Ստամբուլ
From Wikipedia, the free encyclopedia
Ստամբուլ, պատմականորեն հայտնի է որպես Կոստանդնուպոլիս կամ Բյուզանդիոն, հայերենում կիրառվում է նաև Պոլիս տարբերակը (թուրքերեն՝ İstanbul, անգլ.՝ Istanbul[1][2][3]), Թուրքիայի ամենամեծ քաղաքը և երկրի տնտեսական, մշակութային, գործարար ու պատմական կենտրոնը։ Ստամբուլը միջմայրցամաքային քաղաք է Եվրասիայում, որը կառուցված է Բոսֆորի նեղուցի երկու ափերին։ Վերջինս իրարից բաժանում է Եվրոպան և Ասիան։ Քաղաքը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև։ Ստամբուլի գործարար և պատմական շրջանները գտնվում են եվրոպական հատվածում, իսկ բնակչության մեկ երրորդը բնակվում է ասիական հատվածում[4]։ Ստամբուլը համարվում է Եվրոպայի ամենամեծ քաղաքը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ստամբուլ | |||
թուրքերեն՝ İstanbul | |||
Ձախից աջ ժամ սլաքի ուղղությամբ՝ Ոսկեղջյուրի և Ստամբուլի պատմական շրջանների համայնպատկերը Քարաքյոյից և Սարայբուրնուից, Կույսի աշտարակը, Ստամբուլի պատմական տրամվայը Իստիկլյալ պողոտայում, Ստամբուլի գործարար կենտրոնը և Դոլմաբահչե պալատը, Օրթաքյոյ մզկիթը և Բոսֆորի կամուրջը, Սուրբ Սոֆիայի տաճարը։ | |||
Երկիր | Թուրքիա | ||
Ենթարկում | Քաղաքային համայնք | ||
Մարզ | Ստամբուլի մարզՍտամբուլ | ||
Քաղաքապետ | Էքրեմ Իմամօղլու (CHP) | ||
Հիմնադրված է | ՔԱ. 667 թ. | ||
Այլ անվանումներ | մինչև 330 — Բյուզանդիոն մինչև 450 — Նոր Հռոմ մինչև 1930 — Կոնստանդնուպոլիս | ||
Մակերես | 2.106 կմ² | ||
ԲԾՄ | 100 մ | ||
Պաշտոնական լեզու | թուրքերեն | ||
Բնակչություն | 14,804,116 մարդ (2016 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով) | ||
Խտություն | 6521 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Թուրքեր, հայեր, հույներ, քրդեր, հրեաներ, ալբանացիներ | ||
Կրոնական կազմ | մուսուլմաններ, քրիստոնյաներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +90 212 (ասիական մաս) +90 216 (եվրոպական մաս) | ||
Փոստային դասիչ | 34010-34850 80000-81800 | ||
Ավտոմոբիլային կոդ | 34 | ||
Պաշտոնական կայք | ibb.istanbul istanbul.gov.tr(թուրքերեն) (անգլ.) | ||
| |||
Ստամբուլը համանուն մարզի վարչական կենտրոնն է։ Արվարձանների հետ միասին Ստամբուլի բնակչությունը գերազանցում է 14,7 միլիոնը[5]։ Աշխարհի ամենախոշոր քաղաքների ցանկում Ստամբուլը զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։
Ստամբուլի ներկայիս Սարայբուրնու թաղամասի տարածքում մ.թ.ա. 667 թվականին կառուցվել է Բյուզանդիոն քաղաքը, որը, ժամանակի ընթացքում զարգանալով, դարձել է պատմության ամենանշանակալի քաղաքներից մեկը։ 330 թվականին Բյուզանդիոնի հիմքի վրա կառուցվել է Կոստանդնուպոլիս քաղաքը, որը շուրջ 16 դար եղել է սկզբում Հռոմեական և Բյուզանդական (330–1204 և 1261–1453 թվականներ), այնուհետև Լատինական (1204–1261 թվականներ) և Օսմանյան կայսրությունների մայրաքաղաք[6]։ Հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջանում քաղաքը եղել է քրիստոնյա արևելքի մայրաքաղաքը, սակայն 1453 թվականին գրավվել է օսմանյան սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի կողմից։ Դառնալով Օսմանյան կայսրության մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիսը դարձել է իսլամական քաղաքակրթության կենտրոններից մեկը և Օսմանյան խալիֆայության նստավայրը[7]։
Ստամբուլը գտնվում է ռազմավարական և պատմական կարևոր նշանակություն ունեցող տեղանքում, որտեղով անցնում են Մետաքսի ճանապարհը[8], Եվրոպան և Մերձավոր Արևելքն իրար կապող երկաթգիծը, ինչպես նաև Սև և Միջերկրական ծովերն իրար կապող միակ ծովային ճանապարհը։ Այդ իսկ պատճառով, Ստամբուլն ունի մեծ և կոսմոպոլիտ բնակչություն, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է միայն 1923 թվականի հոկտեմբերի 29-ին։ Չնայած որ Ինտերբելումի ժամանակաշրջանում Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվեց նորակառույց Անկարա, քաղաքը կրկին վերականգնել է իր երբեմնի փառքը և հեղինակությունը։ 1950-ական թվականներից սկսած քաղաքի բնակչությունը մեծացել է շուրջ 10 անգամ։ Պատճառը Անատոլիայի տարբեր հատվածներից և հարակից երկրներից միգրանտների մեծ հոսքն էր Ստամբուլ։ Չդիմանալով միգրանտների մեծ հոսքին՝ քաղաքային իշխանությունների հրամանով սկսեցին կառուցվել նորանոր թաղամասեր, որի արդյունքում էլ Ստամբուլը դարձավ Եվրոպայի ամենամեծ քաղաքը[9][10]։ 20-րդ դարի վերջից սկսած քաղաքում կազմակերպվում են արվեստի, երաժշտության, ֆիլմերի և մշակութային այլ ուղղությունները ներառող փառատոններ, որոնք մինչ օրս շարունակվում են տեղի ունենալ։ Ենթակառուցվածքների զարգացման արդյունքում՝ Ստամբուլում ձևավորվել է բավականին բարդ տրանսպորտային համակարգ։
2015 թվականին մոտավորապես 12,56 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ է այցելել Ստամբուլ։ 2010 թվականին Ստամբուլը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Քաղաքը հինգերորդն է՝ ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունած քաղաքների ցանկում[11]։ Ստամբուլի գլխավոր գրավչությունն իր պատմական կենտրոնն է, որի մի մասը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, ինչպես նաև մշակութային և զվարճանքի կենտրոնները, որոնք կարելի է գտնել քաղաքի բնական նավահանգիստ հանդիսացող Ոսկեղջյուրի ողջ երկայնքով մեկ (Բեյօղլու թաղամասում)։ Հանդիսանալով բազմազգ քաղաք[12]՝ Ստամբուլն ունի ամենաարագ աճող տնտեսություններից մեկն աշխարհում[13]։ Այստեղ են տեղակայված թուրքական խոշոր կազմակերպությունների կենտրոնակայանները, մեդիաընկերությունների գրասենյակները։ Միայն Ստամբուլն ապահովում է Թուրքիայի ՀՆԱ-ի 30 %-ից ավելին[14]։ Հենվելով իր սրընթաց աճի և տնտեսական զարգացման ցուցանիշների բարձրացման վրա՝ վերջին 20 տարիների ընթացքում Ստամբուլը 5 անգամ եղել է Ամառային օլիմպիական խաղերի թեկնածու քաղաք[15]։