Սկանդինավյան լեզուներ
From Wikipedia, the free encyclopedia
Սկանդինավյան լեզուներ, հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբի հյուսիսային ենթախումբը, որի մեջ մտնում են դանիերենը, շվեդերենը, նորվեգերենը, իսլանդերենը և ֆարերերենը։ Շվեդերենը, դանիերենը և նորվեգերենը շատ մոտ են միմյանց, դա պայմանավորված է նրանց սերտ ազգակցությամբ, ինչպես նաև ավելի ուշ ժամանակաշրջանում նրանց պատմական սերտ շփումով ու փոխազդեցությամբ։ Կղզիներում խոսվող սկանդինավյան լեզուներ՝ իսլանդերենը և ֆարերերենը, դուրս են մնացել պատմական ընդհանուր զարգացումից և աչքի են ընկնում բազմաթիվ յուրահատկություններով, առաջին հերթին բառապաշարի և քերականական կառուցվածքի արխաիկությամբ։ Սկանդինավյան լեզուները ունեն մի շարք ընդհանուր հնչյունական և քերականական առանձնահատկություններ, որոնցով տարբերվում են մյուս գերմանական լեզուներից։ Հնչյունական առանձնահատկություններից են՝ բառասկզբի j-ի անկումը, բարձրացող երկբարբառների առաջացումը, բաղաձայնների առնմանման բազմաթիվ դեպքեր։ Ձևաբանական կարևոր առանձնահատկություններն են s, st-ով կազմված անդրադարձ-կրավորական բայաձևերը, վերջադիր որոշիչ հոդը։ Սկանդինավյան բարբառների տարածման հնագույն շրջանը սահմանափակվում է Սկանդինավյան թերակղզու հրվանդանի մասով և մոտակա կղզիներով։ Սկզբնապես աննշան բարբառային տարբերություններն ուժեղանում են 5—6-րդ դարերում՝ կապված սկանդինավյան ցեղերի տարածման հետ՝ մի կողմից դեպի հյուսիսային Սկանդինավիա, մյուս կողմից՝ դեպի Յուտլանդիա և հարևան կղզիները։ Արևմտասկանդինավյան բարբառների հիման վրա ձևավորվում է նորվեգերենը, արլսկանդինավյան բարբառների հիման վրա՝ շվեդերենը, և դանիերենը։ 9—10-րդ դարերում տեղի է ունենում Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների գաղութացումը նորվեգական գաղութարարների կողմից, որի հետևանքով կազմավորվում են իսլանդերենը և ֆարերերենը։ Առաջին գրավոր հուշարձանները, որոնց մեջ արտացոլումն են գտնում սկանդինավյան լեզուներ յուրահատկությունները, 8—11-րդ դարերում ռունագիր արձանագրություններն են (տես Ռուներ), որոնք գրված են, այսպես կոչված, կրտսեր ռունագրերով։ 12—13 դարերում Սկանդինավիայում տարածվել է լատինական գիրը և երևան են եկել առաջին հինսկանդինավյան ձեռագրերը (Ավագ էդդա, Կրտսեր էդդա, սագաներ ևն)։
Սկանդինավյան լեզուներ | |
---|---|
Տեսակ | լեզուների խումբ և լեզվաընտանիք |
Ենթադաս | Գերմանական լեզուներ և Northwest Germanic? |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | gmq |
ISO 639-5 | gmq |
Սկանդինավյան լեզուների քարտեզ | |
North Germanic languages Վիքիպահեստում |