From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Միխայիլի Էյզենշտեյն (ռուս.՝ Серге́й Миха́йлович Эйзенште́йн, հունվարի 10 (22), 1898[1], Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 11, 1948[3][2][4][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, դերասան, կինոյի տեսաբան, մոնտաժի տեսության պիոներներից մեկը։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935), Ստալինյան առաջին աստիճանի երկու մրցանակների դափնեկիր (1941, 1946), արվեստագիտության դոկտոր (1939), ՎԳԻԿ-ի պրոֆեսոր։
Սերգեյ Էյզենշտեյն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10 (22), 1898[1] |
Ծննդավայր | Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 11, 1948[3][2][4][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան (1915) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Գործունեության տարիներ | 1923-1946 |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, գյուտարար, մոնտաժող, սցենարիստ, ուսուցիչ, օպերատոր-բեմադրիչ, գծանկարիչ, լուսանկարիչ և ռեժիսոր |
Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ և French Impressionist Cinema? |
Ամուսին | Պերա Ատաշևա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0001178 |
Էյզենշտեյնը կինեմատոգրաֆիայի զարգացման մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, նշանակալի ներդրում ունի խորհրդային և համաշխարհային կինոյի զարգացման գործում։ Sight and Sound ամսագիրն իր տասնամյակային հարցման արդյունքում «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմը կոչել է բոլոր ժամանակների տասնմեկերորդ լավագույն կինոնկար[5]։
Սերգեյ Էյզենշտեյնը ծնվել է Ռիգայում (Լատվիա, այն ժամանակ՝ Ռուսական կայսրության Լիֆլյանդիայի նահանգի կազմում)՝ միջին դասի ընտանիքում։ Մկրտվել է 1898 թվականի փետրվարի 2 (14)-ին. կնքամայրը եղել է մորական տատը՝ առաջին գիլդիայի վաճառական Իրաիդա Կոնեցկայան[6]։ Վաղ տարիքում ընտանիքի հետ հաճախ է տեղափոխվել մի վայրից մյուսը։ Հայրը՝ Միխայիլ Օսիպովիչ Էյզենշտեյնը, եղել է քրիստոնեություն ընդունած գերմանացի հրեա Օսիպ Էյզենշտեյնի որդին, իսկ մայրն ունեցել է շվեդական արմատներ[7][8]։ Մայրը՝ Յուլյա Իվանովնա Կոնեցկայան, եղել է ռուս ուղղափառ ընտանիքից[9]։ Համաձայն այլ աղբյուրների՝ նրա հորական տատի ու պապի նախնիները եղել են բալթիական գերմանացիներ[10]։ Սերգեյ Էյզենշտեյնի հայրը եղել է ճարտարապետ, իսկ մայրը՝ հարուստ վաճառականի դուստր[11]։ Էյզենշտեյնը դաստիարակվել է որպես ուղղափառ քրիստոնյա, սակայն հետագայում դարձել է աթեիստ[12][13]։
Մոր՝ Յուլյա Իվանովնայի օժիտի շնորհիվ ընտանիքը վարել է բարեկեցիկ կյանք, ունեցել է աղախին և իր տանն ընդունել քաղաքի խոշորագույն պաշտոնյաների։ Չնայած հարստությանը՝ Էյզենշտեյնն իր մանկությունը նկարագրել է որպես «վշտի ժամանակաշրջան»[14]։ Ծնողները սիրել են Սերգեյին, սակայն զբաղված լինելով իրենց գործերով՝ նրան անհրաժեշտ ուշադրություն չեն դարձրել[15]։ 1907 թվականին ընտանիքը մեկնել է Փարիզ[16], սակայն նույն թվականին վերադարձել է, և Սերգեյ Էյզենշտեյնն ընդունվել է ռեալական ուսումնարան Ռիգայում[16][15]։ Հիմնական կրթությունից բացի նա սովորել է նվագել դաշնամուր[15] և ձիավարել[17], ինչպես նաև երեք լեզու՝ անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն, հետաքրքրվել է լուսանկարչական արվեստով[18], կոմիքսների[19] և ծաղրանկարների ստեղծմամբ։ Զատկին ու Սուրբ ծննդին Սերգեյը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ տատի մոտ[17]։
Սերգեյ Էյզենշտեյնի ծնողների քառամյա ամուսնալուծական դատավարությունն ավարտվել է 1912 թվականի ապրիլի 26-ին (մայիսի 9)[20]։ Տղան մնացել է հոր մոտ, իսկ մայրը դեռ 1908 թվականից ապրել է Պետերբուրգում՝ Տավրիչեսկայա փողոց, 10 հասցեում[21] և զբաղվել բիրժայում խաղալով[22], իսկ որդին նրան այցելել է Զատկին ու Սուրբ ծննդին։ Վերջինս ձգտել է նմանվել հորը, օրինակ՝ չի ծխել, որովհետև հայրն էլ չի ծխել[14], իսկ հայրն էլ նրան նախապատրաստել է դառնալու ճարտարապետ[14][23]։
