Եկեղեցական տոներ
From Wikipedia, the free encyclopedia
Եկեղեցական տոներ, աստվածապաշտության կամ ծեսի և պաշտամունքի բաղկացուցիչ հիմնական բաժիններից։ Կատարվում են եկեղեցական հանդիսավոր արարողություններով, նվիրված են որոշակի դեպքերի ու անձերի ոգեկոչումներին կամ ուղղակի միջոց են հոգևոր խորհրդածությունների։ Նպատակն է նվիրվել օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոնական պաշտամունքին, ապրել հոգևոր բարեպաշտական կյանքով և խորհել հոգևոր արժեքների մասին։ Քրիստոնեական, այդ թվում և Հայ եկեղեցու տոները նվիրված են Հիսուս Քրիստոսին, Աստվածածնին, խաչին, սուրբերին և մարտիրոսներին, ինչպես նաև ազգ-եկեղեցական նշանակություն ունեցող իրադարձություններին (հայոց համար այդպիսիք են Թարգմանչաց, Վարդանանց տոները)։ Մի շարք քրիստոնեական տոների հետ միախառնվել են նաև հեթանոսական շրջանի տոների որոշ տարրեր և ժողովրդական սովորույթներ։ Կիրակին Տերունական օր է, նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը և միշտ նշվում է որպես եկեղեցական տոն։ Շաբաթվա մնացած օրերը սրբոց և պահոց օրեր են։