ֆրանսիացի երգիչ և դերասան From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Շահնուր Վաղինակի Ազնավուրյան, մայիսի 22, 1924[1][2][3][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - հոկտեմբերի 1, 2018[5][6][3][…], Մուրիես[5][7][4]), ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։
Շառլ Ազնավուր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Charles Aznavour |
Ի ծնե անուն | Շահնուր Վաղինակի Ազնավուրյան |
Ծնվել է | մայիսի 22, 1924[1][2][3][…] Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Երկիր | Ֆրանսիա և Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 1, 2018[5][6][3][…] (94 տարեկան) Մուրիես[5][7][4] |
Գերեզման | cemetery of Montfort-l'Amaury[8][9] |
Ժանրեր | փոփ երաժշտություն, շանսոն, ջազ, middle of the road, փոփ, բալլադ և Էթնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, սցենարիստ, կինոդերասան, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դիվանագետ, ստուդիական երաժիշտ, կինոռեժիսոր, երգիչ և Շանսոնիե |
Գործիքներ | վոկալ[10] |
Գործունեություն | 1936–2018 |
Լեյբլ | EMI MusArm Records, Barclay, Polydor, MGM |
Ամուսին | Micheline Rugel?, Evelyne Plessis? և Ulla Thorsell? |
Պարգևներ | |
Կայք | aznavourfoundation.org |
Charles Aznavour Վիքիպահեստում |
Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից)[27] նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։
Չմոռանալով արվեստի մասին՝ նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում[28]։
2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը[29]։
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Վաղինակ[30] Ազնավուրյան[31]։
Ազնավուրի հայրը` Միքայելը (Միշան), ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում[32][33], արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին, Իզմիրում (Թուրքիա), հայ վաճառականների ընտանիքում[34][35], Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից[36]։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թիֆլիսի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)[37][38]։
Ծնողները արտիստներ էին. մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ[39]։ Նրանք հանդիպել են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար[40]։
1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը[41]։
Միշան, որը նախկին բարիտոն էր, «Կովկաս» անունով փոքրիկ ռեստորան է բացում, ուր երգում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գաղթականների համար[42]։ Իր դերասանուհի կնոջ հետ նրանք մեծացնում էին իրենց երկու երեխաներին երաժշտության և թատրոնի մթնոլորտում, տարբեր արվեստագետների շրջանում, որոնք հաճախ էին այցելում Ուշեթ փողոցի վրա գտնվող նրանց ռեստորանը[43]։
1929 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով փակվում է նրանց ռեստորանը, Ազնավուրյանները տեղափոխվում են Կարդինալ Լըմուանի փողոց, ուր նրանց հայրը բացում է սրճարան Ռոնյոնի արվեստի դպրոցի դիմաց։ 1933 թվականին ծնողները որոշում են իրենց որդուն տանել այդ դպրոցը, քանի որ նա երազում էր դերասան դառնալ։ Ուսումնառության հենց առաջին տարում Շառլը առաջին անգամ բեմ է բարձրանում։ Նա իր համար բեմական անուն է ընտրում Ազնավուրը և սկզբնական շրջանում Պտի-Մոնդ անունը կրող փոքրիկ էստրադային բեմում հանդես է գալիս որպես պարող, ապա սկսում է մանկական դերեր կատարել Օդեոն, Մադլեն, Մարինի փարիզյան թատրոններում [44][45][46][47]:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյանները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում, այդ թվում` բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանին և նրա կնոջը՝ Մելինեին[48]։
1941 թվականին Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին[49], որը «Մյուզիք-Հոլ» դպրոցի տնօրենն էր (որը հետագայում դարձավ Երգի ակումբ[50]) և սկսվում է նրանց ընկերությունը, ինչից հետո Շառլը վերջնականապես որոշում է ընտրել երգարվեստը։ Պիեռի հետ նրանք ստեղծում են «Ռոշ և Ազնավուր» դուետը (1943-1950) և սկսում են ելույթներ ունենալ տարբեր համերգասրահներում։ 1944 թվականին նա գրում է իր առաջին «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ Ուլմերի կատարմամբ արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։
Շառլի համար բեկումնային է լինում հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի և իր կուռք Շառլ Տրենեի հետ հանդիպումը։ Էդիթը այս դուետին աշխատանքի է հրավիրում Նյու-Յորք, որտեղ նա մեկնում էր շրջագայությունների[51][52]։ Ռոշ և Ազնավուր դուետը փորձում է հաջողության հասնել Քվեբեկում, այնուհետև՝ Մոնրեալում։ Չնայած նրան, որ Շառլն ու Պիեռը մեծ ճանաչում ունեին Կանադայում, Ազնավուրը մեկնում է Ֆրանսիա և Պիաֆի խորհրդով սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում հաջողությամբ չի պսակվում։ Նա սկսում է համագործակցել Ժիլբեր Բեկոյի հետ։ 1956 թվականին համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչը նրան մեծ ճանաչում և հաջողություն է բերում։
