Սերբիա
From Wikipedia, the free encyclopedia
Սերբիա (սերբ.՝ Ср̀бија), պաշտոնական անվանումը Սերբիայի Հանրապետություն (սերբ.՝ Репу̀блика Ср̀бија, Ռեպուբլիկա Սռբիյա), դեպի ծով ելք չունեցող երկիր է Հարավարևելյան Եվրոպայի Բալկանյան թերակղզու կենտրոնական մասում։ Սերբիան հյուսիսից սահմանակից է Հունգարիային, հյուսիս արևելքում՝ Ռումինիային, արևելքում՝ Բուլղարիային, հարավում՝ Հյուսիսային Մակեդոնիային, հարավ-արևմուտքում՝ Ալբանիային և Չեռնոգորիայի, արևմուտքում՝ Խորվաթիային և Բոսնիա և Հերցեգովինային։ Սերբիան 2003-2006 թվականներին մտնում էր Սերբիա և Չեռնոգորիայի կազմի մեջ։ 2006 թվականին անկախացավ Չերնոգորիան։ 2008 թվականին անկախություն հռչակեց Կոսովոն, որի անկախությունը Սերբիան չի ճանաչում[5]։
Պալեոլիթի դարաշրջանից ի վեր, լինելով շարունակաբար բնակեցված, ժամանակակից Սերբիայի տարածքը 6-րդ դարում առերեսվելով սլավոնական միգրացիային՝ մի քանի տարածաշրջանային պետություններ սկիզբ առան, որոնք երբեմն ճանաչվում էին որպես բյուզանդական, ֆրանկական և հունգարական թագավորությունների հարկատուներ։ 1217 թվականին, Սուրբ Աթոռի և Կոստանդնուպոլիսի կողմից Սերբական թագավորությունը։ 1346 թվականին, հասնելով իր տարածքային գագաթնակետին ճանաչվեց որպես Սերբական կայսրություն։ 16-րդ դարի կեսերին օսմանցիները գրավեցին ժամանակակից Սերբիայի ողջ տարածքը. նրանց իշխանությունը երբեմն ընդհատվում էր Հաբսբուրգների կայսրության կողմից, որը սկսեց ընդլայնվել դեպի Կենտրոնական Սերբիա 17-րդ դարի վերջից՝ պահպանելով իր դիրքը Վոևոդինայում։ 19-րդ դարի սկզբին Սերբական հեղափոխությունը ստեղծեց ազգային պետություն՝ որպես տարածաշրջանի առաջին սահմանադրական միապետություն, որը հետագայում ընդլայնեց իր տարածքը[6]։
Առաջին համաշխարհային պատերազմի կորուստներից, Վոևոդինայի նախկին հաբսբուրգյան թագի և Սերբիայի միավորումից հետո, երկիրը հարավսլավոնական այլ ազգերի հետ համահիմնեց Հարավսլավիան, որը գոյություն ունեցավ տարբեր քաղաքական կազմավորումներում մինչև 1990-ականների Հարավսլավական պատերազմները։ Հարավսլավիայի փլուզման ժամանակ Սերբիան միություն կազմեց Չեռնոգորիայի հետ[7], որը խաղաղ լուծարվեց 2006 թվականին՝ 1918 թվականից ի վեր առաջին անգամ վերականգնելով Սերբիայի անկախությունը որպես ինքնիշխան պետության[8]։ 2008-ին Կոսովոյի ասամբլեայի ներկայացուցիչները միակողմանիորեն անկախություն հռչակեցին, ինչին միջազգային հանրության հակասական արձագանքներ հետևեցին, մինչդեռ Սերբիան շարունակում է այն դիտարկել որպես իր ինքնիշխան տարածքի մաս։
Սերբիան միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն է, որը «շատ բարձր» է Մարդկային զարգացման ինդեքսի տիրույթում (63-րդ տեղ)։ Այն ունիտար խորհրդարանական սահմանադրական հանրապետություն է, ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԳՀԽ-ի, ՍԾՏՀ-ի անդամ և անդամակցում է ԱՀԿ-ին։ 2014 թվականից երկիրը բանակցություններ է վարում ԵՄ-ին անդամակցելու շուրջ՝ նպատակ ունենալով մինչև 2025 թվականը միանալ Եվրամիությանը։ Սերբիան պաշտոնապես հավատարիմ է ռազմական չեզոքության քաղաքականությանը. Երկիրն իր քաղաքացիներին տրամադրում է համընդհանուր առողջապահություն և անվճար նախնական և միջնակարգ կրթություն։