Ռոմանտիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոմանտիզմ, վիպապաշտություն, հայտնի է նաև որպես ռոմանտիզմի դարաշրջան, գեղարվեստական, գրական, երաժշտական և մտավոր շարժում, որը սկիզբ է առել մոտավորապես 18-րդ դարավերջին Եվրոպայում և ծաղկում ապրել մոտ 1800-1850-ական թվականներին։ Ռոմանտիզմին բնորոշ էր շեշտադրումը զգացմունքների և ինդիվիդուալիզմի վրա, ինչպես նաև բնության և անցյալի փառաբանումը՝ գերադասելով միջնադարյանը, այլ ոչ դասականը։ Դա որոշ չափով արձագանք էր արդյունաբերական հեղաշրջմանը[1], լուսավորության դարաշրջանի արիստոկրատական սոցիալ-քաղաքական նորմերին, ինչպես նաև բնության գիտական ռացիոնալացմանը, այսինքն՝ մոդերնիզմի[2] բոլոր բաղադրիչներին։ Դա առավել ուժգին մարմնավորվել է կերպարվեստում, երաժշտության, գրականության մեջ, սակայն մեծ ազդեցություն է ունեցել նաև պատմագրության[3], սոցիալական և բնական գիտությունների[4], կրթության[5] վրա։ Այն նշանակալի և բազմակողմանի ազդեցություն է ունեցել քաղաքականության վրա, իսկ ռոմանտիկ մտածողները ազդել են լիբերալիզմի, ռադիկալիզմի, պահպանողականության և ազգայնականության[6] գաղափարների վրա։
Շարժումը շեշտադրում կատարեց ինտենսիվ զգացմունքների` որպես գեղագիտական փորձառության իսկական աղբյուրի վրա՝ նորովի ընդգծելով այնպիսի հույզերը, ինչպիսիք են մտավախությունը, սարսափն ու ահաբեկումը, հուզմունքը (վախ, սարսափ), հատկապես այն սարսափը, որն արտահայտվում էր բնության վեհության և գեղեցկության էսթետիկ նոր կատեգորիաներին դիմադրելու մեջ։ Այն բարձրացրեց ժողովրդական արվեստը և հնագույն սովորույթները՝ վերածելով դրանք ինչ-որ ազնվական երևույթի, միևնույն ժամանակ անսպասելիությունը դարձնելով ցանկալի հատկանիշ (ինչպես օրինակ երաժշտական իմպրովիզի դեպքում)։ Հակառակ լուսավորության շրջանի ռացիոնալիզմի և կլասիցիզմի՝ ռոմանտիզմը վերածնեց միջնադարագիտությունը[7] և մշակույթի, արվեստների ու պատմությունների այն բաղադրիչները, որոնք ընկալվում են որպես իսկական միջնադարյան՝ այսպիսով փորձելով խույս տալ բնակչության աճի, ուրբանիզացիայի վաղ տարածման և ինդուստրալիզացիայի իրականությունից։
Չնայած նրան, որ շարժումը սկզբնավորվել է գերմանական «փոթորիկի և հարձակման» (Strum und Drang) շարժումից, որտեղ բնազդն ու զգացմունքները գերադասվոմ էին լուսավորության շրջանի ռացիոնալիզմից, ֆրանսիական հեղափոխության դեպքերն ու գաղափարները նույնպես ձևավորման անմիջական գործոն են հանդիսացել։ Ռոմանտիզմը մեծապես արժևորում էր «հերոս» անհատների և արվեստագետների ձեռքբերումները, որոնց օրինակները կարող էին բարձրացնել հասարակության մակարդակը։ Այն նաև առաջ քաշեց անհատական երևակայությունը՝ որպես արվեստի դասական ձևերի մասին պատկերացումներից ազատվելու վճռորշ հիմք։ Գաղափարների ներկայացման մեջ մեծապես ապավինում էին պատմական և բնական անխուսափելիության, այսինքն՝ Zeitgeist-ի (դարի շունչ) վրա։ 19-րդ դարի երկրորդ կեսին ռոմանտիզմի[8] միանգամայն հակադիր բևեռ առաջարկվեց համարել ռեալիզմը։ Այս շրջանում ռումանտիզմի անկումը կապված էր բազմաթիվ գործընթացների՝ այդ թվում՝ սոցիալ-քաղաքական փոփոխությունների և ազգայնականության[9] տարածման հետ։