1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունենում Փարիզի Օլիմպիա դահլիճում։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրում է ֆրանսիական մամուլը։
Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել։ |
Մեկ տարի անց 1956-ին նա գրում է իր «Իմ կյանքի մասին» երգը, պատմելով իր հաջողության մասին։ 1960 թվականին՝ 36 տարեկան հասակում, նա գրում է "Je m’voyais déjà" երգը, որը նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Սրան հաջորդում եմ այլ ստեղծագործություններ՝ Tu t'laisses aller (1960), Les comédiens (1962), La Mamma (1963), Et pourtant (1963), For Me Formidable (1964), La Bohème (1965), Comme ils dissent (1972)…[53]։ Ազնավուրը համաշխարհային հռչակ է ձեռք բերում 1963 թվականին՝ Նյու Յորքի Քարնեգի հոլում տված համերգից հետո։ Նա համերգներով է հանդես եկել Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։
1974 թվականին Ազնավուրը մեծ հաջողություն ունեցավ Մեծ Բրիտանիայում, երբ նրա «Նա» երգը չորս շաբաթվա ընթացքում գլխավորում էր հիթ-շքերթը։ Հազարից ավելի երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Հեղինակել է 14 գրքեր, որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով ու դարձել բեսթսելլերներ։
Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2017 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդի Նիկոլան ստեղծեցին «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը։ «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է։
Հայաստանի մշտական դեսպանն էր ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[54]։ 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[55]։
2010 թվականին նա ստանում է Victoires de la Musique մրցույթի գլխավոր մրցանակը[56]։
2011 թվականին սկսվեց Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ «Aznavour toujours» ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[57]։
2017 թվականի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը[58]։
Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբա'յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»: |
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, իր՝ Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը եղել է թոքերի այտուցը։
Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։
Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ։ - Էմանուել Մակրոն, Հոկտեմբերի 5, 2018 թ․ |
Հրաժեշտի արարողությանը ներկա էին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանց կանայք և Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը։ Ազնավուրը թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում[59]։
Ազնավուրն ունի մեկ քույր՝ Աիդա Ազնավուրը (ծնված 1923 թվականի հունվարի 13-ին), Ժորժ Կառվարենցի կինը։
Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ՝ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28), և երրորդ անգամ՝ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 5 երեխա՝ Սեդան[60], Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։
Հորաքույրը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արուս Ազնավուրյանն է։
Զարմիկը՝ Մայք Քոնորս (1925–2017), ամերիկացի դերասան , 1970 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր լավագույն հեռուստատեսային դերասանի համար։
1990 թվականին նա գրող-ռեժիսոր Մայքլ Ֆինի Կալանին առաջարկեց անդրադառնալ իր կյանքին հեռուստատեսային My Riviera շարքում, որի նկարահանումները տեղի ունեցան Հարավային Ֆրանսիայի Պորտ Գրիմո վայրում գտնվող Ազնավուրի տանը։ Նա բնակվում էր Սբ. Սյուլպիսում, Վո, Շվեյցարիա։
Նրա երաժշտականությունը և անունը արտերկրում առկա է փոփ մշակույթի շատ այլ ոլորտներում ևս։ Ազնավուրի անունը ընկած է Յոշիյուկի Տոմինոյի 1979 թվականի մեխա անիմե Mobile Suit Gundam սերիալի Char Aznable հերոսի անվան հիմքում։ Նրա «Parce Que Tu Crois» երգը նմուշօրինակ է եղել հիփ-հոփ պրոդյուսեր Dr. Dre-ի «What's the Difference» երգի համար (մասնակցությամբ Էմինեմի և Xzibit-ի)՝ 2001 թվականի ալբոմից։ Ազնավուրի անունը հիշատակվում է The Psychedelic Furs անգլիական ռոք խմբի «Sister Europe» («Քույր Եվրոպա») երգում («The radio upon the floor/ is stupid, it plays Aznavour» «Ռադիոն հատակին է/Գժվել է, նա Ազնավուր է երգում»)։
Ազնավուրը հաճախ էր կատակում իր ֆիզիկական թերությունների վերաբերյալ, հատկապես իր առանձնահատկության՝ կարճ հասակի, որը կազմում է 160 սմ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.