Ջերմային ցնցում
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեբրիլ ցնցում, հայտնի է նաև ջերմային ցնցում կամ ֆեբրիլ կոնվուլսիաներ, ցնցում, որը դիտվում է մարմնի բարձր ջերմության ժամանակ։ Այս հիվանդության բնորոշ հատկանիշը այն է, որ առանց տենդի ցնցումներ չեն դիտվում[1]։ Ֆեբրիլ ցնցում դիտվում է հիմնականում 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների մոտ[1]։ Ցնցումների մեծ մասը տևում է մինչև հինգ րոպե և երեխան դրվագից մոտ 1 ժամ անց վերադառնում է իրեն բնորոշ նորմալ վիճակին[1][2]։
Ջերմային ցնցում | |
---|---|
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն, հիվանդություն և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն, անհետաձգելի բժշկություն և մանկաբուժություն |
ՀՄԴ-10 | R56.0 |
Կարող են լինել ֆեբրիլ ցնցման ընտանեկան դեպքեր[1]։ Ախտորոշումը դրվում է, երբ ապացուցվում է, որ չկա վարակ կենտրոնական նյարդային համակարգում, չկան նյութափոխանակային խանգարումներ և նախկինում չեն դիտվել տենդով չուղեկցվող ցնցումներ[1]։ Տարբերակում ենք ֆեբրիլ ցնցման երկու տիպ՝ պարզ ֆեբրիլ ցնցում և բարդ ֆեբրիլ ցնցում[1]։ Պարզ ֆեբրիլ ցնցումը բնորոշվում է այլապես առողջ երեխայի մոտ հիմնականում տոնիկո-կլոնիկ ցնցումների առկայությամբ, որոնք տևել են 15 րոպեից քիչ, 1 անգամ 24 ժամվա ընթացքում[1]։ Արյան քննությունների, կենտրոնական նյարդային համակարգի գործիքային հետազոտությունների կամ էլեկտրոէնցեֆալոգրամայի (ԷԷԳ) անցկացման անհրաժեշտություն հաճախ չի լինում[1]։ Խորհորդ է տրվում անցկացնել հետազոտություններ, որոնք օգտակար կլինեն ջերմության պատճառը հայտնաբերելու հարցում[1]։ Այլ պատճառներով առողջ երեխաների մոտ գոտկային պունկցիա անցկացնելու անհրաժեշտություն հազվադեպ է լինում[1]։
Պարզ ֆեբրիլ ցնցումների կանխարգելման նպատակով հակացնցումային դեղորայքի կամ ջերմիջեցնողների ընդունման անհրաժեշտություն չկա[1]։ Այն դեպքերում, երբ ցնցումները տևում են 5 րոպեից ավելի, լինում է անհրաժեշտություն բենզոդիազեպանի՝ լորազեպամ կամ միդազոլամ նշանակելու[1][3]։ Այս երեխաների մոտ հիվանդության կանխատեսումները գերազանց են, ակադեմիական հաջողությունները չեն տարբերվում այլապես առողջ երեխաների հետ համեմատած և չկա մահվան ռիսկ պարզ ֆեբրիլ ցնցումների ժամանակ[1]։ Կան նախնական ապացույցներ այն մասին, որ ֆեբրիլ ցնցում ունեցող երեխաները ի համեմատ կոնտրոլ խմբի ունեն քիչ ավելի բարձր հավանականություն էպիլեպսիա հետագայում ունենալու, մոտ 2 տոկոս դեպքերում[1]։ Ֆեբրիլ ցնցումները ախտահարում են 5-ից 2 երեխայի մինչև 5 տարեկանը լրանալը[1][4]։ Ավելի հաճախ այն դիտվում է տղաների մոտ քան աղջիկների[5]։ Առաջին ֆեբրիլ ցնցման դրվագից հետո կրկնվելու հավանականությունը տատանվում է 15-70 տոկոսի սահմաններում[1]։