Ֆլամանդացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլամանդացիներ (հոլ.՝ Vlamingen), գերմանական լեզվական խմբի ժողովուրդ[1], ինչպես ռոմանալեզու վալոնները, այնպես էլ ֆլամանդացիները Բելգիայի բնիկ ժողովուրդն են։ Ընդհանուր թիվը՝ 7.230.000 մարդ։ Բնակվում են Բելգիայի հյուսիսային Ֆլանդրիա տարածաշրջանում (5 մլն․), 250 հազար ֆլամանդացի ապրում է Ֆրանսիայի հյուսիսում (Ֆրանսիական Ֆլանդրիա)։ Լեզուն նիդերլանդերենն է։
Կենցաղում ֆլամանդացիները շփվում են կախված իրավիճակից և Ֆլանդրիայում ներկայացված նիդերլանդերենի բարբառների գրական ստանդարտների տիրապետման աստիճանից, գրական լեզվով կամ գրական լեզվի և բարբառային տարբերակների միջանկյալով։
Լեզվով և մշակույթով մոտ են հոլանդացիներին։
Բելգիայի բնակչության հիմնական շերտը կազմում են ֆլամանդները՝ֆրանկական, ֆրիզական և սաքսոնական ցեղերի ժառանգները և վալոնները՝ կելտերի ժառանգները։ Ֆլամանդական էթնոսի ձևավորումը տեղի է ունեցել 15-16-րդ դդ.: 16-րդ դ. Նիդեռլանդական հեղափոխությունից հետո Ֆլանդրիան ընդգրկվեց իսպանական տիրապետությունից ազատված «Միացյալ մարզի» մեջ, 1714 թ.՝ անցավ Ավստրիայի վերահսկողության տակ, իսկ 1797 թ. միացավ Ֆրանսիային։
Վիեննայի կոնգրեսի որոշմամբ, 1814 թ. Ֆլանդրիան դարձավ Նիդեռլանդական թագավորության մաս, իսկ 1830 թ. Բելգիական հեղափոխության արդյունքում ֆլամանդները, վալոնների աջակցությամբ, հիմնեցին Բելգիա անկախ պետությունը, մինչդեռ Ֆլանդրիայի մի որոշ հատված մնաց Նիդեռլանդների կազմում։ 1847 թ. սկիզբ առավ ֆլամանդական ազգային շարժումը, որը հանգեցրեց ազգային մշակույթի, գրականության վերածննդին։ Շարժման նպատակներից էր նաև ֆլամանդերենի և ֆրանսերենի միջև հավասարությունը։ Արդյունքում, ընդունվեց օրենք, համաձայն որի երկրում հաստատվեց երկլեզու համակարգ, բայց այս 2 լեզուներին այդպես լ հավասար կարգավիճակ չտրվեց։
Հետագայում բարեփոխման ենթարկվեց նաև քաղաքական համակարգը. պետության ներսում ձևավորվեցին դաշնության 2 տեսակի սուբյեկտներ՝ մշակութային համայնքներ (ֆլամանդական, վալոնական և գերմանական) և տնտեսական շրջաններ (Ֆլանդրիա, Վալոնիա և Բրյուսել)։ 1993 թ. Բելգիան պաշտոնապես անվանակոչվեց որպես Վալոնիայի, Ֆլանդրիայի և Բրյուսելի դաշնություն։
Ֆլանդրիան իրենից ներկայացնում է Բելգիայի թագավորության հինգ հյուսիսային նահանգները, որտեղ խոսում են հոլանդերեն։ Վալոնիայի և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի հետ այն համարվում է դաշնության սուբյեկտ։ Բելգիայում տարածված է երկու հիմնական լեզու. հոլանդերեն, որով խոսում են ֆլամանդացիները, որոնք կազմում են բնակչության 59%-ը և ֆրանսերեն, որով խոսում են հիմնականում։ Բելգիայի պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ լեզվական տարբերություննների պատճառով։
Սակայն հարկ է նշել, որ հակասությունները չեն սահմանափակվում միայն լեզվական խնդիրներով։ Կոնֆլիկտային իրավիճակը դրսևորվում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում։ Մինչև 20-րդ դ. կեսը Վալոնիան, ըստ էության, «կերակրում էր Ֆլանդրիային՝ մատակարարելով վերջինիս իր ազգային արտադրանքի առյուծի բաժինը։ II համաշխարհային պատերազմից հետո իրավիճակը փոխվեց։ Ֆլանդրիան վերածվեց տնտեսության շարժիչ ուժի, մինչդեռ Վալոնիայում գործազրկության մեծ ալիք բարձրացավ։ Արդյունքում, Ֆլանդրիայի բնակչությունը դժգոհությամբ հանդես եկավ։
2007-2008 թթ. Բելգիայի խորհրդարանական ընտրությունները հանգեցրին կառավարական ճգնաժամի։ Ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ Քրիստոնեա-դեմոկրատական Ֆլամանդական կուսակցությունը։ Ճգնաժամի պատճառը կուսակցության ձգտումն էր հասնելու Ֆլանդրիայի հետագա ինքնավարությանը, ինչն էլ բացասական արձագանք գտավ վալոնական քաղաքական ուժերի կողմից։
Անհրաժեշտ է հիշատակել նաև բելգիական կոնֆլիկտում հարևան պետությունների ներգրավվածության մասին։
Վալոնա-ֆլամանդական հակամարտությունը սեպարացիոն ճանապարհով լուծելու դեպքում Գերմանիան կկանգնի խնդրի առջև, քանի որ Բելգիայում կան գերմանախոս շրջաններ, որոնք ներկայումս Վալոնական շրջանի մասն են կազմում։ Հնարավոր է վերջինիս վերամիավորումը ԳԴՀ-ին, որի դեպքում Գերմանիան, փաստացիորեն, կվերականգնի II համաշխարհային պատերազմից հետո կորցրած տարածքը։ Սակայն, սա 1990 թ. Մոսկվայի պայմանագրի խախտում է, քանզի պայմանագրի շրջանակներում Գերմանիան պարտավորություն է ստանձնել չընդլայնել իր տարածքը Արլ. և Արմ. Գերմանիաների վերամիավորումից հետո։
Հնարավոր է Վալոնիան Ֆրանսիային միանալու շարժում սկսվի, որից զգուշանում էին Բելգիայի քաղաքական գործիչները դեռ 19-րդ դ.: