Առաքյալներ
From Wikipedia, the free encyclopedia
Առաքյալներ (առաքված, ուղարկված հունարեն՝ απόστολος), ըստ Նոր Կտակարանի և քրիստոնյա ավանդության՝ Քրիստոսի կողմից առաքված մարդիկ, Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներն ու հետնորդները (Ղուկ. 6։13-16 հմմտ. Մատթ. 10։2-4, Մարկ. 3։16, )՝ համապատասխան Իսրայելի տասներկու ցեղերի թվին (Ծննդ. 49։28)։ 12 առաքյալներն են՝
- Պետրոսը (Սիմոն Պետրոս, Կեփաս),
- Անդրեասը,
- Հակոբոսը (Զեբեդեոսի որդի, Որոտման որդի (Բաներեգես)),
- Հովհաննեսը (Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան),
- Փիլիպպոսը,
- Բարդուղիմեոսը (Նաթանայել),
- Թադեոսը (Ղեբեոս, Հուդա)
- Թովմասը (Երկվորյակ),
- Մատթեոսը (Ղևի),
- Հակոբոս Ալփյանը (Կրտսեր Հակոբոս, Ալփեոսի որդի),
- Սիմոն Կանանացին (Նախանձահույզ),
- Հուդա Իսկարիովտացին։
Հուդա Իսկարիովտացու ինքնասպանությունից հետո առաքյալները վիճակահանությամբ որպես 12-րդ առաքյալ ընտրում են Մատաթիային (տես Գործք.1։15-26)։
Առաքյալները բոլորն էլ եղել են Գալիլիացիներ (հմմտ. Գործք. 2։7), հիմնականում ձկնորսներ և մաքսավորներ։ Ըստ Ավետարաններում առկա տվյալների՝ բոլոր առաքյալներն էլ Քրիստոսի անմիջական առաջնորդությամբ պատրաստվել են իրենց առաքելության համար, ականջալուր եղել Նրա քարոզներին և ականատես՝ հրաշքներին ու գործերին, և Հարությանը։ Տասներկու առաքյալներին Հիսուսը «իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10։1)։ Իսկ համբարձվելուց առաջ ընտրյալներին պատվիրեց. «ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հօր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19-21)։ Քրիստոսի Համբարձումից և Հոգեգալուստից հետո գործնականապես նրանք եղան հիմքն ու հիմնադիրը Եկեղեցու՝ լինելով դրա անդամները, առաջնորդներն ու կազմակերպիչները։ Գործք առաքելոցում հանգամանալից ներկայացվում են առաքյալների հալածանքներն ու նրանցից մեկի՝ Հակոբոս Զեբեդյանի սպանությունը (Գործք. 12։1-2)։ Համաձայն Ավանդության բոլոր առաքյալներն էլ, բացառությամբ Հովհաննես առաքյալի նահատակվել են ի սեր Քրիստոսի։
Տասներկուսից բացի առաքյալ է անվանվում նաև Պողոսը (Սողոս), ով ծանոթ է որպես 13-րդ առաքյալ։ Պողոսն ինքն իրեն էլ անվանում է «հեթանոսների առաքյալ» (Հռոմ. 11։12)։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տոնացույցում ունի Տասներկու առաքյալներին և Պողոս Տասներեքերորդ առաքյալին նվիրված տոն։ Այս առաքյալները տոներ ունեն նաև առանձին-առանձին կամ զույգ-զույգ։
Հայաստանում քարոզել և նահատակվել են Թադեոս (Ղեբեոս) և Բարդուղիմեոս (Նաթանայել) առաքյալները, որոնք հիմնել են եկեղեցիներ։ Վերջիններս կոչվել են Առաքելական եկեղեցիներ, ըստ այդմ էլ Հայոց եկեղեցին կոչվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի։ Առաքյալների անմիջական քարոզով հիմնված եկեղեցիները կոչվում են Առաքելական, որից և ծագել է հայ եկեղեցու պատվանունը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի»։