Պոեզիա
From Wikipedia, the free encyclopedia
Պոեզիա (ծագում է հին հունարեն poiesis (ποίησις) բառից, որ նշանակում է «ստեղծել»), չափածո ստեղծագործությունների ընդհանրական անվանումը, որի հիմքում լեզվի գեղագիտական այնպիսի առանձնահատկություններն են, ինչպիսիք են բարեհնչությունը, հնչիմաստը և ռիթմը[1][2][3]։
Պոեզիան ծագման երկար պատմություն ունի, որը կապվում է դեռևս շումերական «Գիլգամեշ» էպոսի հետ։ Վաղ շրջանի պոեզիայի նմուշները ծագել են ժողովրդական երգերից, ինչպես և առհասարակ բանավոր ժողովրդական նմուշներից. այդպես եղավ, օրինակ, չինական «Շիցզինի», Հոմերոսի «Իլիականի» և «Ոդիսականի» դեպքում։ Հին շրջանում պոեզիան բնութագրելու ուղղությամբ կատարված բոլոր փորձերը, ինչպես օրինակ, Արիստոտելի «Պոետիկան», ուղղված էին ճարտասանության մեջ, դրամայում, երգի և կատակերգության մեջ խոսքի կառուցման առանձնահատկությունները վեր հանելուն։ Ավելի ուշ շրջանի ուսումնասիրությունները կենտրոնացան այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են կրկնությունը, բանաստեղծական ձևը և հանգը, և ընդգծեցին գեղագիտական այնպիսի կողմեր, որոնք զանազանում են պոեզիան շարադրանքի որոշակիորեն տեղեկատվական արձակ ձևերից։
Պոեզիան օգտագործում է ձևեր և հնարքներ՝ ընդգծելու խոսքի հուզականությունը զգացական արձագանք արթնացնելու նպատակով։ Այնպիսի միջոցները, ինչպես համահնչունությունը, ալիտերացիան և ռիթմը, անվանաբանությունը, երբեմն օգտագործվում էին իբրև երաժշտական և հմայական միջոցներ։ Երկիմաստության, խորհրդանշանների, հեգնանքի և այլ ոճական հնարքների կիրառումը չափածո խոսքում առիթ է տալիս բանաստեղծության բազում մեկնաբանությունների։ Խոսքի համանման բաղադրիչները, ինչպես փոխաբերությունը, համեմատությունը, փոխանունությունը[4], ստեղծում են իրարից տարբեր պատկերների անդրադարձը, շերտավորում իմաստները՝ ձևավորելով առնչություններ, որ նախկինում չեն նկատվել։ Այսինքն` ինչ-որ չափով տեղի է ունենում բառի նշանակության փոփոխություն, այն ձեռք է բերում նոր, անուղղակի կամ անսովոր, ավելի լայն կամ նեղ իմաստ, որի հաշվին էլ խոսքն ավելի պատկերավոր է դառնում։ Խոսքի պատկերավորման միջոցների հարազատություն կարող է գոյություն ունենալ չափածո խոսքի անհատական դրսևորումներում՝ նրանց հանգի և ռիթմի մեջ։ Պոեզիայի որոշ ձևեր ու ժանրեր հատուկ են որոշ մշակույթների ու համապատասխանում են այն լեզվի առանձնահատկություններին, որով բանաստեղծը գրում է։ Ընթերցողները հակված էին նույնականացնել պոեզիան Դանթեի, Գյոթեի, Միցկևիչի և Ռումիի հետ, ովքեր ձևավորում են որոշակի ուղղություն պոեզիայում` կիրառելով հանգը և բանաստեղծական կանոնավոր չափը, թեպետ կային նաև այլ ավանդույթներ, ինչպես ասենք հոգևոր պոեզիան, որ օգտագործում էր այլ միջոցներ ռիթմ և բարեհնչունություն ստեղծելու համար։ Ժամանակակից պոեզիան արտացոլում է բանաստեղծական ավանդների քննադատությունը[5]` խաղարկելով և փորձարկելով այն, հաճախ ընդհանրապես հրաժարվելով հանգից և այդպիսով ստեղծելով ռիթմ[6][7]։ Մերօրյա զգալիորեն գլոբալիզացված աշխարհում, պոետները հաճախ այլ մշակույթներից և լեզուներից ընդօրինակում են ձևեր, ոճեր և հնարքներ։