1915 թվականին Սերգեյ Էյզենշտեյնն ավարտել է ռեալական ուսումնարանը և ընդունվել Պետրոգրադի քաղաքացիական ինժեներների ինստիտուտ[24], որտեղ սովորել է ճարտարապետություն և ճարտարագիտություն[25]։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Սերգեյ Էյզենշտեյնն աղքատացել է և կտրվել հարազատ քաղաքից, ծնողներից ու ազգականներից։ Նա լրջորեն տարվել է արվեստով, մասնավորապես թատրոնի ճարտարապետությամբ։ Քաղաքացիական ինժեներների ինստիտուտում կազմակերպվել է ոստիկանական շտաբ, որին անդամագրվել է նաև Էյզենշտեյնը։ Դեռ 1917 թվականի գարնանը զորակոչվել է բանակ և հաշվառվել ինժեներական զորքերի պրապորշչիկների դպրոցում։ Նույն թվականի աշնանը նա իր ջոկատի հետ դիրքավորվել է Կրասնոե Սելոյի մոտ և Մոսկովյան խճուղու վրա՝ սպասելով Պետրոգրադի վրա կազակների և «Վայրի դիվիզիայի» հարձակմանը, սակայն դա տեղի չի ունեցել[26]։
Պրապորշչիկների դպրոցի լուծարումից հետո Սերգեյ Էյզենշտեյնը 1918 թվականի մարտի 18-ին ընդունվել է Կարմիր բանակ[27] (իսկ նրա հայրը սատարել է հակառակ կողմին[28]) և նույն թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 1920 թվականի օգոստոս գործող բանակի կազմում շրջել և ապրել է ագիտգնացքներում Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում[29][30]։ Հյուսիսային անհայտ երկաթուղային կայարանում, որտեղ սկզբում նշանակվել է Էյզենշտեյնը, սկիզբ է առել այսպես կոչված «սպիտակ սիրավեպ» բալետի պարուհի Մարիա Պավլովնա Պուշկինայի հետ, որին լնդախտով հիվանդ լինելու պատճառով այդ գյուղ էր ուղարկել Մաքսիմ Գորկու փաստացի կինը՝ Մարիա Անդրեևան։ Պուշկինան միացել է բանակային էշելոնին[29], բայց որոշ ժամանակ անց հեռացել է[31]։
Գրեթե երկու տարի շրջելով էշելոնի հետ՝ Էյզենշտեյնը եղել է նաև Վոժեգայում, Խոլմում, Վելիկիե Լուկիում, Պոլոցկում, Սմոլենսկում, Մինսկում, ինչպես նաև Վիտեբսկում։ Իր հետ նա տարել է մեծ քանակով գրքեր։ Այդ ընթացքում նա վարել է մանրամսն օրագիր, որտեղ նկարագրել է իր ճանապարհորդությունները, գրի առել մտորումներն արվեստի և մասնավորապես թատրոնի վերաբերյալ[31]։ Դրա հետ միաժամանակ նա աշխատել է որպես նկարիչ-դեկորատոր Կարմիր բանակի թատերական կոլեկտիվներում[32]։
1920 թվականին՝ լեհ-խորհրդային պատերազմի ժամանակ, Էյզենշտեյնը, որ գտնվում էր Մինսկի ռազմաճակատում, ծանոթացել է ճապոներենի ուսուցչի հետ, և նրան շատ է դուր եկել նոր լեզուն[32]։ Էյզենշտեյնը բացահայտել է Կաբուկի թատրոնը և ուսումնասիրել ճապոներեն՝ սովորելով շուրջ 300 կանձի[33][34]։
1920 թվականին՝ հաշտության պայմանագրի կնքումից հետո, Էյզենշտեյնը մեկնել է Մոսկվա՝ նպատակ ունենալով ընդունվել Գեներալական շտաբի ակադեմիա և դառնալ թարգմանիչ։ Քաղաքում նա բնակվել է նույն սենյակում իր վաղեմի ընկերոջ՝ դերասան Մաքսիմ Շտրաուխի հետ[35], ում ճանաչում էր վեց տարեկան հասակից[32]։ Շուտով Էյզենշտեյնը թողել է ճապոներեն սովորելը և աշխատանքի ընդունվել Պրոլետկուլտի Առաջին բանվորական թատրոնի թատերախմբում որպես նկարիչ-դեկորատոր[36]։ Այդ ժամանակ նա շատերի նման դարձել է հին մշակույթի ոչնչացման գաղափարների կողմնակից։ Մասնավորապես նա ձգտել է «հեղափոխականացնել» թատրոնը[35]։
