Վիճակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Վիճակագրություն- տվյալների հավաքման, կազմակերպման, վերլուծության, մեկնաբանման և ներկայացման հասարակական գործունեության տեսակ, որի նպատակն է ստանալ, հասարակության կյանքի քանակական օրինաչափությունները (նրա որակական բովանդակության հետ անխզելի կապի մեջ) բնութագրող տեղեկատվություն։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Համարվում է հասարակական գիտության ճյուղ (և դրան համապատասխան ուսումնական գիտակարգ), որն ուսումնասիրում է զանգվածային քանակական հարաբերությունների ու փոխադարձ կապերի չափման ու վերլուծության ընդհանուր հարցերը։ Առավել նեղ իմաստով՝ վիճակագրությունը համարվում է որևէ երևույթի կամ գործընթացի մասին տվյալների ամբողջություն։ Բնական գիտություններում վիճակագրություն հասկացությունը նշանակում է զանգվածյին երևույթների վերլուծություն, որը հիմնվում է հավանականությունների տեսության մեթոդների կիրառման վրա։
Վիճակագրությունը որպես գիտություն, սկզբնավորվել է քաղաքական թվաբանությունից, որը 17-րդ դարում ստեղծել են Ու․ Պետտին և Գրաունտը (Անգլիա)։ Այդ շրջանում վիճակագրությունը դեռևս չէր առանձնացվել քաղաքատնտեսությունից և սոցիալ-տնտեսական ուսումնական գիտություններից։ ժամանակակից վիճակագրությանը նախորդող պատմական մյուս գիտությունը պետության մասին գիտությունն էր ( Կոնրինգ, Գերմանիա), որը վիճակագրությունը դիտում էր որպես աշխարհագրության, ազգագրության, իրավաբանական տեղեկությունների հետ մի ամբողջություն։ 19-րդ դարի կեսին Կետլեն (Բելգիա) և նրա հետևորդները փորձում էին վիճակագրությունը ներկայացնել որպես գիտություն հասարակական երևույթների օրինաչափությունների մասին՝ հասարակական օրենքները հանգեցնելով բնական օրենքներին։ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին վիճակագրությունը զարգացավ ինտենսիվորեն, կատարելագործվեցին պետական Վիճակագրության մարմինները, ձևավորվեց գիտական հատուկ դիսցիպլին՝ մաթեմատիկական վիճակագրություն։ Յուրաքանչյուր վիճակագրական հետազոտության մեջ տարբերվում են հետևյալ փուլերը։
- Վիճակագրական դիտարկում
- Վիտարկման նյութերի ամփոփում և խմբավորում
- Վերլուծություն (վիճակագրական ընդհանրացնող ցուցանիշների հաշվարկում), որոնցում օգտագործվում են վիճակագրական յուրահատուկ մեթոդներ։
Բոլոր երեք փուլերը կապված են միմյանց հետ և դրանցից յուրաքանչյուրի համար օգտագործվում են հատուկ մեթոդներ, որոնք բացատրվում են կատարվող աշխատանքի բովանդակությամբ[փա՞ստ]։
Ելնելով վիճակագրության առարկայի բնույթից և հիմնական գծերից, կարելի է ձևակերպել նրա խնդիրները։ Դա հետևյալի ուսումնասիրությունն է[փա՞ստ]՝
- զանգվածային սոցիալ-տնտեսական երևույթների և գործընթացների մակարդակի և կառուցվածքի,
- զանգվածային սոցիալ-տնտեսական երևույթների և գործընթացների փոխկապվածությունների,
- զանգվածային սոցիալ-տնտեսական երևույթնեերի և գործընթացների դինամիկայի։
Վիճակագրության ընդհանուր տեսությունը բոլոր ճյուղային վիճակագրությունների մեթոդաբանական հիմքն է և կորիզը, քանի որ մշակում է սոցիալ-տնտեսական երևույթների քանակական ուսումնասիրության մեթոդները և վիճակագրական միտք ունեցող առավել ընդհանուր հասկացությունները, կատեգորիաները ու սկզբունքները[փա՞ստ]։