Հայաստանի Հանրապետության հուշադրամներ
դրամագիտական և հավաքորդական նշանակության մետաղադրամներ / From Wikipedia, the free encyclopedia
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք[ն 1] հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, նրանց արտադրությունը կարող է պահանջել հատուկ տեխնոլոգիաների կիրառում, կարող են ունենալ հավաքորդական և ներդրումային նշանակություն[ն 2][ն 3]:
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (585, 900, 999 հարգի ոսկի, 925, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, արույր, արույրապատ պողպատ) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 100, 500, 1000, 5000, 10 000, 25 000, 50 000, 100 000, 200 000 և 1 միլիոն հայկական դրամ (֏) անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 5, 10, 25, 75, 100, 200, 500, 1000, 1957, 2000, 5000, 10 000, 20 000 և 30 100 դրամ, մելքիորից՝ 100 դրամ, իսկ արույրից՝ 200 դրամ, արույրապատ պողպատից՝ 50 դրամ։ Մետաղադրամները հատվել են UNC, BU, special UNC, antique finish և proof որակներով։
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամն է «Սարդարապատ» մետաղադրամը[10][11][12]։ Ամենափոքր մետաղադրամը 100 դրամ անվանական արժեքով «Նոյյան տապան» ոսկե հուշադրամն է՝ ընդամենը 1.00 գ քաշով, իսկ ամենամեծ մետաղադրամները 20 000 դրամ անվանական արժեքով «Նոյյան տապան» ներդրումային արծաթե դրամներն են, որոնք կշռում են 5 կգ։ «20-րդ դարի հայոց կաթողիկոսներ» հուշադրամը հատվել է ամենից սակավ քանակով՝ ընդամենը 25 հատ[13][14][15]։
Հայաստանի Հանրապետությունում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվում են արտերկրում, մի շարք դեպքերում էլ դրանց արտադրության և տարածման իրավունքը տրվում է մասնավոր ընկերությունների։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների և ընկերությունների հետ՝
- Ավստրիայի դրամահատարան,
- «Մայեր» դրամահատարան,
- «Գայգեր Էդելմետալե» ընկերություն և «Լայպցիգեր Էդելմետալֆերարբայտունգ» դրամահատարան,
- Լեհաստանի դրամահատարան,
- «Քոին Ինվեսթ» ընկերություն,
- Լիտվայի դրամահատարան,
- Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան,
- «Ալմար Իմփորթ Էքսփորթ», «Ջենեսիս Ինտերնեյշնլ» և «Լիալուսին» ընկերություններ,
- Նիդերլանդների արքայական դրամահատարան,
- «Ինտերնեյշնլ Քոին Հաուս» ընկերություն,
- Չեխիայի դրամահատարան,
- Սանկտ Պետերբուրգի դրամահատարան,
- Կրեմնիցայի դրամահատարան,
- Ֆինլանդիայի դրամահատարան:
ՀՀ հուշադրամների էսքիզների հեղինակներն են գլխավորապես հայ նկարիչ-դիզայներները՝ Էդուարդ Կուրղինյան, Հարություն Սամուելյան, Վարդան Վարդանյան, Կարապետ Աբրահամյան, Հրաչյա Ասլանյան, Լուսինե Լալայան, Արմեն Քյուրքչյան, Աննա Խաչատրյան, ինչպես նաև՝ լեհ նկարիչ-դիզայներներ Ուրսուլա Վալեժակը և Ռոբերտ Կոտովիչը[ն 4]: