Ճենապակի
From Wikipedia, the free encyclopedia
Ճենապակի, խեցեգործական նուրբ արտադրանք, սովորաբար ունի առանց ծակոտիների, սպիտակ, գուղձավորված, բարակ շերտում լուսաթափանց, ջրի և գազի համար անթափանց թրծազանգված։ Օժտված է բարձր էլեկտրամեկուսիչ հատկություններով ու մեխանիկական ամրությամբ, ջերմային և քիմիական կայունությամբ։ Օգտագործվում է քիմիայում, էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական արդյունաբերության մեջ (լաբորատոր ամանեղեն, խողովակներ, մեկուսիչ նյութեր և այլն)։ Պատրաստում են կավի, սպիտակ ճենակավի, դաշտային սպաթի, քվարցի և ճենապակյա ջարդվածքի խառնուրդից, թրծման բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Գոյություն ունեն, այսպես կոչված, կարծր և փափուկ ճենապակիներ։ Կարծրը պարունակում է 45-60% կավ, քվարց, դաշտային սպաթ և ոչ մեծ քանակությամբ կրածին օքսիդ (թրծման ջերմաստիճանը՝ մինչև 1450°), փափուկը քիմիական բաղադրությամբ ավելի բազմազան է, ունի ցածր կարծրություն, մեխանիկական ամրություն (թրծման ջերմաստիճանը՝ մինչև 1300°) և հիմնականում օգտագործվում է գեղարվեստական իրերի արտադրությունում, տարատեսակներից է առավել ճերմակ ու թափանցիկ Ոսկրային ճենապակին (պարունակում է մինչև 50% ոսկրամոխիր)։ Ճենապակու երկու տեսակներն էլ ծածկվում են ջնարակով, լինում է երբեմն առանց ջնարակի (բիսկվիտ)։ Ճենապակու զանգվածի մշակումը բարդ է (տես խեցեգործություն)։