1921 թվականին Էյզենշտեյնն ընդունվել է Պետական բարձրագույն ռեժիսորական արվեստանոցներ (ռուս.՝ Государственные высшие режиссёрские мастерские, ГВЫРМ), որ գլխավորում էր Վսևոլոդ Մեյերխոլդը[37], սակայն շարունակել է աշխատել Պրոլետկուլտում։ Այնտեղ երիտասարդ դեկորատորն աշխատել է Վալենտին Սմիշլյաևի «Մեքսիկացին» բեմադրության վրա (ըստ Ջեկ Լոնդոնի նովելի)։ Ըստ Շրաուխի հուշերի՝ Էյզենշտեյնն «արագ մի կողմ է մղել» Սմիշլյաևին և «փաստացիորեն դարձել ռեժիսոր»[35]։ Դրանից հետո Էյզենշտեյնն աշխատել է ևս մի քանի բեմադրությունների վրա որոնց թվում էր Ալեքսանդր Օստրովսկու «Ամեն իմաստունի մեջ պարզություն կա» պիեսի ազատ մեկնաբանությունը[38]։ 1923 թվականին նա այդ դասական կատակերգությունը վերածել է այսպես կոչված «ատրակցիոնների մոնտաժի» (ռուս.՝ «монтаж аттракционов»)։ Այդ հասկացությունը հորինվել է հենց Էյզենշտեյնի կողմից և բացատրվել նրա համանուն հոդվածում, որ տպագրվել է «ЛЕФ» ամսագրում[39] (այդ հոդվածով սկիզբ է դրվել Էյզենշտեյնի գործունեությանը որպես տեսաբան[40])։ Ատրակցիոն կոչվում է այն ամենը, ինչն ունակ է հանդիսատեսին փոխանցել ուժեղ «զգացմունքային ազդեցություն», իսկ «մոնտաժը» տվյալ դեպքում տարբեր ատրակցիոն-տարրերի միակցումն է, որ ընտրվել են կամայականորեն, բայց ծառայում են ստեղծագործության թեմայի զարգացմանը։ «Իմաստուն» բեմադրության մեջ բնօրինակից մնացել են միայն հեղինակի ու հերոսների անունները, իսկ մնացածը վերածվել է ատրակցիոնների մոնտաժի. բեմը դարձել է կրկեսի հրապարակ, հանդիսատեսի գլխների վերևում ձգվել է ճոպան, որի վրա պարել են դերասանները և այլն[41]։ Այդ ատրակցիոնների թվում եղել է նաև «Գլումովի օրագիրը» փոքր ֆիլմը[42][43], որ Էյզենշտեյննի առաջին փորձն է կինեմատոգրաֆիայում[44]։
Կինոյում իր ուղին Էյզենշտեյնն սկսել է Ֆրից Լանգի «Դոկտոր Մաբուզեն, խաղամոլը» ֆիլմի վերամոնտաժով։ Համր կինոյի ժամանակաշրջանում այդպիսի պրակտիկան սովորական էր այն ֆիլմերի համար, որոնք վաճառվում էին արտասահմանում ցուցադրվելու համար։ Խորհրդային Միությունում Լանգի ֆիլմի վերամոտաժված տարբերակը թողարկվել է «Ոսկեզօծված նեխածություն» (ռուս.՝ «Позолоченная гниль») վերնագրով[45]։ Դրանից հետո Պրոլետկուլտի մասնակցությամբ Էյզենշտեյնը նախաձեռնել է ութ ֆիլմերից բաղկացած շարք, որ վերնագրվել է «Դեպի դիկտատուրա» («К диктатуре»)։ Նկարահանումները ռեժիսորն սկսել է միանգամից հինգերորդ ֆիլմից, որ կոչվել է «Գործադուլ»[46] և էկրան բարձրացել 1925 թվականի ապրիլի 28-ին[47]։ Դա եղել է Էյզենշտեյնի առաջին լիամետրաժ ֆիլմը և պարունակել նորարարական տարբեր տարրեր (մասնավորապես ոչ սովորական ռակուրսներ և կինոմետաֆորներ)՝ արժանանալով ոչ միանշանակ արձագանքների ինչպես մամուլի, այնպես էլ հանդիսատեսի կողմից։ Այն կոչվել է հեղափոխական, նորարարական, բայց միևնույն ժամանակ քննադատվել է կինոլեզվի բարդության համար[46]։
Պրոլետկուլտից հեռանալուց հետո Էյզենշտեյնը որոշ ժամանակ աշխատելէ Լենինգրադի «Севзапкино»-ի հետ մի քանի ռոմանտիկական նովելների էկրանավորման վրա, սակայն նախագիծն այդպես էլ մնացել է սցենարի փուլում։ Դրանից հետո ռեժիսորը վերադարձել է հեղափոխական պայքարի մասին ֆիլմերի շարքի իր մտահղացմանը։ Նախագիծն ստացել է նոր անվանում՝ «Ընդհատակից դեպի դիկտատուրա» (ռուս.՝ «От подполья к диктатуре») և ներառել յոթ մաս՝ 1) «Ժնև-Ռուսաստան», 2) «Ընդհատակ», 3) «1 մայիսի», 4) «1905 թվական», 5) «Գործադուլ», 6) «Բանտեր, խռովություններ, փախուստներ» (ռուս.՝ «Тюрьмы, бунты, побеги»), 7) «Հոկտեմբեր»։ «Գործադուլ» ֆիմը կառավարության կողմից ընդունվել է բարյացակամորեն, որը ռեժիսորին հանձնարարել է նկարահանել «1905 թվական» ֆիլմը։ Ֆիլմի սցենարը գրվել է Էյզենշտեյնի և Նինա Աղաջանովա-Շուտկոյի կողմից[48] և նվիրված է 1905 թվականին Ռուսասկան կայսրությունում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների, այդ թվում՝ ռուս-ճապոնական պատերազմին, հայ-թաթարական կոտորածներին, և այլն։ Սակայն հանգամանքները, ինչպես նաև ժամանակի սղությունը ռեժիսորին ստիպել են սահմանափակվել միայն «Իշխան Պոտյոմկին-Տավրիչեսկի» զրահանավի վրա տեղի ունեցած խռովության պատկերմամբ[49]։ Արդյունքում ֆիլմը թողարկվել է 1925 թվականի դեկտեմբերի 24-ին «Պոտյոմկին զրահանավը» (ռուս.՝ «Броненосец „Потёмкин“») խորագրով և ունեցել մեծ հաջողություն ինչպես Խորհրդային Միությունում[48], այնպես էլ նրա սահմաններից դուրս[50]։ Ֆիլմն ուժեղ ազդեցություն է թողել այդ տարիների կինեմատոգրաֆիայի վրա[51] և հետագայում ճանաչվել է «բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն ֆիլմ»[48]։
