Վոյաջեր
From Wikipedia, the free encyclopedia
«Վոյաջեր» (անգլերեն՝ Voyager, բառացի՝ ճանապարհորդ), Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի (հնարավոր է նաև Նեպտունի) և դրանց արբանյակների ուսումնասիրման ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանների (ԱՄԿ) սերիայի անվանումը։ Արձակման համար օգտագործվել է «Տիտան-3Ե» կրող հրթիռը։ «Վոյաջեր»-ի զանգվածը 733 կգ է։ 1977 թվականի օգոստոսի 20-ին և սեպտեմբերի 5-ին դեպի Յուպիտեր արձակվել են «Վոյաջեր 2» և «Վոյաջեր 1» ԱՄԿ-ները։ «Վոյաջեր 1» առաջ է անցել «Վոյաջեր 2»-ից և Յուպիտերի մոտով անցել 1979 թվականի մարտի 5-ին («Վոյաջեր 2» կայանը՝ 1979 թվականի հուլիսի 9-ին)։ Սատուրնի մոտով «Վոյաջեր 1» ԱՄԿ անցել է 1980 թվականի նոյեմբերի 12-ին, իսկ «Վոյաջեր 2» կայանը՝ 1981 թվականի օգոստոսի 25-ին։
Կատարվել են միջմոլորակային տարածության, Յուպիտերի և Սատուրնի, դրանց օղակների ու մի քանի արբանյակների հետազոտություններ։ Սատուրնի մոտով անցնելուց հետո «Վոյաջեր 1»-ը շարունակում է հեռանալ Արեգակից։ Այն պետք է դուրս գա խավարածրի հարթությունից և մոտավորապես 1990 թվականին հեռանա Արեգակնային համակարգի սահմաններից՝ շարժվելով Օձակիր համաստեղության ուղղությամբ։ «Վոյաջեր 2»-ը (Սատուրնի մոտով անցնելուց հետո) Սատուրնի ձգողության ազդեցությամբ կատարել է պերտուրբացիոն մանևր (պտույտ մոտավորապես 90°-ով) և դուրս եկել դեպի Ուրան թռիչքի հետագիծ (Ուրանի մոտով անցնելու է 1986 թվականի հունվարին)։ Համակարգերի նորմալ աշխատանքի դեպքում «Վոյաջեր 2»-ը դուրս կգա դեպի Նեպտուն թռիչքի հետագիծ (Նեպտունի մոտով անցնելու է 1989 թվականի օգոստոսին)։