Խորեզմ
From Wikipedia, the free encyclopedia
Խորեզմ (պարս.՝ خوارزم, հայկ. աղբյուրներում՝ խվարեզմ), հնագույն պետություն Ամուդարյա գետի ստորին ավազանում։ Հիշատակվում է Բագհաստանայի արձանագրության մեջ և Ավեստայում։ Խորեզմը հզորության գագաթնակետին հասավ Մեծ խորեզմշահերի տիրապետության շրջանում (XI — XIII դդ.)։ 1220 թ.-ին Խորեզմն ասպատակեց Չինգիզ խանը։ 1225 թ.-ին Խորեզմի շահ Մահմադի որդի Ջալալ Էդ-Դինը գրավեց Իրանի հյուսիսարևմտյան մասը և Ատրպատականը, ապա արշավեց Հայաստան ու Վրաստան՝ նպատակ ունենալով դրանք դարձնել հենակետ մոնղոլների դեմ պատերազմելու համար։ Ջալալ Էդ-Դինի 60 000-անոց զորքը (հայկական աղբյուրներում՝ «խորազմիք», «խորազմք», «խորագմն») արշավեց Արարատյան դաշտ, գրավեց և ավերեց Դվինը։ Կոտայքում ընդհարվեց վիրա-հայկական զորքի հետ, որին գլխավորում էր Իվանե Զաքարյանը։ 1227 թ.-ին հայ-վրացական ուժերը Տփղիսի (Թիֆլիսի) և Դվինի մատույցներում պարտության մատնեցին խորեզմցիներին։ 1228—1230 թթ.-ին շարունակվեցին Ջալալ Էդ-Դինի ասպատակությունները Հայաստանում, սակայն 1230 թ.-ի ամռանը նա պարտվեց։ Մոնղոլական տիրապետության ժամանակ Խորեզմը մտավ Զուչիի ուլուսի, այնուհետև Ոսկե Հորդայի կազմի մեջ։ 1388 թ.-ին Խորեզմը նվաճեց Լենկ-Թեմուրը։ 1512 թ.-ից մինչև XVII դարի վերջը Խորեզմն անկախ պետություն էր (Խիվայի խանություն), որը կառավարում էին ուզբեկ խաները։