Նիկոլայ II
Ռուսաստանի վերջին կայսր (1894–1917) Ռոմանովների արքայատոհմից / From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ II (հայ.՝ Նիկողայոս Բ, ռուս.՝ Николай II, Николай Александрович Романов, մայիսի 18, 1868(1868-05-18)[1], Պուշկին, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 17, 1918(1918-07-17)[3][4], Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[5]), Ռուսաստանի վերջին կայսր (1894–1917) Ռոմանովների արքայատոհմից։ Հաջորդել է հորը՝ Ալեքսանդր III կայսրին։
Նիկոլայ II | |
---|---|
Զինվորական կոչում | գնդապետ |
Ծնվել է՝ | մայիսի 18, 1868(1868-05-18)[1] |
Ծննդավայր | Պուշկին, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է՝ | հուլիսի 17, 1918(1918-07-17)[3][4] (50 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[5] |
Պողոս-Պետրոս տաճար | |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Տոհմ | Հոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով |
միապետ | |
Հայր | Ալեքսանդր III[2][6] |
Մայր | Մարիա Ֆյոդորովնա[2] |
Երեխաներ | Օլգա Նիկոլաևնա[7], Տատիանա Նիկոլաևնա, Մարիա Նիկոլաևնա, Անաստասիա Նիկոլաևնա և Ալեքսեյ Նիկոլաևիչ |
Հավատք | Ռուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Նիկոլայ II-ը հայտնի իրավաբան, պրոֆեսոր Կոնստանտին Պոբեդոնոսցևի դաստիարակությամբ տանը գիմնազիայի դասընթացին համապատասխան կրթություն ստանալուց հետո 1885–90 թվականներին հատուկ ծրագրով մասնագիտացել է իրավաբանության և տնտեսագիտության մեջ, անցել Գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացը, դարձել է գնդապետ (1892), անգլիական բանակի ծովակալ (1908) և ֆելդմարշալ (1915)։
1889 թվականից մասնակցել է Պետական խորհրդի աշխատանքներին, Ռուսաստանում ուղևորությունների ժամանակ ուղեկցել է հորը։ 1890 թվականին ձեռնարկել է ծովային ճանապարհորդություն դեպի Հեռավոր Արևելք։ 1894 թ-ին դարձել է կայսր։ 1896 թվականին տիկնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հետ ճանապարհորդել է Եվրոպայում, Ֆրանսիայում մասնակցել է «Ռուսական շաբաթին», Մեծ Բրիտանիայում՝ Բալմորալի բանակցություններին, որտեղ շոշափվել է նաև արևմտահայության խնդիրը։
1905 թ-ի հունվարի 9-ին բռնկված հեղափոխական ցույցը զենքով ճնշելուց հետո, որը հայտնի է Արյունոտ կիրակի անվամբ, հոկտեմբերի 17-ին ստիպված ընդունել է մանիֆեստ «քաղաքական ազատությունների» մասին, որով թույլատրել է ստեղծել քաղաքական կուսակցություններ և Պետդուման ճանաչել է օրենսդիր մարմին։ Սկսվել է Ստոլիպինյան հողային բարեփոխումը (1906 թ.)։ 1907 թ-ին Ռուսաստանը դարձել է Անտանտի անդամ, որի կազմում էլ մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914–18 թթ.)։ Նիկոլայ II-ի կառավարման տարիները Ռուսաստանի համար նշանավորվել են տնտեսության վերելքով ու սոցիալ-քաղաքական հակասությունների սրմամբ։ 1914 թ-ի հուլիսի 19-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 1-ին) Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։ Հոկտեմբերի 20-ին (նոյեմբերի 2-ին) Ռուսաստանն իր հերթին պատերազմ է հայտարարել օսմանյան Թուրքիային։ 1915 թ-ից կայսրն ստանձնել է գերագույն գլխավոր հրամանատարությունը, սակայն չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները։ Ռազմաճակատում կրած պարտությունների հետևանքով տեղի է ունեցել Փետրվարյան հեղափոխությունը (1917 թ.)։ Աշխարհամարտն ավարտվել է Ռուսաստանի պարտությամբ և Ռոմանովների՝ ավելի քան 300-ամյա արքայատան անկումով. միապետությունը փրկելու հույսով Նիկոլայ II-ը հրաժարվել է գահից՝ հօգուտ եղբոր՝ Միխայիլի, որը, սակայն, չի ընդունել այն։
