From Wikipedia, the free encyclopedia
III բանակը (թուրքերեն՝ Üçüncü Ordu) Օսմանյան կայսրության զինված ուժերի ռազմական կազմավորում է՝ զորամիավորում, դաշտային բանակ Օսմանյան ցամաքային զորքերի կազմում։ III բանակը կամ III դաշտային բանակը սկզբնապես կազմավորվել է Բալկաններում, իսկ հետագայում խնդիր է ունեցել պաշտպանելու Օսմանյան կայսրության հյուսիսարևելյան նահանգները (Արևմտյան Հայաստան)։ III դաշտային բանակի սկզբնական շտաբը գտնվել է Սալոնիկում։ Այդ բանակը կազմում էր 1908 թվականի Երիտթուրքական հեղափոխությանը աջակցող ռազմական ուժերի կորիզը։ III բանակի սպաներից շատերն, ովքեր մասնակցել են Երիտթուրքական հեղափոխությանը, ներառյալ Էնվեր փաշան և Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը, հասել են փառքի և իշխանության։ III բանակը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմագործողություններին։
III բանակ (Օսմանյան կայսրություն) թուրքերեն՝ Üçüncü Ordu, անգլ.՝ Third Army (Ottoman Empire), ռուս.՝ 3-я армия (Османская империя), արաբ․՝ (الجيش الثالث (الدولة العثمانية, գերմ.՝ Dritte Armee (Osmanisches Reich) | |
---|---|
Սարիղամիշի ճակատամարտից առաջ Իսմայիլ Էնվեր փաշան և Օտտո ֆոն Ֆելդմանը տեսչություն են անցկացնում զորամասերում | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում, մշտական օպերատիվ-մարտավարական զորամիավորում (բանակ, դաշտային բանակ) ցամաքային զորքերի կազմում |
Զորքերի տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | Օսմանյան կայսրություն, Թուրքիա՝ Օսմանյան կայսրություն |
Ենթարկոում | Օսմանյան կայսրության Սուլթան |
Գործառույթ | ռազմական պաշտպանություն և անվտանգություն |
Թվակազմ | 118 հազար 660 զինվոր ու սպա՝ 1914 թվական, մինչև Սարիղամիշի ճակատամարտը, 20 հազար՝ Սարիղամիշի ճակատամարտից հետո |
. | |
Տեղաբաշխում | Բալկաններ, ապա՝ Արևմտյան Հայաստան |
Շրաբ | Սալոնիկ, ապա Երզնկա, այնուհետև՝ Էրզրում, և վերջում՝ Սուշեհրի |
Պատմություն | |
Ստեղծվեց | Օգոստոս 5, 1914[1] |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ Կովկասյան պատերազմաշրջան (Առաջին համաշխարհային պատերազմ) Սարիղամիշի ճակատամարտ, Քյոփրյուքյոյի ճակատամարտ, Էրզրումի ճակատամարտ |
Լուծարվեց | հոկտեմբեր 15, 1918[1] |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Հասան Իզզեթ փաշա (նոյեմբեր 1 – դեկտեմբեր 19, 1914) Էնվեր փաշա (դեկտեմբեր 22, 1914 – հունվար 10, 1915) Հաֆիզ Հաքքը փաշա (հունվար 12 - փետրվար 13, 1915) Մահմուդ Քյամիլ փաշա (փետրվար 13, 1915 – փետրվար 23, 1915) Աբդուլ Քերիմ (փետրվար 23, 1915 - փետրվար 16, 1916) Վեհիբ փաշա (փետրվար 1916 – հունիս 1918) Էսադ փաշա (հունիս–հոկտեմբեր 1918) |
