Ռաջ Կապուր (հինդի՝ राज कपूर, իրական անունը՝ Ռանբիր Ռաջ Կապուր, դեկտեմբերի 14, 1924(1924-12-14)[1][2], Փեշավար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] - հունիսի 2, 1988(1988-06-02)[3], Նյու Դելի, Հնդկաստան), կինոյի և թատրոնի հնդիկ դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ Հայրենիքում Ռաջ Կապուրն արժանացել է հնարավոր բոլոր մրցանակներին ու կոչումներին, այսօր էլ հետմահու շարունակում է պարգևատրվել։ Հայտնի է որպես «հնդիկ Չարլի Չապլին», «հնդկական կինոյի հայր» և «Արևելքի կապուտաչյա թագավոր»։ Նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ստացել է «Ընկեր թափառաշրջիկ», իսկ Եվրոպայում` «հնդկական Պետրոս I» անունները։

Արագ փաստեր Ռաջ Կապուրհինդի՝ राज कपूर, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Ռաջ Կապուրը ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Փեշավար քաղաքում ` հայտնի դերասան և թատերական գործիչ Պրիտհվիռաջ Կապուրի և նրա կնոջ` Ռամսարնի Մեհրայի ընտանիքում։ Բացի Ռաջ Կապուրից, ընտանիքում մեծանում էին նաև նրա եղբայրները՝ Շամմի Կապուրը, Շաշի Կապուրը և քույրը՝ Ուրմիլա Սիալ Կապուրը։

Իր առաջին դերը կինոյում Ռաջ Կապուրը կատարել է 11 տարեկանում ` 1935 թվականին նկարահանված «Հեղափոխություն» կինոնկարում։ Մանկության տարիներից խաղացել է իր հոր Prithvi Theatres թատերախմբում, սակայն նրա երազանքը կինոն էր։ Հրաժարվելով ստանալ բարձրագույն կրթություն, պատանի տարիներից աշխատել է ռեժիսորի օգնական՝ Bombay Talkies կինոստուդիայում, պրակտիկորեն յուրացնելով կինեմատոգրաֆիական հիմնական մասնագիտությունները։

Հնդկաստանի համար բեկումնային 1947 թվականը բեկումնային էր նաև Ռաջ Կապուրի համար։ Նկարահանվելով մի քանի ֆիլմերի գլխավոր դերերում, իր վաստակած միջոցները նա ծախսեց իր առաջին «Մոխրացող կիրք» (1948 թ.) ֆիլմի ստեղծման համար։ Այս ֆիլմից սկսվեց Ռաջ Կապուրի և դերասանուհի Նարգիսի համագործակցությունը, որի արդյունքում նրանք միասին նկարահանվեցին 16 ֆիլմում։ Չնայած առաջին ֆիլմի համեստ հաջողությանը, 1948 թվականին Ռաջ Կապուրը հիմնադրեց իր սեփական R.K. Films կինոստուդիան և նախաձեռնեց «Անձրևների ժամանակը» մեծամասշտաբ կինոնկարի ստեղծումը։ Այդ ֆիլմից սկիզբ առավ նրա ռեժիսորական կարիերայի փառավոր ուղին։ Ֆիլմի հաջողությանը նպաստեց երիտասարդ ռեժիսորի համագործակցությունը մի ամբողջ խումբ տաղանդավոր և ստեղծագործող մարդկանց հետ։ 1949 թվականին նա Նարգիսի և Դիլիպ Կումարի հետ հանդես եկավ Մեհբուբ Խանի «Համբավ» ֆիլմում։

