր արտացոլումն է գտել Աղանիկ Հեբոյանի «Մորուք Կարո» իրապատում վիպակում (Երևան, 1998, 2015)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.