Կորպորացիա
From Wikipedia, the free encyclopedia
Կորպորացիա (ուշ լատին․՝ corporatio - միավորում բառից), մասնակիցների որևէ հատուկ արտոնության պաշտպանության նպատակով ստեղծված միությունների և կազմակերպությունների՝ տնտեսագիտական և իրավաբանական գրականության մեջ տարածված անվանում։ Սրանք գոյություն ունեին դեռևս ֆեոդալիզմի ժամանակ՝ առևտրական գիլդյաների, ասպետական խմբերի և այլ ձևերով։ Ներկայումս կորպորացիաներն իրավաբանական ինքնուրույն սուբյեկտներ են ակցիոներական կոմպանիաների, մոնոպոլիստական միավորումների, պետական և մասնավոր ֆիրմաների միավորման և այլ ձևերով։ Կորպորացիայի մեջ առաջատար դեր է խաղում կառավարող վերնախավը, որը սերտորեն կապված է նաև պետության հետ։
Միջնադարյան ավատատիրական հասարակարգում կորպորացիա էին անվանվում արհեստավորական ցեղերը, առևտրական գիլդիաները, հոգևոր ասպետական միաբանությունները։ ժամանակակից քաղաքացիական իրավունքում կորպորացիան որևէ գործունեության համար միավորված մարդկանց խումբ է և իրավունքի ինքնուրույն սուբյեկտ՝ իրավաբանական անձ։
Այն նաև պրոֆեսիոնալ միավորումների ձև է, երբեմն՝ պետական կառավարման ֆունկցիաներն իրականացնող մարմին։
ԱՄՆ-ում առաջին կորպորացիան (բաժնետիրական ընկերությունը) ստեղծվել է 19-րդ դարում։ 20-րդ դարի սկզբներին դարձել է կապիտալիստական ձեռնարկությունների կազմակերպման հիմնական ձևը։ Ետպատերազմյան շրջանում առավել տարածված են բազմազգ կորպորացիաները։