1984 (գիրք)
From Wikipedia, the free encyclopedia
«1984» (Հազար Ինը Հարյուր Ութսունչորս), բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս կողմից վեպը շարունականում էր «Անասնաֆերմա» վիպակի մոտիվները, որտեղ ակնարկները 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման և դրա հետա զարգացումների և, ընդհանրապես, աշխարհաքաղաքական տիրապետող միտումների, քաղաքական դեմքերի վերաբերյալ կոնկրետացված էին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1984 (այլ կիրառումներ)
1984 անգլ.՝ Nineteen Eighty-Four | |
---|---|
Հեղինակ | Ջորջ Օրվել[1][2] |
Անվանվել է | 1984[3] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սոցիալական ֆանտաստիկա, քաղաքական ֆանտաստիկա[4], գիտական ֆանտաստիկա և հակաուտոպիստական գրականություն |
Թեմա | ոստիկանական պետություն, մարդու իրավունքներ, մտքի ազատություն և ամբողջատիրություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն և Նորալեզու[5] |
Կերպար(ներ) | Ուինսթոն Սմիթ[3], Ջուլիա[3], Մեծ Եղբայր[3], Օ'Բրայեն[3] և Էմանուել Գոլդսթայն[3] |
Ստեղծման տարեթիվ | 1948 |
Նկարագրում է | Լոնդոն[3] և Օվկիանիա |
Նախորդ | Անասնաֆերմա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | 1949[6] |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20120511 |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | 1984 |
Nineteen Eighty-Four Վիքիպահեստում |
Բայց վեպի ներքին գաղտնագրերն ավելի խոր շերտեր ու ակնարկներ էին պարունակում, ուստի հասկանալի էին նաև վեպի տպագրության ու վաճառքի արգելման, սուբյեկտիվ մեկնաբանման ու արհամարհման այն դեպքերը, որ գրանցվեցին նաև ԽՍՀՄ տարածքից ու սոցճամբարի երկրներից դուրս։ Մասնավորապես՝ բազմաթիվ են Արևմուտքի երկրների ձախակողմյան ուժերի քննադատությունները։ Իսկ ամենից հաճախ վեպի հետ կապված արգելանքներ են եղել ԱՄՆ տարբեր նահանգներում։
Ընդհանրապես՝ հրատարակումից գրեթե անմիջապես հետո և մոտ 50 տարի շարունակ անընդհատ փորձեր են արվել «1984»-ը հանել հատկապես դպրոցական գրադարաններից։
Ուսումնասիրելով ամերիկյան դպրոցներում արգելված գրքերի 1965-1982 թվականների վիճակագրությունը, Լի Բերեսն իր «Հանրահայտ արգելված գրքեր» աշխատության առաջաբանում առանձացնում է 30 այդպիսի գիրք։ Ընդ որում՝ Օրուելի «1984»-ը դրանց շարքում 5-րդն է։ Ուշագրավ է, որ վեպի արգելքնը ամերիկյան դպրոցներում առավել սաստիկ է եղել 1960-1970 թվականներին, երբ չափազանց մեծ էր ԽՍՀՄ-ի հետ պատերազմ սկսելու հավանականությունը։
Հիմնականում վեպը քարկոծվում էր իր անբարոյական ու բաց տեսարանների համար, որոնք կարող էին բացասաբար ազդել դեռահասների հոգեբանության վրա։ Բայց առավել ուշագրավ են վեպն արգելելու քաղաքական դրդապատճառները, որոնք տարբեր ժամանակներում ակնհայտորեն հակասում են իրար։ Յուրաքանչյուր քաղաքական իրադրություն, ըստ ամենայնի, իր դերն է խաղացել արգելանք դնելու, ապա այդ արգելանքն հանելու պատճառաբանության հարցում։ Այդպես, մեկ անգամ ԱՄՆ-ում վեպն արգելվել է այն պատճառաբանությամբ, որ կոմունիզմն այստեղ ներկայացված է բարենպաստ լույսի ներքո, իսկ որոշ ժամանակ արգելքը հանվել է այն փաստարկով, որ գիրքը հրաշալիորեն պատկերում է, թե ինչ է իրականում կատարվում ամբողջատիրական համակարգում։ Հետաքրքիր է, որ ընդհուպ մինչև վերջերս, «1984»-ը թույլատրված է ամերիկյան դպրոցական գրադարանների 43 տոկոսում միայն։
Օրուելի վեպի վերնագիրն ու ԽՍՀՄ-ում հենց 1984 թվականից սկսած գորբաչովյան հայտնի «պերեստրոյկան» որոշակի առեղծվածայնություն հողորդեց վեպին։ Իրականում՝ «1984» վերնագիրը Օրուելի հրատարակիչ Ֆրեդ Ուորբուրգինն է, որով նա փորձում էր գրավել ընթերցողներին։ Նախնական մտահղացմամբ վեպը ունեցել է «Եվրոպայի վերջին մարդը» վերնագիրը։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց «1984», այդպես էլ առեղծված է մնում։ Ամենահավանական տարբերակն այն է, որ Ուորբուրգը պարզապես խաղարկել է վեպի ստեղծման տարեթիվը՝ 1948։
Հանրահայտ է դարձել վեպի «Մեծ Եղբայր» կերպարը՝ Օվկիանիայի տիրակալը, որի պատկերը փակցված է ամենուր «Մեծ Եղբայրը տեսնում է քեզ» մակագրությամբ։
2009 թվականին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։