Երկրապահ կամավորականների միություն
Հասարակական կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Երկրապահ կամավորականների միություն (Երկրապահ, ԵԿՄ), հասարակական կազմակերպություն, որը գրանցված է Հայաստանում։ Հիմնադրել է Վազգեն Սարգսյանը 1993 թվականի հուլիսին[1]։ Ի սկզբանե ԵԿՄ-ին կարող էին անդամագրվել հայկական կողմից Արցախյան պատերազմի մասնակիցները, սակայն հետագայում հասարակական կառույցին սկսեցին անդամագրվել նաև քաղաքացիներ, որոնք չեն մասնակցել պատերազմին[2]։
Երկրապահ կամավորականների միություն | |
---|---|
Տեսակ | ռազմական կազմավորում և հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | հունիս 1993 |
Գլխավոր քարտուղար | Սասուն Միքայելյան |
Կարևոր անձինք | Վազգեն Սարգսյան, Մանվել Գրիգորյան |
Հիմնադիր | Վազգեն Սարգսյան |
Կայք | ekm.am |
Ըստ հարավկովկասյան հակամարտությունների բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալի՝ Երկրապահ կամավորականների միությունը 1994 թվականից հետո դարձել է Հայաստանի ամենուժեղ կազմակերպությունը[3], որը մշտապես մասնակցել է ներքաղաքական գործընթացներին՝ պաշտպանելով գործող իշխանություններին (ղեկավարությամբ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին)։
Երկրապահ կամավորականների միության հասցեին տարբեր ժամանակներում հնչել են քաղաքական հաշվեհարդարներ կատարելու, Մարտի 1-ի իրադարձություններին ցուցարարների նկատմամբ բռնություններ իրականացնելու, հայաստանյան ընտրություններին գործող իշխանությունների համար ընտրակեղծիքներ կազմակերպելու, Հայաստանի զինված ուժերի զենք, զինամթերքն ու սննդամթերքը յուրացնելու մեղադրանքներ։
ԵԿՄ-ն այսօր եռասերունդ կառույց է, որն իր «Երիտասարդ երկրապահ»[4] և «Պատանի երկրապահ»[5] կառույցների միջոցով իրականացնում է նոր սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությունը։ «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ամառային ճամբարում[6] յուրաքանչյուր սեզոնին հանգստանում են պատանիներ և աղջիկներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից[7] և սփյուռքից[8]։