1911 թվականին III դաշտային բանակն իր շտաբով հարկադրված էր նախ փոխադրվել Երզնկա (թուրքական ձևը՝ Էրզինջան, Erzincan), որը գտնվում է Արևմտյան Հայաստանում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելով՝ դեպի մերձակա Կարին կամ Էրզրում (թուրքական ձևը՝ Էրզուրում, Erzurum)։ Երկու քաղաքներն էլ գտնվում են պատմական Մեծ Հայքի Կարնո աշխարհ կամ Բարձր Հայք նահանգում։ Պատերազմի ընթացքում, III բանակը մարտնչել է ընդդեմ Ռուսաստանի Կովկասյան բանակի և Հայկական կամավորական զորամասերի։ Միաժամանակ, ռազմաճակատի գծի հետևում, իր թիկունքում՝ Արևմտյան Հայաստանի բազում նահանգներում ու գավառներում III բանակն ակտիվորեն մասնակցել է Հայոց ցեղասպանությունն իրագործելուն, դա պատճառաբանելով, իբր, Հայկական դիմադրությունը ճնշելու անհրաժեշտությամբ։ Այս ժամանակաշրջանում III բանակի համար կարևորագույն ռազմական գործողություններ են եղել Սարիղամիշի ճակատամարտը, Քյոփրյուքյոյի ճակատամարտը, և Էրզրումի ճակատամարտ։ III բանակի շտաբը տեղափոխվեց Սուշեհիր փոքր քաղաք, որը գտնվում է Սեբաստիա կամ Սըվազ քաղաքի մերձակայքում։ Էրզրումի աղետալի ճակատամարտից հետո՝ 1916 թվականի վերջերին III բանակը զուրկ էր հարձակողական որևէ հնարավորությունից։ Սակայն III բանակի բախտը ժպտաց 1917 թվականի Ռուսաստանի Փետրվարյան հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանի Կովկասյան բանակը քայքայման ենթարկվեց։
1917 և 1918 թվականների միջև III բանակը հարձակման անցավ ընդդեմ Հայկական ազգային ազատագրական շարժման ստեղծած զորքերի դեմ, որոնք ենթարկվում էին Արևելահայ ազգային խորհրդին և դարձան Հայկական բանակի հիմքը, այն բանից հետո, երբ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Այս ժամանակաշրջանում III բանակը ռազմագործողություններ է վարել հայկական զորքերի դեմ Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում։
1908 թվականի հուլիսի 3-ի Երիտթուրքական հեղափոխությունից և Օսմանյան կայսրության երկրորդ սահմանադրական ժամանակաշրջանի հաստատումից հետո, Օսմանյան նոր կառավարությունը նախաձեռնեց մեծ ռազմական բարեփոխում։ Բանակի շտաբները՝ մասնավորապես՝ Երրորդ դաշտային բանակինը՝ արդիականացվեցին։ III բանակի օպերատիվ շրջանն էր Արևմտյան Ռումելիան։ Երրորդ դաշտային բանակը զորամասեր ուներ թե՛ Եվրոպայում (Ալբանիա, Կոսովո, Մակեդոնիա), թե՛ Փոքր Ասիայում (Այդըն)։ III դաշտային բանակի շտաբի ենթակայության ներքո էին գտնվում հետևյալ գործող դիվիզիաները[2]. Բացի այդ III դաշտային բանակը տեսչական գործառույթներ ուներ 12 Ռեդիֆ (ռեզերվային` պահեստազորային) դիվիզիաների համար[3][4].
Օսմանյան բանակի հետագա վերակազմավորման ընթացքում, երբ կատարվեց բանակային կորպուսների մակարդակով շտաբների ստեղծումը, III դաշտային բանակը 1911 թվականին իր շտաբը տեղակայեց Երզնկայում։ Այդ ժամանակ III բանակը՝ մինչև Առաջին Բալկանյան պատերազմը՝ 1911 թվականի դրությամբ ուներ հետևյալ կառուցվածքը[5].
III դաշտային բանակի հրամանատարի պաշտոնակատարները հաջորդաբար Հասան Իզզեթ փաշան (հոկտեմբեր–դեկտեմբեր 1914) և Էնվեր փաշան էին (դեկտեմբեր 1914 – հունվար 1915)։ Սարիղամիշի աղետալի ճակատամարտից առաջ III դաշտային բանակը կազմված էր 118 հազար 660 զինվորից ու սպայից, որոնք խմբավորված էին հետևյալ զորամիավորումների մեջ՝ հետևյալ հրամատարների գլխավորությամբ[6][7].
Սարիղամիշի ճակատամարտից հետո III դաշտային բանակի թվակազմը կրճատվեց մինչև 20 հազար զինվոր և սպայի, և բանակը կորցրեց իր բոլոր հրանոթներն ու ծանր սպառազինությունը[6][8]։
III դաշտային բանակի հրամանատար Հաֆիզ Հաքքը փաշան (հունվար 12 – փետրվար 1915) վախճանվեց տիֆից, Էրզրումում, 1915 թվականին։ III դաշտային բանակի հրամանատարությունը ստանձնեց Մահմութ Քյամիլ փաշան (փետրվար 1915 – փետրվար 1916)։
1915 թվականին III դաշտային բանակն աստիճանաբար, դանդաղորեն թուլանում էր։ Հուլիսին նա այնքան ուժեղ էր, որ կարողացավ հաղթանակ տանել ռուսական և հայկական ուժերի դեմ Մանազկերտի ճակատամարտում։ Նույն տարվա ընթացքում օսմանյան կայսրության ռազմական կորուստները Գալիպոլիի ճակատամարտում հանգեցրին նրան, որ III դաշտային բանակը զրկվեց իր ռազմական անձնակազմի համալրումներից, և այլևս երբեք չհասավ իր սովորական թվակազմին, ուստի 1915 թվականի վերջերին արդեն անձնակազմի թիվը 118 հազարից կրճատվել, իջել էր 60 հազարի[9]։
1915 թվականի ապրիլին, երբ Օսմանյան կայսրությունում սկսեց իրականացվել Հայոց ցեղասպանությունը, որին մասնակցում էին և տարիներ շարունակ մասնակցելու էին օսմանյան զինված ուժերը՝ իրենց գրեթե բոլոր զորամասերով ու զորամիավորումներով, Օսմանյան կայսրության Երրորդ դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը.
1916 թվականից մինչև 1918 թվականի առաջին կեսը Երրորդ դաշտային բանակի հրամանատարի պաշտոնակատարն էր Վեհիբ փաշան (փետրվար 1916 – հունիս 1918)։ Բանակն ուներ հետևյալ կազմը.
Բացի այդ, Երրորդ դաշտային բանակի կազմի մեջ մտնում էին՝
Երբ ռուսական բանակը սկսեց իր հանկարծակի հարձակումը 1916 թվականի հունվարին, որի գագաթնակետը Քյոփրյուքյոյի ճակատամարտն էր, Օսմանյան կայսրության Երրորդ դաշտային բանակն իր կազմում ուներ 65 հազար զինվոր ու սպա և 100 հրանոթ[10]։
Ռուսական բանակի այդ հարձակման արդյունքում թուրքական Երրորդ բանակը կորցրեց գրեթե 15 հազար սպանված, վիրավոր, սառցահարված, ինչպես նաև մոտ 5 հազար գերի։ Բացի այդ, այդ բանակից փախան մոտ 5 հազար դասալիքներ[11]։ Բանակը նաև կորցրեց իր հրանոթներից մոտ 20-30 միավոր։ Ընդ որում, առավել ծանր կորուստներ կրեց Երրորդ դաշտային բանակի XI բանակային կորպուսը, որը կորցրեց իր անձնակազմի գրեթե 70%-ը։ Ռուսական հարձակման հետևանքով Երրորդ դաշտային բանակը հետ շպրտվեց դեպի Էրզրում քաղաք, որն իր հիմնական ռազմաբազան էր։
Երրորդ դաշտային բանակը կարող էր համալրումներ ակնկալել Առաջին և Երկրորդ դաշտային բանակներից, որոնք հաղթանակներ ունեցան Գալիպոլիում, սակայն օսմանյան կայսրության երկաթուղիների խղճուկ վիճակի պատճառով շատ երկար ժամանակ էր պահանջվում, որ այդ համալրումները հասնեին Երրորդ բանակին։ Այդ պահին Երրորդ բանակն ուներ մոտ 50 հազար անձնակազմ[12]։ Այդ ամենի պատճառով III դաշտային բանակին չէին հերիքում նաև գնդացիրները, և բացի այդ, նա կարիք ուներ ավելի շատ հրանոթների՝ Կարին-Էրզրում քաղաքը ռուսական և հայկական ուժերի գրավումից պաշտպանելու համար։ Գեներալ Մահմութ Քեմալ փաշան վերադարձավ Էրզրում և հետ ստանձնեց բանակի հրամանատարի պարտականությունները գենեալ Աբդուլ Քերիմից։
