Պրահա
քաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Պրահա (չեխ․՝ Praha [ˈpraɦa]), Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը, Բոհեմիայի պատմական մայրաքաղաքը։ Պրահան, որը գտնվում է Վլտավա գետի ափին, ապրում է ▲1 357 326 մարդ (հունվարի 1, 2023)[2] մարդ։ Քաղաքի կլիման չափավոր օվկիանոսային է՝ համեմատաբար տաք ամառով և սառը ձմեռով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պրահա (այլ կիրառումներ)
Պրահան Կենտրոնական Եվրոպայի քաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոնն է՝ հարուստ պատմությամբ և ռոմանական, գոթական, վերածննդի և բարոկկո ճարտարապետությամբ։ Եղել է Բոհեմիայի թագավորության մայրաքաղաքը և Սրբազան Հռոմեական կայսրության մի քանի կայսրերի՝ առաջին հերթին Կառլոս IV-ի (կառավարման տարիներ՝ 1346–1378) նստավայրը[3]։
Պրահան Հաբսբուրգների միապետության և Ասվտրո-Հունգարական կայսրության կարևորագույն քաղաքներից էր։ Բնակավայրը կարևոր դեր է խաղացել Բոհեմական և Բողոքական բարեփոխումների, Երեսնամյա պատերազմի և 20-րդ դարի պատմության մեջ՝ համաշխարհային պատերազմների և հետպատերազմյան կոմունիստական դարաշրջանում որպես Չեխոսլովակիայի մայրաքաղաք[4]։
Պրահայում կան մի շարք հայտնի մշակութային վայրեր, որոնցից շատերը վերապրել են 20-րդ դարի Եվրոպայի բռնությունն ու ոչնչացումը։ Հիմնական տեսարժան վայրերն են Պրահայի ամրոցը, Կառլի կամուրջը, Հին քաղաքի հրապարակը՝ Պրահայի աստղագիտական ժամացույցով, Հրեական թաղամասը, Պետրին բլուրն ու Վիշեգրադը։ 1992 թվականից Պրահայի պատմական կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Քաղաքում կան ավելի քան տասը խոշոր թանգարաններ, ինչպես նաև բազմաթիվ թատրոններ, պատկերասրահներ, կինոթատրոններ և այլ պատմական ցուցանմուշներ։ Այստեղ կան բազմաթիվ հանրային և մասնավոր կրթական կենտրոններ, այդ թվում՝ Կառլի համալսարանը՝ Կենտրոնական Եվրոպայի ամենահին համալսարանը[5]։
Ըստ GAWC հետազոտությունների՝ Պրահան դասակարգվում է որպես «Ալֆա-» գլոբալ քաղաք[6]։ 2019 թվականին Mercer-ի կողմից քաղաքը ճանաչվել է ապրելու համար ամենահարմար 69-րդ քաղաք[7]։ Նույն թվականին PICSA Index-ը քաղաքը ապրելու պիտանելիության ցանկում քաղաքը դասակարգել է 13-րդ հորիզոնականում[8]։ Հարուստ պատմությունը քաղաքը դարձնում է զբոսաշրջիկների համար այցելության հայտնի ուղղություն, 2017 թվականի դրությամբ Պրահան տարեկան ընդունում է ավելի քան 8,5 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ։ 2017 թվականին Պրահան ներառվել է Լոնդոնից, Փարիզից, Հռոմից և Ստամբուլից հետո ամենաշատ այցելվող եվրոպական քաղաքների ցանկում[9]։