Պարսկերենի այբուբեն
From Wikipedia, the free encyclopedia
Պարսկերենի այբուբեն (պարս.՝ الفبای فارسی, ալեֆբայե ֆարսի[1]), գրային համակարգ, որը գործածական է ժամանակակից պարսկերենի համար։ Մինչ այդ գոյություն ունեցած գրային համակարգերը, որոնք ստեղծվել էին հին պարսկերենի (մ.թ.ա. 6-3-րդ դարեր), պարթևերենի (մ.թ.ա. 3 - մ.թ. 3-րդ դարեր) և պահլավերենի (3-7-րդ դարեր) համար, զարգացած միջնադարում այլևս գործածական չէին[2]։
Գրային համակարգը հիմնված է արաբերենի այբուբենի վրա, որը բացատրվում է 7-րդ դարում Սասանյան Պարսկաստանի նվաճմամբ և երկու դար տևած արաբական գերիշխանությամբ։ Երկրում տարածվեց իսլամը իր երկու՝ սուննի և շիա ճյուղերով։ Ժամանակի ընթացքում շիականությունը հիմնականում դուրս մղեց մյուս բոլոր հավատալիքները։ 9-րդ դարում առաջացան Սամանիների (819-999) և Սաֆարիների (861-1003) բուն իրանական կիսանկախ պետությունները[3], որոնք հիմք դրեցին արդի պարսկերենի այբուբենին[4]։
Արաբերենի այբուբենը հարմարեցվել է պարսկերենի գրային համակարգի համար. պարսկերենի այբուբենը ներառում է արաբերենի բոլոր 28 հարֆերը, ինչպես նաև ևս չորսը՝ پ (փե), ژ (ժե), گ (գաֆ), چ (չե), ուստիև այբուբենը երբեմն կոչվում է «փաժգաչ»։ Որոշ տառեր ունեն նույնական հնչողություն[5]։ Գրվում է աջից ձախ։ Մաթեմատիկական արտահայտությունները և թվային արժեքները նույնպես գրվում են աջից ձախ, որոնք այլ լեզուներում ընթերցվում են ձախից աջ։ Հարֆերից որոշներն ունեն չորս գրելաձև։