Քիթը (պատմվածք)
From Wikipedia, the free encyclopedia
Քիթը (ռուս.՝ Нос), ռուս գրող Նիկոլայ Գոգոլի պատմվածք։ Գրվել է 1832-1833 թվականների ընթացքում։ Հրատարակվել է 1836 թվականին «Սովրեմեննիկ» պարբերականում[2][3]։
Քիթը ռուս.՝ Нос | |
---|---|
Հեղինակ | Նիկոլայ Գոգոլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1832 |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակված է | Պետերբուրգյան վիպակներ |
Հրատարակման տարեթիվ | 1836 |
Թարգմանիչ հայերեն | Արշակ Աթայան[1] |
Հրատարակում հայերեն | 1934, Երևան, Պետհրատ[1] |
The Nose (Nikolai Gogol) Վիքիպահեստում |
1835 թվականին «Московский наблюдатель» ամսագիրը հրաժարվում է հրապարակել Գոգոլի պատմվածքը։ Ի տարբերություն ամսագրի ղեկավարության, Ալեքսանդր Պուշկինը հավանում է ստեղծագործությունը և համոզում հեղինակին հրատարակել Սովրեմեննիկ ամսագրում 1836 թվականին։ Պատմվածքը արժանացել է բազմաբնույթ և խիստ քննադատությունների։ Արդյունքում պատմվածքի որոշ հատվածներ ենթարկվել են փոփոխության։ Օրինակ՝ Մայոր Կովալյովի և Քթի հանդիպման վայրը՝ Կազանի Աստվածամոր տաճարը, հետագայում փոխվում է (Гостиный двор)։ Պատմվածքի վերջաբանը փոփոխվել է մի քանի անգամ։
Գոգոլն իր պատմվածքը համարում էր սովորական կատակ և երկար ժամանակ չէր համաձայնվում տպագրել[2]։ Հումորը պատմվածքի բովանդակության հիմնական մասն է կազմում, բայց ոչ՝ միակ հատկանիշը։ «Քիթը» պատմվածքում ծիծաղը միաձուլվում է առօրյա կյանքի տեսարաններին՝ միաժամանակ նկարագրելով այդ ժամանակներին բնորոշ դրվագներ[2]։
Պատմվածքը ներառված է տարբեր գրքերում, ժողովածուներում, այդ թվում՝ «Պետերբուրգյան պատմվածքներ» ժողովածու (1842 թ.)[4], «Ֆանտաստիկ գրականություն 24 հատորով։ Հատոր 1-ին։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ռուսական ֆանտաստիկ ժանրի արձակ գրականություն» (1986 թ.)[5], «Ռոմանտիզմի դարաշրջանի ռուսական ֆանտաստիկ գրականություն (1820-1840 թթ.)» (1990 թ.)[6], «Անսպասելի հյուրեր» (1994 թ.)[7]։