Իր ֆիլմերի մեծամասնությունում Ռաջ Կապուրը ոչ միայն ռեժիսոր և պրոդյուսեր էր, այլ նաև հանդես էր գալիս գլխավոր դերով։ 1950-ական թվականներին Ռաջ Կապուրի փառքի սահմաններն ընդլայնվեցին՝ նրան շրջապատելով հանդիսատեսի սիրով։ Այդ տարիներին նա Դիլիպ Կումարի և Դև Անանդի հետ միասին համարվում էր լավագույնը։ Չնայած իր ռեժիսորական կոչումին, նա նկարահանվում էր նաև այլ ռեժիսորների մոտ՝ նպատակ ունենալով նաև միջոցներ ձեռք բերել իր սեփական ֆիլմերը նկարահանելու համար։ Նա մեծագույն դերասան էր և ունակ էր կինոխցիկի առջև լինելու անկեղծ, բնական ու շարժուն, ուներ արտահայտչամիջոցների լայն դիապազոն, կարողանում էր հանդիսատեսին հաղորդել անգամ հուզականության ամենանուրբ նշույլները՝ թե աչքերով և թե ժպիտով, օժտված էր երաժշտականությամբ։

Չնայած բացառություններին «Արթուն մնացեք» («Գիշերվա քողի տակ» 1956 թ.), «Եվ նորից կլինի առավոտ» (1958 թ.), «Ցանցառը» (1959 թ.), «Երրորդ երդումը» (1966 թ.) և այլ ֆիլմերում, նրա լավագույն դերերը կատարվել են Ռաջ Կապուր-ռեժիսորի կինոնկարներում։ Առաջին հերթին դա վերաբերվում է «Թափառաշրջիկը» (1951 թ.) և «Պարոն 420» (1955 թ.) կինոնկարներին, որտեղ նա կերտել էր դասական դարձած լիրիկա-կատակերգական հերոսի կերպարը, որը համեմատվել է մեծագույն Չարլի Չապլինի կերտած կերպարի հետ։ Նրա այդ կերպարին համահունչ է նաև 1970 թվականին թողարկված «Իմ անունը ծաղրածու է» ֆիլմի հերոսի կերպարը։

Ռաջ Կապուրի կինոնկարները հայտնի էին ոչ միայն Հնդկաստանում, այլ նաև հարևան երկրներում և ԽՍՀՄ-ում։ Նրա «Թափառաշրջիկը» (1951 թ.), «Կոշիկներ մաքրողները» (1954 թ.), «Պարոն 420» (1955 թ.), «Արթուն մնացեք» (1956 թ.) և «Երկիրը, որտեղով հոսում է Գանգեսը» (1960 թ.) կինոնկարները շոշափում էին նաև սուր սոցիալական թեմաներ։ 1957 թվականին Ռաջ Կապուրը նկարահանվել է «Շարադա» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին Մինա Կումարին էր, իսկ 1959 թվականին՝ «Չորս սիրտ, չորս ճանապարհ» կինոնկարում։ Մալա Սինհայի հետ միասին նա նկարահանվել է «Դաստիարակություն» (1958 թ.) և «Ճակատագրի խաղերը» (1959 թ.) կինոնկարներում։ 1964 թվականին Ռաջ Կապուրը թողարկեց իր առաջին գունավոր «Սանգամ» կինոնկարը։ Ֆիլմը հաջողված էր և դարձավ հիթ։ Նրա հետ միասին ֆիլմում նկարահանվել էին Ռաջենդրա Կումարն ու Վիջայանթհիմալան։ Այնուհետև նա թողարկեց «Իմ անունը ծաղրածու է» (1970 թ.) երեք մասանոց ֆիլմը, որը համարվում է նրա ստեղծագործական կյանքի գլխավոր կինոնկարը։ Այդ ընթացքում Ռաջ Կապուրը նկարահանվել է «Հանցագործություն և...» (1967 թ.), «Աշխարհի շուրջը» (1967 թ.) և այլ ֆիլմերում, որոնցից կարելի է առանձնացնել «Անուրջներ վաճառողը» (1967 թ.) կինոնկարը՝ Հեմա Մալինիի մասնակցությամբ։

