Գաղափար
From Wikipedia, the free encyclopedia
Գաղափար (գեղարվեստական ստեղծագործության գաղափար), պատկերվող իրականության նկատմամբ հեղինակի վերաբերմունքը, նրա արտահայտած գնահատականն ու եզրակացությունը։ Երկի գաղափարը, նրա թեմայի հետ միասին, կազմում է ստեղծագործության թեմատիկ-գաղափարական հիմքը կամ բովանդակությունը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաղափար (այլ կիրառումներ)
Փիլիսոփայության մեջ իդեաները կամ գաղափարները սովորաբար դիտարկվում են որպես որևէ օբյեկտի մտավոր երևակայական պատկերներ։ Իդեաները կարող են լինել նաև վերացական գաղափարներ, որոնք չեն կարող ներկայացվել որպես մտավոր պատկերներ[1]։ Շատ փիլիսոփաներ գաղափարները համարում են գոյաբանական հիմնարար կատեգորիաներ։ Գաղափարների իմաստը հասկանալու և ստեղծագործելու կարողությունը համարվում է էական և մարդուն բնորոշ հատկանիշներ։
Գրական-գեղարվեստական երկի գաղափարական բովանդակությունը բարդ և բազմաշերտ հասկացություն է։ Դրա մեջ, նախ, պետք է տարբերել հիմնական գաղափարը։ Դա հեղինակի արտահայտած գլխավոր, նվիրական միտքն է, որ երբեմն կոչում են նաև պաթոս։ Բայց, դրա հետ միասին, սովորաբար արտահայտվում են նաև այլ՝ առընթեր գաղափարներ, որոնք խորացնում և հարստացնում են ստեղծագործության հիմնական գաղափարը։ Այսպես, Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի գլխավոր միտքը բարի գործի անմահության գաղափարն է, որն ավելի խոր և ամբողջական է դառնում շնորհիվ պոեմում արտահայտված մյուս գաղափարների՝ հայրենասիրության և դավաճանության հակադրություն, սիրո ոգևորող և կործանիչ ուժի հաստատում, մարդկային կյանքի անցողիկության միտքը և այլն։