Ապակի
նյութ / From Wikipedia, the free encyclopedia
Գոյություն ունեն բնական և արհեստական ապակիներ։
- Բնական ապակիները՝ պեռլիտները, վանակատները (օբսիդիան) և այլն, հրաբուխների գործունեության արգասիք են և կոչվում են նաև հրաբխային ապակիներ։
- Արհեստական ապակին ամորֆ, փխրուն, թափանցիկ, քիմիապես կայուն նյութ է։ Այն ստանում են հատուկ վառարաններում՝ սոդայի (Na2CO3), կավճի (CaCO3), սիլիկահողի (SiO2) խառնուրդը միահալելով։ Արդյունքում առաջանում են նատրիումի և կալցիումի սիլիկատներ, որոնք, սիլիկահողի հետ միաձուլվելով, վերածվում են հեղուկ ապակեզանգվածի, իսկ հետագա սառեցմամբ՝ պինդ ապակու։ Այսպիսի ապակին կոչվում է սիլիկատային։ Սոդան պոտաշով (K2CO3) փոխարինելու դեպքում ստանում են դժվարահալ ապակի։ Կավիճը՝ կապարի (II) օքսիդով (PbO), իսկ սոդան պոտաշով փոխարինելու դեպքում ստանում են բյուրեղապակի։ Սկզբնական խառնուրդին տարբեր մետաղների օքսիդներ ավելացնելիս սիլիկատային ապակին ստանում է տարբեր գույներ, օրինակ՝ քրոմի (III) օքսիդից՝ կանաչ, կոբալտի (II) օքսիդից՝ կապույտ, մանգանի (IV) օքսիդից՝ կարմրամանուշակագույն և այլն։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եթե ապակին պարունակում է մոտ 99% սիլիկահող, ապա կոչվում է քվարցային ապակի։ Այն կարելի է ենթարկել ավելի բարձր ջերմաստիճանների ազդեցության, քան սովորական ապակին։ Քվարցապակու շատ արժեքավոր հատկությունը նրա չափազանց փոքր ջերմային ընդարձակման գործակից ունենալն է։ Դա նշանակում է,որ տաքացնելիս կամ սառեցնելիս քվարցապակու ծավալը գրեթե չի փոխվում։ Ուստի նրանից շինված առարկաները կարելի է ուճեղ տաքացնել և իջեցնել սառը ջրի մեջ,որից նրանք չեն ճաքում։ Քվարցապակին կիրառվում է լաբորատոր ամանեղեն պատրաստելու համար և քիմիական արդյունաբերության մեջ։