Հանքային գործ
From Wikipedia, the free encyclopedia
Հանքային գործ, գործունեության գիտական և տեխնիկական բնագավառ, որն ընդգրկում է երկրի ընդերքից օգտակար հանածոներն արդյունահանելու և նախնական մշակման ենթարկելու գործընթացները, դրանց հետ կապված գիտական հետազոտությունները և համապատասխան կադրերի պատրաստումը։ Հայաստանի տարածքում երկրի ընդերքից հանքանյութի արդյունահանումը սկսվել է դեռևս պալեոլիթի ժամանակաշրջանում։ Սոթքում, Սյունիքի, Լոռու մարզերում հայտնաբերվել են հնագույն հանքափորվածքներ, հնավայրերում (Շենգավիթ, Կարմիր բլուր)՝ պղնձի դարի և ուրարտական ժամանակաշրջանի առարկաներ։ Հայաստանում հանքային գործի (կապված շինարարության հետ) զարգացման մասին է վկայում Մենուայի (Շամիրամի) ջրանցքը՝ հիդրոտեխնիկական մի խոշոր կառույց (մ.թ.ա. IX-VIII դդ.), որով Հայոց ձոր գավառի ջրառատ աղբյուրներից խմելու ու ոռոգելու ջուր է մատակարարվել Տուշպա քաղաքին։
Հայաստանի ընդերքը հարուստ է բազմատեսակ օգտակար հանածոների՝ աղի, գունավոր մետաղների և առանձնապես շինանյութերի հանքավայրերով։ Դրանց արդյունահանումով զարգացել է հանքարդյունաբերությունը։
Հանքային գործի ձեռնարկություններ են Զանգեզուրի, Ագարակի պղնձամոլիբդենային, Ալավերդու լեռնամետալուրգիական, Ավանի աղի կոմբինատները, պեռլիտների, մարմարների, կրաքարերի, գրանիտների և բազմերանգ տուֆերի բաց հանքարանները։
Հայաստանում հանքային գործի և շինարարության համատեղ կարևոր բնագավառ է երկաթուղային ու ավտոմոբիլային, ջրատար ու հիդրոտեխնիկական թունելների, Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը։
Հանքային գործի հետ առնչվող գիտական աշխատանքներ կատարվում են «Հայգունմետ» գիտնախագծային ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ԵՊՃՀ-ում և ԵՊՀ-ում։