1973 թվականին նա բեմադրել է «Բոբբի» կինոնկարը, որն ունեցավ հսկայական հաջողություն։ Ֆիլմում նկարահանվել էին Պրանը, Պրեմ Նաթհը և Արունա Իրանին, իսկ գլխավոր դերերը կատարել էին Ռիշի Կապուրը և Դիմփլ Կապադիան։ 1978 թվականին Ռաջ Կապուրը նկարահանեց «Ճշմարտություն, սեր և գեղեցկություն» խորիմաստ կինոնկարը։ Ֆիլմը սկզբնական շրջանում հաջողություն չունեցավ, սակայն ինչպես Ռաջ Կապուրի շատ ֆիլմեր, այն դարձել է հնդկական կինոյի դասական նմուշ։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել էին Շաշի Կապուրն ու Զինատ Ամանը։ Ռաջ Կապուրի հաջորդ երկու «Սիրային հիվանդություն» (1982 թ.) և «Գանգես, քո ջրերը պղտորվել են» (1985 թ.) կինոնկարները ընդունվեցին ջերմությամբ։ Ռաջ Կապուրի վերջին և անավարտ ֆիլմը պակիստանցի աղջկա և հինդուս տղայի մասին պատմող «Հեննա» կինոնկարն է։ Ֆիլմն ավարտին հասցրին նրա որդիները՝ 1991 թվականին։

Ռաջ Կապուրը համարվում է կինոյի պատմության մեջ եղած ամենահայտնի դերասաններից մեկը։ Նա հանրաճանաչ էր Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Չինաստանում, ԽՍՀՄ-ում, Արաբական երկրներում, Իրանում, Թուրքիայում և այլուր։

Անձնական կյանքը

1946 թվականին Ռաջ Կապուրն ամուսնացել է Կրիշնա Մալհոտրայի հետ, ում հայրը Պրիտհվիռաջ Կապուրի մորեղբայրն էր։ Կրիշնայի եղբայրները՝ Ռաջենդրա Նաթհը, Պրեմ Նաթհը և Նարենդրա Նաթհը հետագայում դարձան դերասաններ, իսկ քույրը ամուսնացել էր դերասան Պրեմ Չոպրայի հետ։

Ըստ որոշ աղբյուրների, Ռաջ Կապուրը 1950-ական թվականներին սիրավեպ է ունեցել Նարգիսի, իսկ հետագայում ` Վիջայանթհիմալայի հետ, չնայած որ երկու դերասանուհիներն էլ ժխտել են այդ փաստը։ Ռաջ Կապուրը ռոմանտիկ կապ է ունեցել նաև դերասանուհի Պադմինիի հետ։

Իր եղբայրների` Շամմի Կապուրի և Շաշի Կապուրի հետ միասին Ռաջ Կապուրը հանդիսանում է Կապուրների դերասանական դինաստիայի երկրորդ սերնդի ներկայացուցիչը։ Նրա երեք որդիները՝ Ռանդհիր Կապուրը, Ռիշի Կապուրը և Ռաջիվ Կապուրը նույնպես դերասաններ են։ Բացի այդ նա ունի նաև երկու դուստր՝ Ռիտու Նանդան և Ռիմա Ջայնը։ Ռաջ Կապուրի որդիների կանայք՝ Բաբիտան և Նիտու Սինգհը նույնպես դերասանուհիներ են։ Ժամանակակից հնդկական կինոյի դերասաններ են նաև Ռաջ Կապուրի թոռնուհիներն ու թոռները՝ Կարիսմա Կապուրը, Կարինա Կապուրը, Ռանբիր Կապուրը և Արման Ջայնը, իսկ թոռներից մեկը՝ Նիքհիլ Նանդան ամուսնացել է Ամիթաբհ Բաչչանի դստեր հետ։

Ռաջ Կապուրը մահացել է 1988 թվականի հունիսի 2-ին՝ Դելիում, ասթմայի հետ կապված սրացումներից, Դադասահեբ Փհալկեի անվան բարձրագույն պարգևն ստանալուց մեկ ամիս անց։ Նրա մահը Հնդկաստանում համարժեք էր ազգային ողբերգության։

