Վլադիմիր Վիսոցկի
From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկի (ռուս.՝ Владимир Семёнович Высоцкий, հունվարի 25, 1938(1938-01-25)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4] - հուլիսի 25, 1980(1980-07-25)[1][3][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային բանաստեղծ, թատրոնի և կինոյի դերասան, երգերի հեղինակ (բարդ), արձակ ստեղծագործությունների և սցենարների հեղինակ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր («Հանդիպման վայրը փոխել չի կարելի» հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմում Ժեգլովի կերպարի ստեղծման և հեղինակային երգերի կատարման համար, 1987, հետմահու), Ռուսաստանի ՆԳՆ մրցանակի[11][12] դափնեկիր։
Վլադիմիր Վիսոցկի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Владимир Высоцкий |
Ծնվել է | հունվարի 25, 1938(1938-01-25)[1][2][3][…] Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 25, 1980(1980-07-25)[1][3][5][…] (42 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Ժանրեր | հեղինակային երգ[6][7][8], շանսոն[9], ռուսական շանսոն[10] և արձակ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, կինոդերասան, թատրոնի դերասան, հեղինակ-կատարող, կիթառահար, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, սցենարիստ, երգերի հեղինակ, արձակագիր, դերասան և երգիչ |
Գործիքներ | Ռուսական կիթառ |
Աշխատավայր | Տագանկայի թատրոն և Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոն |
Լեյբլ | Մելոդիա |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (հունիսի 20, 1960) և Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ |
Ամուսին | Իզոլդա Վիսոցկայա, Մարինա Վլադի և Լյուդմիլա Աբրամովա |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Vladimir Vysotsky Վիքիպահեստում |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Հատված «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմից |
Որպես բանաստեղծ՝ Վլադիմիր Վիսոցկին հանդես է եկել առաջին հերթին հեղինակային երգի ժանրում։ Նրա գրած ստեղծագործություններից առաջինները վերաբերում են 1960-ական թվականների սկզբին։ Սկզբում դրանք կատարվել են ընկերների շրջապատում, ավելի ուշ լայն ճանաչում են ստացել երկրում տարածված մագնիտոֆոնային ձայնագրությունների շնորհիվ։ Վիսոցկու պոեզիան աչքի է ընկնում թեմաների բազմազանությամբ (փողոցային, ճամբարային, ռազմական, երգիծական, կենցաղային, հեքիաթային, «մարզական» երգեր), իմաստային ենթատեքստի սրությամբ և սոցիալ-բարոյական շեշտադրմամբ։ Նրա ստեղծագործություններում, որոնք պատմում են էքստրեմալ հանգամանքների մեջ հայտնված մարդկանց ներքին ընտրության մասին, երևում էին էկզիստենցիալ մոտիվներ։ Վիսոցկու ստեղծագործական էվոլյուցիան անցել է մի քանի փուլ․ նրա վաղ ստեղծագործություններում գերակշռում են փողոցային և բակային երգերը, 1960-ականների կեսերից ստեղծագործությունների թեմատիկան սկսել է ընդլայնվել, իսկ երգերի շարքերը՝ ստանալ նոր «ռուսական կյանքի հանրագիտարանի» տեսք։ 1970-ական թվականներին Վիսոցկու ստեղծագործության զգալի մասը կազմել են դավանաբանական-փիլիսոփայական բնույթի երգերն ու բանաստեղծությունները, բանաստեղծը հաճախ է անդրադարձել գոյության հավերժական հարցերին։
1960 թվականին ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան ավարտած Վիսոցկու թատերական կենսագրությունը հիմնականում կապված է Տագանկայի թատրոնում աշխատելու հետ, որի բեմում դերասանը խաղացել է Գալիլեյի («Գալիլեյի կյանքը», 1966), Խլոպուշայի («Պուգաչով», 1967), Համլետի («Համլետ», 1971), Լոպախինի («Բալի այգին», 1975), Սվիդրիգայլովի («Ոճիր և պատիժ», 1979) դերերը։
Վիսոցկու նորամուտը կինոյում կայացել է 1959 թվականին, երբ նա էպիզոդիկ դեր է կատարել «Հասակակիցներ» (ռուս.՝ «Сверстницы») ֆիլմում։ Կինեմատոգրաֆիայում աշխատելու տարիներին դերասանը նկարահանվել է ավելի քան քսանհինգ ֆիլմում։ Վիսոցկու կինոկենսագրությունը ներառում է ընդհատակային Բրոդսկու («Ինտերվենցիա», 1968), կենդանաբան ֆոն Կորենի («Վատ լավ մարդը» (ռուս.՝ «Плохой хороший человек»), 1973), կապիտան Ժեգլովի («Հանդիպման վայրը փոխել չի կարելի» (ռուս.՝ «Место встречи изменить нельзя»), 1979), Դոն Ժուանի («Փոքր ողբերգություններ», 1979) և այլ դերեր։ Ուսումնասիրողները նշել են, որ Վիսոցկու բեմական և էկրանային աշխատանքներում էքսպրեսիվությունը համադրվել է հոգեբանական արժանահավատության հետ։ Մի շարք ներկայացումներում, ինչպես նաև գեղարվեստական ֆիլմերում, հեռուստա - և ռադիոներկայացումներում նա հանդես է եկել նաև որպես երգերի հեղինակ։
Վիսոցկու կենդանության օրոք նրա երգերը Խորհրդային Միությունում պաշտոնական ճանաչում չեն ստացել։ 1968 թվականին մամուլում ծավալվել է նրա երաժշտա-բանաստեղծական ստեղծագործության վատաբանման արշավ։ Մինչև 1981 թվականը խորհրդային ոչ մի հրատարակչություն չի հրատարակել նրա ստեղծագործությունները։ Գրաքննության սահմանափակումները մասնակիորեն հանվել են միայն Վիսոցկու մահվանից հետո, երբ լույս է տեսել նրա չափածո ստեղծագործությունների «Նյարդ» (ռուս.՝ «Нерв») ժողովածուն (կազմող՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկի)։ Այնուամենայնիվ, Վիսոցկու բանաստեղծությունների և երգերի, ինչպես նաև նրան նվիրված ամսագրային հոդվածների հրատարակության գրաքննչական վերահսկողությունը շարունակել է գործել ընդհուպ մինչև վերակառուցում։ Նրա ստեղծագործության օրինականացումն սկսվել է Խորհրդային Միությունում 1986 թվականին, երբ ԽՍՀՄ գրողների միությանը կից ստեղծվել է Վիսոցկու գրական ժառանգության հանձնաժողով։ 1980-ականների երկրորդ կեսից սկսվել է բանաստեղծի ստեղծագործությունների գրքերի և հավաքածուների լույսընծայումը, ծավալվել է հետազոտական աշխատանք՝ նվիրված նրա ստեղծագործությանը։ Ըստ որոշ գնահատականների՝ Վիսոցկին, որը զբաղեցնում է կենտրոնական դիրքերից մեկը 20-րդ դարի ռուսական մշակույթի պատմության մեջ, «ուժեղ ազդեցություն է ունեցել իր ժամանակակիցների և հաջորդ սերունդների հայացքների ձևավորման վրա»։