Ռեզոնանս
ֆիզիկական երևույթ / From Wikipedia, the free encyclopedia
Ռեզոնանս (ֆր.՝ resonance, լատին․՝ resonare - «արձագանքում եմ»), տատանողական համակարգում (մեխանիկական, էլեկտրական և այլն) ստիպողական տատանումների լայնույթի կտրուկ աճի երևույթ, երբ արտաքին պարբերական ազդեցությամբ, հաճախականությունը մոտենում է որոշակի արժեքների, որոնք պայմանավորված են համակարգի հատկություններով[1]։ Էներգիական տեսանկյունից ամպլիտուդի աճը ռեզոնանսի դեպքում բացատրվում է նրանով, որ արտաքին ուժի ազդեցության համապատասխան փուլի ընտրությամբ նպաստավոր պայմաններ են ապահովվում համակարգին առավելագույն հզորություն հաղորդելու համար։ Ռեզոնանսի պարզագույն դեպքը կարելի է դիտարկել ազատության մեկ աստիճան ունեցող համակարգի օգնությամբ։ Գծային տատանողական համակարգերի համար ռեզոնանսի հաճախության արժեքները համընկնում են սեփական տատանումների հաճախության հետ, իսկ նրանց թիվը համապատասխանում է ազատության մակարդակների թվին[1]։ Այդպիսի համակարգեր են, օրինակ, զսպանակավոր ճոճանակը (կազմված է զսպանակից և դրանից կախված m զանգվածից) կամ հաջորդաբար միացված ինդուկտիվությունից (L), ունակությունից (C), դիմադրությունից (R) և ներդաշնակ օրենքով փոփոխվող էլեկտրաշարժ ուժի աղբյուրից կազմված էլեկտրական շղթան։ Ռեզոնանսի ազդեցությամբ, տատանողական համակարգը դառնում է ավելի զգայուն հատկապես արտաքին ուժի ազդեցության նկատմամբ։ Զգայունության աստիճանը տատանումների տեսության մեջ նկարագրվում է բարորակություն կոչվող մեծությամբ։ Ռեզոնանսի միջոցով կարելի է հայտնաբերել կամ ուժեղացնել նույնիսկ ամենաթույլ պարբերական տաատնումները։ Ռեզոնանսի երևույթը առաջին անգամ նկարագրվել է Գալիլեո Գալիլեյի կողմից 1602 թվականին, ճոճանակներին և երաժշտական լարերին վերաբերվող աշխատանքներում[2][3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռեզոնանս (այլ կիրառումներ)