Ժամանակավոր կառավարության հրամանով Նիկոլայ II-ը և նրա ընտանիքը ձերբակալվել են, իսկ 1918 թ-ի հուլիսի 17-ին բոլշևիկները նրանց գնդակահարել են։
Նիկոլայ II-ի օրոք ռուսական արտաքին քաղաքականության մեջ որոշակի տեղ է ունեցել Հայկական հարցը։ Կայսրը, սակայն, անտարբեր էր Օսմանյան կայսրությունում 1894–96 թթ-ի հայերի կոտորածների նկատմամբ։ Նա Արևմտյան Հայաստանի գրավումը Ռուսաստանի համար համարել է անշահավետ, «շատ թանկ ձեռնարկում»։ 1908 թ-ին Սանկտ Պետերբուրգում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն (1858–65 թթ.) և հասարակական գործիչ Մինաս Չերազին. նրանք խնդրում էին Ռուսաստանի օգնությամբ վերարծարծել Հայկական հարցը։ Սակայն կայսրը խուսափել է որոշակի խոստումից՝ սահմանափակվելով Թուրքիայի քրիստոնյաների հանդեպ Ռուսաստանի համակրանքի մասին ընդհանուր դատողություններով։
1914 թ-ի նոյեմբերին Թիֆլիս ժամանած Նիկոլայ II-ը Գևորգ Ե կաթողիկոսի հետ քննարկել է պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի 6 նահանգների և Կիլիկիայի տարածքներում ստեղծվելիք ինքնավար Հայաստանի ծրագիրը։ Սակայն պատերազմի ժամանակ Նիկոլայ II-ը հրաժարվել է Արևմտյան Հայաստանին ինքնավարություն տալու իր խոստումից, իսկ 1915 թ-ի օգոստոսին ցրել է հայկական կամավորական գնդերը և դրանց հենքի վրա ստեղծել միացյալ գումարտակ։ 1916 թ-ի Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրով Արևմտյան Հայաստանը ճանաչվել է ռուսական ազդեցության գոտի, իսկ ավելի ուշ՝ պատերազմի իրավունքով գրավված տարածք։ Նիկոլայ II-ի ներքին քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունեցել հայ իրականության համար. 1903 թ-ին ընդունվել է Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, փակվել են հայկական դպրոցները։ Սակայն համաժողովրդական բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված հեղափոխության (1905–07 թթ.) ազդեցությամբ 1905 թ-ի օգոստոսի 1-ին Նիկոլայ II-ն ստիպված ստորագրել է Հայ եկեղեցու գույքի վերադարձման և հայկական դպրոցների վերաբացման մասին որոշումը։ Նիկոլայ II-ն արժանացել է Սբ Անդրեյ Նախավկայի (1868 թ.), Սբ Ալեքսանդր Նևսկու (1868 թ.), Սբ Վլադիմիրի IV աստիճանի (1890 թ.), Սբ Գեորգիի IV աստիճանի (1915 թ.) և այլ շքանշանների։ 2000 թ-ին Ռուսական ուղղափառ եկեղեցին Նիկոլայ II-ին և նրա ընտանիքին դասել է սրբերի կարգը և դեկտեմբերի 19-ը սահմանել նրանց հիշատակի օր։
Առաջին աշխարհամարտի (1914-18 թթ.) ավարտից և ավստրո-հունգարական զորքերից Սերբիայի ազատագրումից հետո Բելգրադում տեղադրվել է Նիկոլայ II-ի հուշարձանը։
Նկարահանվել են կայսրին և նրա ընտանիքին նվիրված ֆիլմեր («Նիկոլայ և Ալեքսանդրա», 1971 թ., «Հոգեվարք», 1981 թ., «Արքայասպանը», 1991 թ., «Ռոմանովներ. Թագակիր ընտանիքը», 2000 թ., և այլն)։