Ուկրաինա
երկիր Արևելյան Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինա (ուկրաիներեն՝ Україна, Ուկրաինա, [ukrɑˈjinɑ]), պետություն Արևելյան Եվրոպայում, որը Ռուսաստանի Դաշնությունից հետո տարածքի չափերով երկրորդն է Եվրոպա աշխարհամասում[5]։ Այն հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակցում է Ռուսաստանին[Ն 1], հյուսիս-արևմուտքում՝ Բելառուսին, արևմուտքում՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ-արևմուտքում՝ Մոլդովայի Հանրապետությանը[Ն 2], հարավում և հարավ-արևելքում՝ համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։ Ուկրաինան զբաղեցնում է 603,628 քառակուսի կմ տարածք[Ն 3]՝ շուրջ 40 միլիոն բնակչությամբ[6][7][Ն 4]։ Մայրաքաղաքը Կիևն է։ Մյուս խոշորագույն բնակավայրերն են Խարկովը, Օդեսան, Դնիպրոն, Դոնեցկը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուկրաինա (այլ կիրառումներ)
Ուկրաինա Україна |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Ուկրաինայի պետական օրհներգ (ուկրաիներեն՝ Державний Гімн України) «Դեռ չի մահացել Ուկրաինան» «Ще не вмерла України» |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Կիև | |||
պաշտոնական լեզու | ուկրաիներեն[1] | |||
Կառավարում | ունիտար կիսանախագահական հանրապետություն | |||
- | նախագահ | Վոլոդիմիր Զելենսկի | ||
- | վարչապետ | Դենիս Շմիհալ | ||
- | Գերագույն ռադայի խոսնակ | Ռուսլան Ստեֆանչուկ | ||
Կազմավորում | ||||
- | Կիևյան Ռուսիա | 879 | ||
- | Գալիցիա-Վոլինիայի թագավորություն | 1199 | ||
- | Կազակական հետմանություն | օգոստոսի 18, 1649 | ||
- | Ուկրաինայի ժողովրդական հանրապետություն | հունիսի 10, 1917 | ||
- | Ժողովրդական հանրապետության անկախության հռչակագիր | հունվարի 22, 1918 | ||
- | Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետություն | նոյեմբերի 1, 1918 | ||
- | Վերամիավորման ակտ | հունվարի 22, 1919 | ||
- | Ուկրաինայի անկախության հռչակագիր | օգոստոսի 24, 1991 | ||
- | Ջրային (%) | 7 | ||
Բնակչություն | ||||
- | հունվար, 2022 նախահաշիվը | ▼ 41,167,336[2]
(առանց Ղրիմ) (36-րդ) |
||
- | 2001 մարդահամարը | 48,457,102 | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2021 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $584 մլրդ[3] (48-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $14,150[3] (108-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2021 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $181 մլրդ[3] (56-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $4,380[3] (119-րդ) | ||
Ջինի (2019) | 26.6 | |||
ՄՆԶԻ (2019) | 0.779 (74-րդ) | |||
Արժույթ | գրիվնա (₴) (UAH) | |||
Ժամային գոտի | EET (ՀԿԺ+2[4]) | |||
- | Ամռանը (DST) | EEST (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .ua .укр |
|||
Վեբկայք ukraine.ua |
||||
Հեռախոսային կոդ | +380 |
Ուկրաինայի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս մ․թ․ա․ 32,000 թվականից։ Միջնադարյան ժամանակաշրջանում՝ Կիևյան Ռուսիայի օրոք, այն եղել է արևելասլավոնական մշակույթի առանցքային կենտրոնը, որը զարգացել է մինչև 13-րդ դար և ավերվել մոնղոլական արշավանքների հետևանքով։ Այս իրադարձություններին հաջորդող 600 տարիների ընթացքում ժամանակակից Ուկրաինայի տարածքը կառավարվել է մի շարք արտաքին ուժերի, այդ թվում՝ Ռեչ Պոսպոլիտայի, Ավստրիական կայսրության, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և ցարական Ռուսաստանի կողմից։ 17-րդ դարում կենտրոնական Ուկրաինայում ձևավորվել է Կազակական հետմանությունը, որն ավելի ուշ բաժանվել է Ռուսաստանի և Լեհաստանի միջև և, ի վերջո, ամբողջությամբ ներառվել Ռուսական կայսրության կազմում։ Ռուսական հեղափոխությունից հետո ակտիվացել է ուկրաինական ազգային-ազատագրական շարժումը, որի արդյունքում 1917 թվականին ձևավորվել է Ուկրաինայի ժողովրդական հանրապետությունը։ Այնուամենայնիվ, ուկրաինական անկախ պետությունը կարճ կյանք է ունեցել և 1917 թվականին ենթարկվել բոլշևիկյան բանակի ռազմախուժմանը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1922 թվականին, սոցիալիստական Ուկրաինան դարձել է Խորհրդային միության հիմնադիր-անդամ։ 1932-1933 թվականներին խորհրդային իշխանությունների կողմից կազմակերպված արհեստական սովի՝ Հոլոդոմորի զոհ են դարձել միլիոնավոր ուկրաինացիներ։ 1939 թվականին Լեհաստանի դեմ խորհրդա-գերմանական ագրեսիայի արդյունքում Ուկրաինական ԽՍՀ-ն արևմուտքում ձեռք է բերել նոր տարածքներ, իսկ 1954 թվականի Ղրիմի փոխանցմամբ Ուկրաինան ընդարձակվել է դեպի հարավ։ 1945 թվականին Ուկրաինայի ԽՍՀ-ն դարձել է Միավորված ազգերի կազմակերպության անդամ[8]։ Խորհրդային տարիներին Ուկրաինան երկրորդ ամենաբնակեցված և արդյունաբերական հանրապետությունն էր ԽՍՀՄ-ի կազմում։
Անկախացումից հետո Ուկրաինան կառավարվել է որպես ունիտար հանրապետություն՝ կիսանախագահական համակարգով։ Այն իրեն հռչակել է չեզոք պետություն[9]՝ սահմանափակ ռազմական գործընկերություն ձևավորելով Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ՝ միաժամանակ 1994 թվականին գործընկերություն հաստատելով նաև Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ։ 2013 թվականին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կասեցրել է Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ հօգուտ ՌԴ-ի հետ ավելի սերտ տնտեսական կապերի։ Արդյունքում՝ Ուկրաինայում բռնկվել են զանգվածային բողոքի ցույցեր և ակցիաներ, որոնք հայտնի են դարձել «Եվրամայդան» անվանումով՝ վերաճելով Արժանապատվության հեղափոխության։ Այն հանգեցրել է Յանուկովիչի վարչակարգի տապալմանը և երկրում նոր, արևմտամետ ռեժիմի հաստատմանը։ Այս իրադարձությունները հիմք են հանդիսացել 2014 թվականի մարտին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և հաջորդ ամիս՝ Դոնբասի անջատողականների կողմից պատերազմի սանձազերծման համար։ Ռուս-ուկրաինական հակամարտության շրջանակներում 2022 թվականին փետրվարին ռուսական զորքերը ներխուժել են Ուկրաինա՝ սանձազերծելով Երկրորդ աշխարհամարտից հետո ծավալված ամենամասշտաբային և արյունալի զինված հակամարտություններից մեկին։ Ուկրաինան իր որդեգրած եվրոատլանտյան ինտեգրացիայի արտաքին քաղաքական կուրսի շրջանակներում շարունակում է ավելի սերտ տնտեսական, քաղաքական և ռազմական կապեր փնտրել Արևմուտքի երկրների հետ՝ Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի հետ մեկտեղ[10]։
Ուկրաինան զարգացող երկիր է՝ միջինից ցածր եկամուտ ունեցող տնտեսությամբ։ Գտնվում է Եվրոպայի ամենաաղքատ պետությունների շարքում․ 2022 թվականի դրությամբ այն տառապում է կյանքի ցածր տևողությամբ և համատարած կոռուպցիայով[11][12]՝ Մարդկային զարգացման ինդեքսում զբաղեցնելով 74-րդ տեղը։ Այնուամենայնիվ, իր ընդարձակ բերրի հողերի շնորհիվ Ուկրաինան աշխարհում հացահատիկ արտահանող առաջատար երկրներից է[13][14]։ Այն ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՎՈւԱՄ կազմակերպության, Ասոցացման եռյակի և Լյուբլինյան եռանկյունու անդամ է։ 2022 թվականին Ուկրաինան ներկայացրել է ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ և ստացել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։
Ուկրաինան ունի մի քանի պատմական անվանումներ, որոնք մասամբ կամ ամբողջությամբ նույնական են։ Ժամանակակից Ուկրաինան գտնվում է այն հողերում, որոնք մեր թվարկությունից առաջ պատմագիտությանը հայտնի են եղել որպես «Սկյութիա» և «Սարմատիա» (թագավորություն Սարմատաց)։ Այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել ուկրաինացի ժողովրդի էթնոգենեզը, պատմական տարբեր ժամանակահատվածներում հիշատակվել է տարբեր անվանումներով, այդ թվում՝ «Ռուս» («Ρωσία», «Росія»), «Ռուտենիա», «Ռոքսոլանիա» («Roxolania»)[15], «Ուկրաինա», «Մալոռոսիա», «Հետմանշինա» («Гетьманщина»):
«Ուկրաինա» անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ։ Ամենատարածված տարբերակի համաձայն, որը ձևավորվել է ռուսական և լեհական պատմագրության ազդեցությամբ[16], երկրանվանումն առաջացել է հին սլավոներեն «կրաինա» («Країна») բառից, որը նշանակում է «սահմանամերձ երկիր» (ռուս.՝ окраину)[17]։ Ըստ ուկրաինական տեսակետի՝ «Ուկրաինա»-ն առաջացել է «կրաինա» (երկիր) բառից, իսկ «ու» («у») սկզբնատառը նշանակում է «հարազատ», «բնիկ»։
«Ուկրաինա» բառն առաջին անգամ հիշատակվել է Կիևյան տարեգրության մեջ՝ 1187 թվականին։ Այսկերպ այն հիշատակում էր Պերեյասլավլի իշխանության տարածքը։ Այս բառը հանդիպում է նաև 1189, 1213, 1280 և 1282 թվականների ռուսական տարեգրություններում՝ ծառայելով որպես Գալիցիայի, արևմտյան Վոլինի, Խոլմերի երկրի և Պոդլաշիայի աշխարհագրական տարածաշրջանների համընդհանուր անվանում։