Չանդրասեկհարա Վենկատա Ռաման
From Wikipedia, the free encyclopedia
Չանդրասեկհարա Վենկատա Ռաման (թամիլերեն՝ சந்திரசேகர வெங்கடராமன், նոյեմբերի 7, 1888(1888-11-07)[1][2][3][…], Տիրուչիրապալի, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան[4] - նոյեմբերի 21, 1970(1970-11-21)[1][3][5][…], Բանդալոր, Մայսուր), հնդիկ ֆիզիկոս։
Սովորել է Մադրասի համալսարանում (1903-1907 թվականներին)։ 1907-1917 թվականին ծառայել է ֆինանսների դեպարտամենտում և միաժամանակ գիտական աշխատանք կատարել Գիտության զարգացման հնդկական ասոցիացիայի լաբորատորիաներում։ 1917-1933 թվականներին աշխատել է Կալկաթայի համալսարանում։ 1925 թվականին, ՍՍՀՄ ԳԱ հրավերով այցելել է Սովետական Միություն։ 1933 թվականից՝ Գիտության ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն, 1947 թվականից՝ Բենգալուրուի Ռամանի ԳՀԻ-ի տնօրեն։ Հնդկաստանի ԳԱ նախագահ (1934 թվականից)։
Աշխատանքները վերաբերում են ոչ գծային և պարամետրական տատանումների հետազոտմանը, օպտիկային, ձայնագիտությանը, մոլեկուլային ֆիզիկային։ 1928 թվականին, Լեոնիդ Մանդելշտամի և Գրիգորի Լանդսբերգի հետ միաժամանակ, հայտնագործել է լույսի կոմբինացիոն ցրման երևույթը (Կ․ Ս․ Կրիշնանի հետ համատեղ) և մեկնաբանել այն որպես Քոմփթոնի էֆեկտի օպտիկական նմանակ (Նոբելյան մրցանակ, 1930)։ Ունի նաև բյուրեղների ֆիզիկային և ուլտրաձայնային ալիքներից լույսի դիֆրակցիայի առաջացման երևույթին վերաբերող աշխատանքներ։
Որպես կազմակերպիչ, գիտական հիմնարկների ղեկավար և մանկավարժ, Ռամանը մեծ գործ է կատարել Հնդկաստանում գիտության զարգացման համար։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1947)։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակ (1957)։