1928 թվականի հոկտեմբերին Սերգեյ Էյզենշտեյնն իր նկարահանող խմբի հետ միասին, որի կազմում ընդգրկված էին ռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովն ու օպերատոր Էդուարդ Տիսսեն, մեկնել է արտասահմանյան ուղևորության՝ ուսումնասիրելու արևմտյան փորձը։ Դա պաշտոնական ուղևորությունն էր, որի մասնակիցների նպատակն էր իմանալ ավելին հնչյունային կինոյի մասին և կապիտալիստական աշխարհին ներկայացնել խորհրդային հայտնի դերասաններին։ Հետագա երկու տարիների ընթացքում Էյզենշտեյնը շատ է ճանապարհորդել և ելույթ ունեցել Բեռլինի ռադիոյով, դասախոսություններ կարդացել Համբուրգում, Բեռլինում, Լոնդոնում, Քեմբրիջի համալսարանում, Անտվերպենում, Ամստերդամում, Փարիզում[52], պատրաստել «Ինտելեկտուալ մոնտաժ» հաշվետվությունը Բրյուսելի համալսարանում։
Շվեյցարիայում Սերգեյ Էյզենշտեյնը 1929 թվականին հանդես է եկել որպես խորհրդատու աբորտների մասին ուսուցողական վավերագրական ֆիլմում, որը նկարահանել է ռեժիսոր Էդուարդ Տիսսեն։ Այն թողարկվել է «Frauennot — Frauenglück» («Կանանց ցավն ու ուրախությունը») խորագրով[53]։
1930 թվականի ապրիլի վերջին Ջեսի Լուիս Լասկին Paramount Pictures ընկերության անունից Էյզենշտեյնին առաջարկել է ֆիլմ նկարահանել Միացյալ Նահանգներում[54]։ Վերջինս 100,000 դոլարի ($1,500,000 2017 թվականի համար) պայմանագիր է կնքել և 1930 թվականի մայիսին մեկնել Հոլիվուդ Ալեքսանդրովի ու Տիսսեի հետ միասին։
Էյզենշտեյնն առաջարկել է նկարահանել ֆիլմ զենքի վաճառական Բազիլ Զախարովի կյանքի մասին կամ էկրանավորել Ջորջ Բեռնարդ Շոուի «Զենք և մարդ» ստեղծագործությունը, ինչպես նաև «Սատերի ոսկին» ըստ Ջեկ Լոնդոնի[55], սակայն դրանցից ոչ մեկին չի հաջողվել տպավորություն գործել ստուդիայի պրոդյուսերների վրա[56]։ Այդ ժամանակ Paramount-ն առաջարկել է ֆիլմ նկարահանել Թեոդոր Դրայզերի «Ամերիկյան ողբերգություն» ստեղծագործության հիման վրա[57]։ Էյզենշտեյնը, որ կարդացել և հավանել էր այդ երկը և Մոսկվայում հանդիպել էր Դրայզերի հետ, համաձայնում է։ Նա ավարտում է սցենարը մինչև 1930 թվականի հոկտեմբերի սկիզբ[58], սակայն ստուդիան չի հավանում այն և բացի այդ, վախենում է Տեխնիկական տնօրենների ինստիտուտի նախագահ մայոր Ֆրանկ Փիսից[59], որ հակակոմունիստ էր և հասարակական արշավ էր սկսել ընդդեմ Էյզենշտեյնի։ 1930 թվականի հոկտեմբերի 23-ին «փոխադարձ համաձայնությամբ» Paramount ընկերությունն ու Էյզենշտեյնը չեղյալ են հայտարարում իրենց պայմանագիրը, և Էյզենշտեյնն ու իր խումբը ստանում են Մոսկվա վերադառնալու տոմսեր Paramount ընկերության հաշվին[60]։
Էյզենշտեյնն ու իր գործընկերները երկար ժամանակ են անցկացրել Չարլի Չապլինի հետ[61], ով Էյզենշտեյնին երաշխավորել է հանդիպել կարեկից բարերարի՝ ամերիկացի սոցիալիստ գրող Էփտոն Բիլ Սինքլերի հետ[62]։ Վերջինիս ստեղծագործությունները լավ ընդունելության էին արժանացել Խորհրդային Միությունում և ծանոթ էին Էյզենշտեյնին։ Սինքլերի շնորհիվ Էյզենշտեյնը թույլտվություն է ստացել մեկնել Մեքսիկա։ Այդ ուղևորության ընթացքում Էյզեշտեյնը պետք է նկարահաներ ֆիլմ, որի պրոդյուսերներն էին Սինքլերը, նրա կինը՝ Մերի Քրեյգ Սինքլերը և երեք այլ ներդրողներ, որ կազմել են Mexican Film Trust-ը[63]։
1930 թվականի նոյեմբերի 24-ին Էյզենշտեյնը պայմանագիր է կնքել Trust-ի հետ, համաձայն որի՝ նա ազատ էր նկարահանել ֆիլմ՝ ըստ իր պատկերացումների և «լիակատար հավատով Էյզենշտեյնի արտիստական ազնվության նկատմամբ»[64]։ Պայմանագրում նաև նախատեսվել է, որ ֆիլմը պետք է լինի «ոչ քաղաքական», անմիջապես հասանելի ֆինանսական միջոցները փոխանցվել են Մերի Սինքլերի կողմից և կազմել «ոչ պակաս, քան քսանհինգ հազար դոլար»[65] և որոշվել, որ նկարահանումները պետք է տևեն «երեքից չորս ամիս»[65], և ամենակարևորը՝ Էյզենշտեյնը համաձայնել է, որ Մեքսիկայում նկարահանված բոլոր կադրերը, ժխտանկարներն և ֆիլմին վերաբերող մյուս բոլոր նյութերն ու գաղափարները պետք է լինեն Մերի Սինքլերի սեփականությունը[65]։ Պայմանագրում նախատեսվել է, որ ավարտուն ֆիլմը Խորհրդային Միությունը կարող է անվճար ստանալ երկրում ցուցադրելու համար[66]։ Ըստ որոշ աղբյուրների՝ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, որ ավարտված ֆիլմի տևողությունը պետք է լինի շուրջ մեկ ժամ։
