Մտավորականություն
From Wikipedia, the free encyclopedia
Մտավորականություն, ինտելիգենցիա, մասնագիտորեն զուտ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց հասարակական խավ։ Մտավորականությունը առանձին դասակարգ չէ, այն ծագում և համալրվում է տարբեր դասակարգերից։ Գործունեությունը որոշվում է այն դասակարգերի շահերով, որոնց նա ծառայում է։ Մտավորականության առաջացման նախադրյալը աշխատանքի բաժանումն է ֆիզիկականի և մտավորի, որի հետևանքով հասարակությունը տրոհվել է գերազանցապես ֆիզիկական աշխատանք կատարող ստրուկների և անմիջական արտադրական գործունեությունից ազատ, հասարակական, տնտեսական, պետաիրավական ղեկավարությամբ, գիտությամբ, արվեստով զբաղվող ստրկատերերի։ Հակամարտ հասարակարգերում մտավոր աշխատանքի մենաշնորհը շահագործող դասակարգերի ձեռքում է, թեպետ մտավորականությունը համալրվել է նաև այլ դասակարգերի ու խավերի հաշվին։ Որպես առանձին հասարակական խավ, որի հիմնական գոյամիջոցը մտավոր աշխատանքն է, մտավորականությունը զարգացել է կապիտալիզմի օրոք, երբ ծայրահեղորեն սրվել է հակադրությունը մտավոր ն․ ֆիզիկական աշխատանքի միջև։ Արտադրողական ուժերի վերելքի շնորհիվ աճում է ինժեներա-տեխնիկական աշխատողների տեսակարար կշիռը։ Տեխնիկական մտավորականությունը ոչ միայն ղեկավարում է արտադրությունը, այլև վերահսկում է բանվորներին։ Պետական֊վարչական մարմիններում ներգրավված մտավորականություն անուղղակիորեն մասնակցում է աշխատավորների ճնշմանն ու կեղեքմանը։ Տեղի է ունենում մտավորականության շերտավորում։ Մտավորականության որոշ մասը անցնում է վարձու աշխատանքի, մի մասը (բժիշկներ, իրավաբաններ)՝ մասնավոր ձեռնարկատիրական գործունեության (օրինակ, ԱՄՆ-ում 37,9%, 1870 թվականին), մնացածներն առաջ են քաշվում բուրժուազիայի շարքերը, ձեռք բերում արտոնյալ դիրք։ Ընդհանուր առմամբ, կապված մտավոր աշխատանքի նկատմամբ եղած մեծ պահանջարկի հետ, կապիտալիզմի նախնական փուլում մտավորականությունը բուրժուականանում է։ Բանվորների հետ թույլ կապը, ձեռնարկատերերին մերձ լինելը, բարձր եկամուտը, բուրժուական ապրելակերպը մտավորականության մեծ մասին հանգեցրել է բուրժուական և մանրբուրժուական սոցիալական և աշխարհայացքային դիրքորոշման։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |