Ածական անուն
From Wikipedia, the free encyclopedia
Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառը, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները[1]։ Օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։ Նախապես դիտվել է որպես «անուն» խոսքի մասի տեսակ, առաջին անգամ հայերենում առանձնացվել ու համարվել ինքնուրույն խոսքի մաս Մատաթիա Գարագաչյանի կողմից[1]։ Այլ խոսքի մասին պատկանող բառի անցումն ածականի անվանում են ածականացում[1]։
Ըստ կազմության՝ ածականները լինում են՝
- պարզ՝ ծուռ, խոր, կարծր
- բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝
- ածանցավոր՝ անկիրթ, կարմրավուն, արծաթե,
- բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,
- բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, բուհական։
Տարբեր արմատներից կամ բառերից ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝
- ժխտական և այլ նախածանցներ՝ ամենա-մեծ, ան-արդար, ապ-երախտ, բաց-արձակ, տ-կար,
- վերջածանցներ՝ ահ-ագին, հն-ագույն, ուրախ-ալի, բր-ածո, նյարդ-ային, վառ-ելիք, նազ-ելի։