Մոտավորապես դեկտեմբերի 4-ին Էյզենշտեյնը գնացքով մեկնել է Մեքսիկա Ալեքսանդրովի և Տիսսեի հետ։ Որոշ ժամանակ անց նա կազմել է վեց մասից բաղկացած ֆիլմի համառոտագիրը, որը պետք է դառնար այն վերջնական պլանը, որի հիման վրա Էյզենշտեյնը պետք է աշխատեր։ Նախագծի խորագիրը՝ ¡Que viva México! («Կեցցե՛ Մեքսիկան»), որոշվել է ավելի ուշ։ Մեքսիկայում նա ծանոթացել է Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի հետ։ Էյզենշտեյնը հիացել է այդ նկարիչներով և մեքսիկական մշակույթով ընդհանրապես, իսկ նրանք էլ ռեժիսորին ոգեշնչել են իր ֆիլմերը կոչել «շարժվող որմնանկարներ»[67]։ ԱՄՆ ձախակողմյան կինոմիությունը հետևել է Էյզենշտեյնի աշխատանքին Մեքսիկայում, ինչպես նկարագրված է Քրիս Ռուբի «Left of Hollywood: Cinema, Modernism, and the Emergence of U.S. Radical Film Culture» գրքում[68]։
Խորհրդային Միությունից երկարատև բացակայությունից հետո Էյզենշտեյնը հեռագիր է ստացել Ստալինից, որում վերջինս անհանգստություն էր հայտնում, թե արդյոք Էյզենշտեյնը դարձել է դասալիք[69]։ Ճնշման պատճառով Էյզենշտեյնը Մերի Սինքլերի կրտսեր եղբորը՝ Հանթեր Քիմբրոուին, որ ուղարկվել էր որպես պրոդյուսեր, հայտարարել է ֆիլմում եղած խնդիրների մեղավոր[70]։ Էյզենշտեյնը հույս ուներ, թե Սինքլերների շնորհիվ ինքը կկարողանա ավարտին հասցնել ֆիլմը (նկարահանվել էր 75 հազար մետր), սակայն վերջիններս դադարեցրել են ֆիլմի արտադրությունը և Քիմբրոուին հանձնարարել են վերադառնալ Միացյալ Նահանգներ՝ տանելով արդեն նկարահանված նյութերը[71][72]։
Միացյալ Նահանգների սահմանին կատարված խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են Քրիստոսի ծաղրանկարներ ու պոռնոգրաֆիկ նյութեր[73][74]։ Նրա մուտքի թույլտվության ժամկետը լրացել էր[75], և Սինքլերները չեն կարողացել երկարաձգել տալ այն։ Էյզենշտեյնը, Ալեքսանդրովն ու Տիսսեն մեկ ամիս Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանին մնալուց հետո ստացել են 30 օր ժամանակ Տեխասից Նյու Յորք գնալու[75] և այնտեղից Մոսկվա մեկնելու համար, իսկ Քիմբրոուն վերադարձել է Լոս Անջելես՝ տանելով ֆիլմին վերաբերող նյութերը։
Նյու Յորք գնալիս Էյզենշտեյնը ճանապարհորդել է Ամերիկայի հարավում։ 1932 թվականի կեսերին Սինքլերները կարողացել են համաձայնության գալ Սոլ Լեսերի հետ, որը Նյու Յորքում նոր էր բացել Principal Distributing Corporation գրասենյակը։ Լեսերը համաձայնել է աշխատել անավարտ նյութերի վրա։ Արդյունքում ստացվել են երկու լիամետրաժ խաղարկային և մեկ կարճամետրաժ ֆիլմեր՝ «Փոթորիկ Մեխիկոյի վրա»[76], «Էյզենշտեյնը Մեքսիկայում» և «Մահվան օրը», որոնք թողարկվել են Միացյալ Նահանգներում 1933 թվականի աշնանից մինչև 1934 թվականի սկիզբ։ Էյզենշտեյնը երբեք չի տեսել ոչ այդ ֆիլմերը, ոչ էլ իր առաջին կենսագիր Մարի Սետոնի՝ ավելի ուշ շրջանի աշխատանքը, որ կոչվել է «Ժամանակ Արևի տակ»[77] և թողարկվել 1940 թվականին։ Նա հրապարակայնորեն հայտարարել է, որ այլևս չի հետաքրքրվում այդ նախագծով։ 1978 թվականին Գրիգորի Ալեքսանդրովը թողարկել է իր տարբերակը (նույն խորագրով՝ խախտելով հեղինակային իրավունքները), որն արժանացել է ոսկե մրցանակի Մոսկվայի 11-րդ միջազգային կինոփառատոնում 1979 թվականին։ Ավելի ուշ՝ 1998 թվականին, Օլեգ Կովալովը խմբագրել է ֆիլմի ազատ տարբերակը, որ կոչել է «Մեքսիկական ֆանտազիա»։
