Պետրոս I
From Wikipedia, the free encyclopedia
Պետրոս I (Պյոտր Ալեքսեևիչ Ռոմանով, հայտնի է նաև որպես Պետրոս Մեծ[10], ռուս.՝ Пётр Алексе́евич Рома́нов, Пётр I կամ Пётр Вели́кий, մայիսի 30 (հունիսի 9), 1672[1], Մոսկվա, Ռուսական թագավորություն[2] - հունվարի 28 (փետրվարի 8), 1725[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), Մոսկովյան պետության թագավոր (ցար) Ռոմանովների հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից)։ Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսաստանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը։
Պետրոս Առաջինը թագավոր (ցար) հռչակվել է 1682 թվականին՝ 10 տարեկան հասակում, սկսել է ինքնուրույն կառավարել 1689 թվականին։ Մինչև 1696 թվականը Պետրոս Առաջինին գահակից էր նրա եղբայր Իվան V-ը, որի մահից հետո կառավարել է միանձնյա։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, ռուսական ցարերից առաջինը երկարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներում։ 1698 թվականին վերադառնալով Ռուսաստան՝ նախաձեռնել է ռուսական պետության ու հասարակական կացութաձևի լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է դեռևս 17-րդ դարում սահմանված խնդրի իրականացումը՝ Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առափնյա շրջանների ընդգրկման շնորհիվ, որ տեղի է ունեցել Շվեդիայի դեմ Մեծ հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի արդյունքում։ Դա թույլ տվեց նրան 1721 թվականին հռչակել Ռուսական կայսրություն և ընդունել կայսրի տիտղոսը։ Ռուսաստանի նոր մայրաքաղաքը դարձավ Սանկտ Պետերբուրգը։ Վերջինիս պատմությունը սկիզբ է առնում 1703 թվականի մայիսի 27-ին, երբ կայսրը շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա հիմնադրում է Սանկտ-Պիտեր-Բուրխ ամրոցը։ Պետրոս Առաջինը վախճանվել է 1725 թվականին, սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել 18-րդ դարի ողջ ընթացքում։