Բրոունյան շարժում
From Wikipedia, the free encyclopedia
Բրոունյան շարժում, հեղուկում կամ գազում՝ պինդ նյութի մանր մասնիկների անկանոն շարժում՝ գազի կամ հեղուկի մասնիկների ջերմային շարժման պատճառով։ Բրոունյան շարժումը երբեք չի դադարում։ Բրոունյան շարժումը կապված է ջերմային շարժման հետ, բայց նրանք տարբեր հասկացություններ են։ Բրոունյան շարժումը ջերմային շարժման գոյության հետևանքն ու ապացույցն է։
Բրոունյան շարժումը, ատոմների և մոլեկուլների քաոսային ջերմային շարժման մասին մոլեկուլյար֊կինետիկ տեսության պատկերացումների տեսանելի և փորձարարական ապացույցն է։ Եթե դիտարկման ժամանակահատվածը բավականին մեծ է, որպեսզի ուժերը, որոնք ազդում են մասնիկի վրա՝ միջավայրի մոլեկուլների կողմից, մի քանի անգամ փոխեն իրենց ուղղությունը, ապա նրա՝ դեպի ինչ֊որ առանցքի շեղման պրոեկցիայի միջին քառակուսին ուղիղ համեմատական է ժամանակին։
Էյնշտեյնի օրենքի դուրս բերման ժամանակ ենթադրվում է, որ մասնիկի՝ ցանկացած ուղղությամբ շեղումները հավասարահավանական են և որ կարելի է անտեսել բրոունյան մասնիկի իներցիան համեմատած՝ շփման ուժերի հետ (դա թույլատրելի է միայն բավականին մեծ ժամանակահատվածների համար)։ D գործակցի բանաձևը հիմնված է Ստոքսի օրենքի վրա՝ մածուցիկ հեղուկում՝ A շառավղով գնդի շարժման հիդրոդինամիկական դիմադրության համար։ Առնչությունները A-ի և D-ի համար փորձարարական ճանապարհով հաստատվել են Ժ․ Պարենի (J. Perrin) և Տ․ Սվեդբերգի (T. Svedberg) չափումներով։ Այդ չափումներից փորձարարական ճանապարհով որոշվել է Բոլցմանի հաստատունը k և Ավոգադրոյի հաստատունը NA։ Բացի համընթաց բրոունյան շարժումից կա նաև պտտական բրոունյան շարժում՝ բրոունյան մասնիկի անկանոն պտույտ՝ միջավայրի մոլեկուլների հարվածների ազդեցությամբ։ Պտտական բրոունյան շարժման համար մասնիկի միջին քառակուսային անկյունային շեղումը ուղիղ համեմատական է դիտարկման ժամանակին։ Այդ գործակիցները հաստատվել են նաև Պերենի փորձերով, չնայած այդ էֆեկտը ավելի դժվար է դիտել, քան համընթաց բրոունյան շարժումը։