Փիթեր Գրինուեյը 2015 թվականի «Էյզենշտեյնը Գուանախուատոյում» ֆիլմում ներկայացրել է ռեժիսորի ոչ ավանդական սեռական կողմնորոշումը և նրա հարաբերությունները Մեքսիկայում իրեն ուղեկցողի հետ[փա՞ստ]։
Արևմուտքում եղած լինելու հանգամանքի պատճառով ստալինյան կինոարտադրության ոլորտում Էյզենշտեյնին նայել են կասկածանքով, ինչը երբեք լիովին չի վերացել։ Հավանաբար նա մի որոշ ժամանակ անցկացրել է Կիսլովոդսկի հոգեբուժարանում 1933 թվականի հուլիսին[78] իբր թե այն դեպրեսիայի բուժման նպատակով, որն սկիզբ է առել այն ժամանակ, երբ նա վերջնականապես համոզվել է, որ իրեն էլ երբեք թույլ չեն տա խմբագրել Մեքսիկայում նկարահանած նյութերը[79]։ Հետագայում նա դասավանդել է Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում, եղել ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, իսկ 1933 և 1934 թվականներին գլխավորել է ուսումնական ծրագրերի կազմումը[80]։ 1935 թվականին արժանացել է ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման։
1935 թվականին Սերգեյ Էյզենշտեյնը սկսել է նոր նախագիծ՝ «Բեժին մարգագետին» ֆիլմը, որի սցենարը գրել է դրամատուրգ, նախկին չեկիստ Ալեքսանդր Գեորգիևիչ Ռժեշևսկին։ Ֆիլմի սյուժեն նվիրված է գյուղատնտեսության կոլեկտիվիզացմանը, համատեղում է ուրախ ու ողբերգական երանգներ և ստեղծվել է Պավլիկ Մորոզովի պատմության հիման վրա։ Սակայն այս դեպքում ևս եղել են այն նույն խնդիրները, ինչ «Կեցցե Մեքսիկան» ֆիլմի դեպքում։ Էյզենշտեյնը միակողմանի կերպով որոշել է նկարահանել ֆիլմի երկու տարբերակ՝ նախատեսված մեծահասակների և երեխաների համար։ Սակայն չի հաջողվել կազմել հստակ ժամանակացույց, կատարվել է գերածախս և աշխատանքը չի ավարտվել ժամանակին։ Ֆիլմի առաջին տարբերակը, որ դիտվել է անավարտ և Էյզենշտեյնի բացակայությամբ (նա հիվանդ էր), ենթարկվել է խիստ քննադատության։ Էյզենշտեյնն ստիպված է եղել վերամշակել ֆիլմը. նա նորից է գրել սցենարը, փոխել է մի քանի դերասանների և եկեղեցու ավերման («ակումբի վերածման») տեսարանը, որ առավել շատ քննադատության տեղիք էր տվել, փոխարինել է հրդեհի դեմ պայքարի դինամիկ տեսարանով։ Բորիս Շումյացկին, որ խորհրդային կինոարտադրության փաստացի ղեկավարն էր, դադարեցրել է նկարահանումներն ու չեղարկել ֆիլմի հետագա արտադրությունը։ Ըստ Էյզենշտեյնի՝ երկու տարի տևած նկարահանումներն ավարտին հասցնելու համար իրեն այդ ժամանակ պակասել է տասնմեկ օր։ «Բեժին մարգագետին» ֆիլմի անհաջողության, ինչպես նաև այդ ժամանակ խորհրդային կինոարտադրությունում եղած մի շարք խնդիրների համար Ստալինի կողմից մեղավոր է համարվել ղեկավարությունը, և մասնավորապես տուժել է Շումյացկին[81], որը ձերբակալվել է, դատվել, հայտարարվել դավաճան և գնդակահարվել։ Էյզենշտեյնը հեռացվել է մանկավարժական գործունեությունից (վերականգնվել է «Ալեքսանդր Նևսկի» ֆիլմի նկարահանումից հետո), իսկ «Բեժին մարգագետին» ֆիլմը ոչնչացվել է[82]։ Դրանից պահպանվել են ժապավենի հատվածներ, սևագրեր, լուսանկարներ և պլաններ, որոնցից հետագայում կազմվել է ֆոտոֆիլմ։
Էյզենշտեյնին հաջողվել է Ստալինից ստանալ ևս մեկ հնարավորություն, և 1938 թվականին նա գրել է «Ալեքսանդր Նևսկի» պատմահայրենասիրական ֆիլմի սցենարը, որի երաժշտությունը հեղինակել է Սերգեյ Պրոկոֆևը[83] (ֆիլմի նկարահանումների ժամանակ սկսվել է Էյզենշտեյնի ու Պրոկոֆևի ստեղծագործական համագործակցությունը)։ Այս անգամ սցենարի համահեղինակ է նշանակվել Պյոտր Պավլենկոն[84], դերերը կատարել են պրոֆեսիոնալ դերասաններ, իսկ Դմիտրի Վասիլևը նշանակվել է ռեժիսորի օգնական, որպեսզի արագացնի նկարահանման ընթացքը[84]։
Ֆիլմը լավ ընդունելության է արժանացել ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ Արևմուտքում, և դրա համար Էյզենշտեյնն արժանացել է Լենինի շքանշանի ու Ստալինյան մրցանակի[85], ինչպես նաև արվեստագիտության դոտորի գիտական աստիճանի (առանց ատենախոսության պաշտպանության)։ Այն այլաբանական և խիստ նախզգուշացում էր ընդդեմ հզորացող Նացիստական Գերմանիայի։ Ֆիլմում Նևսկին օգտագործում է բազմաթիվ ժողովրդական ասացվածքներ՝ այդպիսով բանավոր կերպով պատճառաբանելով իր պայքարն ընդդեմ ռուսական ավանդույթների դեմ գերմանական ոտնձգությունների[86]։ Ֆիլմը, որ նկարահանվել և էկրան է բարձրացել 1938 թվականի ընթացքում, ոչ միայն Էյզենշտեյնի առաջին ֆիլմն էր մոտ տասը տարվա ընդմիջումից հետո, այլև նրա առաջին հնչյունային ֆիլմը։
«Ալեքսանդր Նևսկի» ֆիլմի թողարկումից մի քանի ամիս անց Ստոլինը կնքել է պակտ Հիտլերի հետ, և ֆիլմը հանվել է վարձույթից։ Էյզենշտեյնը վերադարձել է մանկավարժական գործունեությանը, և նրան հանձնարարվել է Ռիխարդ Վագների «Վալկիրիայի» բեմադրումը Մեծ թատրոնում[85]։ 1941 թվականին Գերմանիայի հետ պատերազմի սկսվելուց հետո «Ալեքսանդր Նևսկի» ֆիլմը վերաթողարկվել է լայն լսարանի համար և ունեցել միջազգային հաջողություն։ Թշնամու զորքերի՝ Մոսկվային մոտենալու պատճառով Էյզենշտեյնը բազմաթիվ այլ կինոգործիչների հետ միասին տարհանվել է Ալմա-Աթա, որտեղ սկսել է մտածել Իվան Ահեղի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարի շուրջ։ Էյզենշտեյնն Ալմա-Աթայից նամակագրական կապ է պահպանել Պրոկոֆևի հետ, և վերջինս նրան միացել է այնտեղ 1942 թվականին։ Պրոկոֆևը գրել է երաժշտություն Էյզենշտեյնի «Իվան Ահեղ» ֆիլմի համար, իսկ վերջինս էլ աջակցել է նրան «Պատերազմ և խաղաղություն» օպերայի վրա կատարվող աշխատանքներում[87]։
1941 թվականի հուլիսի 3-ին Սերգեյ Էյզենշտեյնն ԱՄՆ-ի համար ելույթ է ունեցել ռադիոյով խորհրդային ժողովրդի Հայրենական մեծ պատերազմի մասին «To Brother Jews of All the World» («Ամբողջ աշխարհի հրեա եղբայրներին») ծրագրով, որում անգլալեզու հրեաներին կոչ է արել միավորվել նացիզմի դեմ պայքարում[88][89]։ Նույն թվականի օգոստոսի 25-ին «Правда» թերթում գրել է «Ամբողջ աշխարհի հրեա եղբայրներ» («Братья евреи всего мира!») կոչի տեքստը[90][91]։ Օգոստոսի 7-ին ընդգրկվել է «Ռազմական կինոժողովածուների» հրատարակման խմբագրական կոլեգիայի կազմում, մասնակցել է Հրեական հակաֆաշիստական կոմիտեի աշխատանքներին, «To the Jews of the World» («Աշխարհի հրեաներին») անգլերեն կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներին։ 1944 թվականի սեպտեմբերի 5-ին ընդգրկվել է Կինեմատոգրաֆիայի հարցերով կոմիտեին առընթեր Գեղարվեստական խորհրդի կազմում։
1941-1945 թվականներին Սերգեյ Էյզենշտեյնը նկարահանել է «Իվան Ահեղ» ֆիլմը։ Սցենարը, որ գրել է Էյզենշտեյնը, հաստատել է անձամբ Ստալինը[92] Նկարահանումներն սկսել են Մոսկվայում, իսկ 1942 թվականին «Մոսֆիլմի» տարհանվելուց հետո շարունակվել են Ալմա-Աթայում։ Գլխավոր դերը կատարել է Նիկոլայ Չերկասովը։ Առաջին սերիան էկրան է բարձրացել 1945 թվականի սկզբին և արժանացել Ստալինի հավանությանը, իսկ Էյզենշտեյնն իր այդ աշխատանքի համար արժանացել է Ստալինյան մրցանակի[93]։ Երկրորդ մասը Ստալինի կողմից ուղարկվել է վերամշակման, սակայն դրան խանգարել է ռեժիսորի մահը։ Պահպանվել է Ստալինի ու Մոլոտովի հետ Էյզենշտեյնի ու Չերկասովի զրույցի սղագրությունը, որում Էյզենշտեյնը քննադատվել է նրա համար, որ չի պատկերել օպրիչնինան՝ որպես ֆեոդալների նոր դաս, որի վրա հենվում էր Իվան Ահեղը։ Էյզենշտեյնն այդ քննադատությունը համարել է արդարացի։ Նույն չմշակված տարբերակով ֆիլմի երկրորդ մասն էկրան է բարձրացել 1958 թվականին։ Երրորդ մասի նկարահանումները, որն ըստ ռեժիսորի մտահղացման պետք է արտացոլեր ռուսների հաղթանակն Արևմուտքի նկատմամբ, նույնպես դադարեցվել է Էյզենշտեյնի մահվան պատճառով (սակայն պահպանվել են հատվածներ և նախապատրաստական նյութեր)։
1946 թվականի փետրվարի 2-ին պատահած սրտամկանի ինֆարկտին հաջորդած մեկ տարին Սերգեյ Էյզենշտեյնը մեծ մասամբ նվիրել է ապաքինմանը։ Մահացել է կրկին սրտամկանի ինֆարկտից 50 տարեկան հասակում[94]։ 1948 թվականի փետրվարի 11-ին գտնվել է մահացած իր մոսկովյան բնակարանի հատակին։ Մարմինը դրվել է Կինոյի աշխատավորների դահլիճում, իսկ փետրվարի 13-ին դիակիզվել է։ Թաղվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[95]։