Ռուսական և հայկական զորքերը պաշարեցին Էրզրում քաղաքը և գրոհեցին այն։ Արդյունքում ճեղքվեց քաղաքը պաշտպանող թուրքական զորքերի արտաքին պաշտպանական գիծը, ինչը հարկադրեց Երրորդ բանակի հրամանատար գեներալ Մահմութ Քյամիլին պարզապես թողնել Արևմտյան Հայաստանի այդ կարևորագույն ամրացված կետը՝ Էրզրում-Կարին բերդաքաղաքը և նահանջել դեպի Արևմուտք՝ Կարին նահանգի արևմտյան ծայրամասը և Փոքր Հայք։ Այժմ օսմանյան Երրորդ դաշտային բանակը իր կազմում ուներ, հավանաբար, մոտ 25 հազար զինվոր և սպա, ինչպես նաև մոտ 30 կամ 40 հրանոթ[13]։
Այդ ամենի արդյունքում Երրորդ դաշտային բանակի բարոյական ոգին չափազանց ցածր էր։ Գեներալ Մահմութ Քյամիլին փոխարինեցին նոր հրամանատարով՝ գեներալ Վեհիբ փաշայով[14]։
Երրորդ դաշտային բանակի զորամասերը շարունակում էին նահանջել՝ կորցնելով նորանոր տարածքներ, այդ թվում՝ կարևոր ռազմածովային նավահանգիստ Տրապիզոն քաղաքը՝ Սև ծովի ափին։ Քաղաքը հետ վերցնելու համար ձեռնարկված Երրորդ դաշտային բանակի զորամասերի հակահարձակումը հաջողությամբ չպսակվեց։
1916 թվականի հուլիսին ռուսական և հայկական զորքերը ձեռնարկեցին ևս մեկ հարձակում օսմանյան Երրորդ դաշտային բանակի դեմ, ինչը վերջինիս արժեցավ իր անձնակազմի գրեթե 30%-ը և ահավոր սասանեց այդ բանակի բարոյական ոգին[15]։ 1916 թվականի սեպտեմբերին Երրորդ դաշտային բանակը շատ թույլ էր և ուներ դասալքության շատ մեծ խնդիր։ 1916 թվականի հոկտեմբերին Երրորդ դաշտային բանակի թիկունքում առկա էր մոտավորապես 50 հազար դասալիք[16]։ Այս ամենի հետևանքով Երրորդ դաշտային բանակն ընդունակ չէր որևէ դեր խաղալու 1916 թվականի վերջին ամիսներին նախատեսված օսմանյան հարձակման մեջ։
Այդ ժամանակաշրջանում III դաշտային բանակի հրամանատարի պաշտոնակատարը գեներալ-լեյտենանտ Վեհիբ փաշան էր (փետրվար 1916 – հունիս 1918)։
1916 թվականի ձմռանը III դաշտային բանակը ենթարկվեց լուրջ կազմակերպչական փոփոխությունների։ 1917 թվականի շեմին այն ուներ հետևյալ կազմակերպչական կառուցվածքը[16].
1916-1917 թթ. ձմռանը Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունը փաստացի նախ կանգնեցրեց Ռուսական բանակի հարձակումը Արևմտյան Հայաստանում, իսկ ապա լիովին քայքայեց այդ հզոր ռազմական ուժը՝ Ռուսաստանի կովկասյան բանակը։
Շնորհիվ այդ ամենի՝ օսմանյան III դաշտային բանակը առաջ խաղաց և 1917-1918 թթ. ընթացքում հետ գրավեց բոլոր այն տարածքները, որոնք կորցրել էր ռուսական և հայկական զորքերի 1916 թ. հարձակումների ընթացքում։ Ավելին՝ պարտության դռանը կանգնած օսմանյան կայսրության զորքերը գրավեցին Կարսը, որը ռուսները ազատագրել էին դեռ 1877 թվականին (տե՛ս Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878))։ Այդ բոլորին նպաստեց նաև Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կնքումը, որը ամրագեց Օսմանյան կայսրության նախապատերազմյան սահմանների վերականգնումը և նույնիսկ նրան տվեց մի շարք նոր տարածքներ, որը ամրապնդվեց Բաթումի պայմանագրով։ Ընդ որում, նույն այդ Բաթումի պայմանագրի համաձայն՝ Օսմանյան կայսրությունը դարձավ աշխարհի առաջին պետությունը, որը ճանաչեց վերականգնված հայկական պետականությունը՝ ի դեմս Հայաստանի առաջին հանրապետության[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.