Վարազդատ
From Wikipedia, the free encyclopedia
Վարազդատ (հուն․՝ Βαρασδάτης της Αρμενίας, ծնված՝ 350 թվական – մահացած՝ 393 թվականից հետո), Մեծ Հայքի թագավորության արքա Արշակունիների հարստությունից, որը կառավարել է 374-378 թվականներին։ Նշանավոր է նաև որպես բռնցքամարտիկ և Հունաստանում տեղի ունեցած 393-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն։ Վարազդատը Մեծ Հայքի թագավորության գահին բազմել է Հռոմեական կայսրության հովանավորչությամբ՝ հաջորդելով իր հորեղբայր Պապ Արշակունուն, որը սպանվել էր Վաղես կայսեր պատվերով։ Նախքան հայոց թագը կրելը՝ Վարազդատն իր կյանքի զգալի մասն անց էր կացրել Հռոմում և ստացել հունական կրթություն։ Լինելով տակավին երիտասարդ՝ Վարազդատը արքունական գործերը տնօրինել է իր ուսուցչի՝ Բատ Սահառունու հետ մեկտեղ, որը ժամանակի ընթացքում մեծ ազդեցություն է ձեռք բերել ողջ երկրում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարազդատ (այլ կիրառումներ)
Վարազդատ Արշակունի Βαρασδάτης της Αρμενίας | |
---|---|
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության արքա | |
Վարազդատ արքայի ժամանակակից պատկերավորում | |
Իշխանություն | 374/375–378 |
Թագադրում | 374 թվական, Դվին |
Տիտղոսներ | Օլիմպիական խաղերի չեմպիոն |
Ծնվել է՝ | մոտ 350 թվական |
Մահացել է՝ | 4-րդ դար |
Ազգություն | հայ |
Հարստություն | Արշակունիների հարստություն |
Նախորդ | Պապ |
Հաջորդող | Արշակ Գ |
Ուղեկից | Արշակ Գ Վաղարշ Գ |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Երեխաներ | Խոսրով Դ և Վռամշապուհ |
Հավատք | քրիստոնեություն |
Վարազդատ Արշակունու կառավարման ժամանակահատվածում Արշակունյաց հայոց թագավորությունը արդեն իսկ կորցրել էր իր երբեմնի հզորությունն ու ինքնուրույնությունը և հանդես էր գալիս որպես Հռոմեական կայսրության արբանյակ պետություն։ Միևնույն ժամանակ, նրա օրոք առավել քան երբևէ նկատվելի էր Մուշեղ Մամիկոնյանի գլխավորած արևմտամետ և Մերուժան Արծրունու գլխավորած արևելամետ կուսակցությունների բևեռացումը։ Ստեղծված խառնակության պայմաններում, Բատը, հավակնելով դառնալ հայոց սպարապետ, կարողացել է հասնել նրան, որ Վարազդատը գործող սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին հրավիրի խնջույքի և նրանից հաշվեհարդար տեսնի՝ կարծելով, թե վերջինս է մեղավոր Պապի Արշակունու սպանության համար։ Այս քայլով Վարազդատը վաստակել է Մամիկոնյանների նախարարական ազդեցիկ տոհմի թշնամանքը։
377 թվականին Վարազդատը հարկադրված ընդունել է Սասանյան Պարսկաստանի գերագահությունը։ Պարսից գերությունից ազատված Մուշեղի եղբայրը՝ Մանվել Մամիկոնյանը, վերադառնալով Հայաստան Վարազդատից պահանջել է լքել Մեծ Հայքն ու արքայից գահը։ 378 թվականին Կարինի դաշտում բախվել են Մանվել Մամիկոնյանի և Վարազդատի բանակները, որտեղ նախաձեռնությանը տիրել է ապստամբական կողմը։ Այս ճակատամարտից հետո Վարազդատը թողել է հայոց գահն ու ապաստանել Հռոմում։ Արշակունիների թագավորության արքայական գահին Վարազդատին փոխարինել է Պապի որդին, որը Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ գահ է բարձրացել որպես Արշակ Գ՝ իր տոհմում այդ անվան երրորդ կրող։