Սերգեյ Էյզենշտեյնը 1934 թվականին ամուսնացել է լրագրող, կինոքննադատ, ռեժիսոր և սցենարիստ Պերա Ատաշևայի հետ (իսկական անունը՝ Պերլ Մոիսեևնա Ֆոգելման, 18 նոյեմբերի, 1900 թվական – 24 սեպտեմբերի, 1965 թվական)[96][97][98]։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև Էյզենշտեյնի մահը 1948 թվականին, չնայած երկար ժամանակ լուրեր են պտտվել նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին[99][100]։ Երեխաներ չեն ունեցել։ Պերա Ատաշևան եղել է Սերգեյ Էյզենշտեյնի աշխատությունների հետմահու հրատարակված վեցհատորյա ժողովածուի կազմողներից մեկը (1964-1971), պահպանել է ռեժիսորի արխիվը[101][102]։ Պերա Ատաշևան կազմել է նաև «Խորհրդային կինոարվեստ, 1919-1939» («Советское киноискусство, 1919—1939», М.: Госкиноиздат, 1940) ֆիլմերի ալբոմը։
Սերգեյ Էյզենշտեյնը եղել է մոնտաժի՝ որպես ֆիլմի խմբագրման հատուկ եղանակի օգտագործման պիոներներից մեկը։ Նա և իր ժամանակակից Լև Կուլեշովը, որոնք եղել են կինոյի ամենավաղ տեսաբաններից, պնդել են, որ մոնտաժի կինոյի էությունն է։ Նրա հոդվածներն ու գրքերը (մանսավորապես՝ «Ֆիլմի ձևը» (1949) և «Ֆիլմի իմաստը») բացատրում են մոնտաժի կարևորությունը։ Նրա աշխատություններն ու ֆիլմերը հետագայում մեծ ազդեցություն են ունեցել ռեժիսորների վրա։ Էյզենշտեյնը հավատում էր, որ մոնտաժը կարող է օգտագործվել ոչ միայն տեսարանների ու կադրերի դասավորման համար։ Նա համարում էր, որ կադրերի «բախման» միջոցով կարելի է մանիպուլյացիայի ենթարկել հանդիսատեսի զգացմունքներն ու ստեղծել այլաբանություններ կինոյում։ Նա հավատում էր, որ գաղափարը պետք է դուրս բերվի երկու անկախ կադրերի հակադրմամբ, ինչը կինոյում ներմուծում է կոլաժի տարրեր։ Էյզենշտեյնն առաջարկել է «մոնտաժի մեթոդները»՝ մետրական[103], ռիթմիկ[104], տոնային[105], հնչերանգային[106], ինտելեկտուալ[107]։
Էյզենշտեյնը դասավանդել է կինոարտադրություն ՎԳԻԿ-ում աշխատելու ընթացքում, որտեղ նա կազմել է ուսումնական ծրագիր ռեժիսորական կուրսի համար[108]։ Դասերի ժամանակ ուսանողներին ներկայացրած առաջադրանքներն ու օրինակները հիմնված են եղել թարգմանական գրականության վրա, ինչպիսին է Օնորե դը Բալզակի «Հայր Գորիոն»[109], ինչպես նաև Հայիթիի անկախության պայքարի բեմադրումն ըստ Անատոլի Վինոգրադովի «Սև հյուպատոսը» ստեղծագործության[110], որի վրա ազդեցություն էր թողել Ջոն Վանդերկոկի «Սև մեծությունը» (Black Majesty)[111]։ Էյզենշտեյնն իր ուսանողներին սովորեցրել է նաև ռեժիսուրայի տեխնիկական կողմերը, լուսանկարչություն և խմբագրում՝ խրախուսելով անհատականության, արտահայտչականության և ստեղծագործական մոտեցման զարգացումը[112]։ Էյզենշտեյնն իր մանկավարժական գործունեության ընթացքում, ինչպես ֆիլմերում, մեծ տեղ է հատկացրել քաղաքականությանը և մեջբերումներ կատարել Վլադիմիր Լենինից[113]։
Սկզբնական շրջանում Էյզենշտեյնն իր ֆիլմերում չի նկարահանել պրոֆեսիոնալ դերասանների։ Նրա ֆիլմերը կենտրոնացել են ոչ թե առանձին կերպարների, այլ սոցիալական խնդիրների, մասնավորապես դասակարգային կոնֆլիկտների վրա։ Նա նկարահանել է համապատասխան դասերը ներկայացնող մարդկանց և խուսափել է աստղերին իր ֆիլմերում ընդգրկելուց[114]։ Էյզենշտեյնի կողմից կոմունիզմի ընկալման առանձնահատկության պատճառով նա կոնֆլիկտներ է ունեցել Իոսիֆ Ստալինի վարչակարգի պաշտոնյաների հետ։ Ըստ Էյզենշտեյնի՝ նոր հասարակությունում արտիստը պետք է լիովին ապահովվեր և ստեղծագործեր ազատորեն՝ առանց մտածելու բյուժեի և ղեկավարների ներկայացրած սահմանափակումների մասին, սակայն խորհրդային կինոարտադրությունում բյուժեն և պրոդյուսերները նույնքան կարևոր դեր են ունեցել, ինչպես մնացած ամբողջ աշխարհում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.