Ֆիլմագրության ընտրանին

Դերասան

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1935ՀեղափոխությունInquilab-
1943ԳաուրիGauri-
1943Ընդհանուր զրույցHamari Baat-
1947Սրտի թագուհինDil-Ki-RaniՄադհավ
1947Բանտային կալանքJail Yatra-
1948Հավերժ սերAmar Prem-
1949Անձրևների ժամանակըBarsaatՊրան
1949ՀամբավAndazՌաջան
1950ՊատմությունDastanՌաջ
1950ՄեղեդիSargam-
1950Անմեղ աչիկներBawre NainՉանդ
1951ԹափառաշրջիկըAwaaraՌաջ Ռագունաթ
1952ՀոգիBewafaՌաջ
1952Անհավանական իրադարձությունAnhoneeՌաջկումար Սաքսենա
1955Պարոն 420Shree 420Ռանբիր Ռաջ
1956Արթուն մնացեք (Գիշերվա քողի տակ)Jagte RahoՊասանտ
1956Բոլորից թաքունChori ChoriՍագար, Սուլթանա Դակու
1957ՇարադաSharadaՇեքհար
1958ԴաստիարակությունParvarishՌաջա Ջ. Սինգհ
1958Եվ նորից կլինի առավոտPhil Subha HogiՌամ Բաբու
1959Չորս ճանապարհChar Dil Char RaaheinԳովինդա
1959ՑանցառըAnariՌաջ Կումար
1960ԽարդախըChhaliaՉհալիա
1960Երկիրը, որտեղով հոսում է ԳանգեսըJis Desh Men Ganga Behti HaiՌաջու
1960Պարոն ճշմարտասերըShriman SatyawadiՎիջայ Կումար
1964ՍանգամSangamՍունդեր Կհաննա
1967Հանցագործություն և ...DiwanaՊյարելալ
1968Անուրջներ վաճառողըSapnon Ka SaudagarՌաջ Կումար
1970Իմ անունը ծաղրածու էMera Naam JokerՌաջ «Ռաջու» Ռանբիր
1971Ժամանակի գետըKal Aaj Aur KalՌամ Բ. Կապուր
1976Իմ ընկեր ԿհանըKhaan DostՀավալդար Ռամդին Պանդեյ
1978ԾառայությունNaukriՍուրաջ Սինգհ
1980ԱբդուլաAbdullahԱբդուլա
1982Մասնավոր խուզարկուGopichand JasoosԳոպիչանդ
Փակել

Ռեժիսոր

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1948Մոխրացող կիրքAag
1949Անձրևների ժամանակըBarsaat
1951ԹափառաշրջիկըAwaara
1955Պարոն 420Shree 420
1964ՍանգամSangam
1970Իմ անունը ծաղրածու էMera Naam Joker
1973ԲոբբիBobby
1978Ճշմարտություն, սեր և գեղեցկությունSatyam Shivam Sundaram: Love Sublime
1982Սիրային հիվանդությունPrem Rog
1985Գանգես, քո ջրերը պղտորվել ենRam Teri Ganga Maili
Փակել

Պրոդյուսեր

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1948Մոխրացող կիրքAag
1949Անձրևների ժամանակըBarsaat
1951ԹափառաշրջիկըAwaara
1953Սիրո շունչըAah
1954Կոշիկներ մաքրողներըBoot Polish
1955Պարոն 420Shree 420
1957Դելին արդեն մոտ էAb Dilli Dur Nahin
1960Երկիրը, որտեղով հոսում է ԳանգեսըJis Desh Men Ganga Behti Hai
1964ՍանգամSangam
1970Իմ անունը ծաղրածու էMera Naam Joker
1971Ժամանակի գետըKal Aaj Aur Kal
1973ԲոբբիBobby
1975Խաբել ճակատագրինDharam Karam
1978Ճշմարտություն, սեր և գեղեցկությունSatyam Shivam Sundaram: Love Sublime
1981Սիրելի կինըBiwi O Biwi
1982Սիրային հիվանդությունPrem Rog
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.