Ֆենոմենոլոգիա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆենոմենոլոգիա (ֆենոմեն և լոգիա բառերից), սկզբում՝ փիլիսոփայական գիտակարգ, հետագայում՝ իդեալիստական փիլիսոփայության ուղղություն, որը ձգտում է փիլիսոփայական գիտակցությունը ազատագրել նատուրալիստական դիրքորոշումներից (որոնք խստորեն բաժանում են օբյեկտն ու սուբյեկտը), հասնել գիտակցության ռեֆլեքսիայի, բացահայտել ճանաչողության, մարդկային գոյության և մշակույթի սահմանային բնութագրերն ու նախասկզբնային հիմքերը։
Սկզբում ֆենոմենոլոգիայի նպատակը հանգեցվում Էր հիմնականում զգայական փորձի առարկաների քննադատական նեգատիվ վերլուծությանը (Յոհան Հենրիխ Լամբերտ, Իմանուիլ Կանտ)։ Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը «Ոգու ֆենոմենոլոգիա»-ում ֆենոմենոլոգիան դիտարկել է որպես փիլիսոփայության գիտակարգ գիտակցության կազմավորման պատմական ձևերի և փիլիսոփայության գիտելիքի ձևավորման մասին։ XIX դ․ ֆենոմենոլոգիան մեկնաբանվել է որպես հոգեբանության ճյուղ (Մ․ Լացառուս, Ֆրանց Բրենտանո, Կառլ Շտումպֆ, Ա․ ֆոն Մայնոնգ)։
Ֆենոմենոլոգիայի այսպիսի ընկալումից էր ելնում իր վաղ շրջանում նաև Էդմունդ Հուսերլը, որը հետագայում զարգացրել է ֆենոմենոլոգիայի մի ամբողջ համակարգ՝ յուրահատուկ իդեալիստական փիլիսոփայական ուղղություն, որը XX դ․ բուրժական փիլիսոփայության հիմնական ուղղություններից է։
Ֆենոմենոլոգիան էական ազդեցություն է գործել արդի փիլիսոփայության վրա, մասնավորապես ֆենոմենոլոգիայի գաղափարները կազմում են էկզիստենցիալիզմի փիլիսոփայական հիմքը։ Բացահայտելով ֆենոմենոլոգիայի հիմնական սկզբունքների և դրույթների սնանկությունը՝ նրա սուբյեկտիվիզմը, բնական գիտությունների մեթոդաբանությունից կտրվածությունը, սխոլաստիկականությունը, մարքսիստները նշում են նաև ֆենոմենոլոգիայի որոշ ռացիոնալ կողմերը՝ սցիենտիզմի և պոզիտիվիզմի քննադատությունը, արևմտաեվրոպական մշակույթի ճգնաժամի գիտակցումը։