Նորվեգական բևեռային արշավախումբ (1893-1896)
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգական բևեռային արշավախումբ 1893-1896 թվականներին, գիտարշավ, որը կատարվել է «Ֆրամ» նավով։ Արշավախմբի նպատակն էր հետազոտել Արկտիկայի բարձր լայնությունները և արդյունքում հասնել մինչև աշխարհագրական Հյուսիսային բևեռ։ Գիտարշավի ղեկավարն ու հեղինակը նորվեգացի բևեռախույզ, գիտնական, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենն էր։ Գիտարշավն էական բեկում մտցրեց բևեռային լայնությունների հետազոտման պատմության մեջ։ Աշխարհում առաջին անգամ մի փոքր արշավախումբ հատուկ այդ նպատակի համար կառուցած նավով գիտակցաբար գնաց դեպի բազմամյա ծովային սառույցները, որպեսզի համակարգված ու համալիր կերպով հետազոտական աշխատանքներ իրականացնի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում։ Ֆրիտյոֆ Նանսենն ու Յալմար Յոհանսենը նպատակադրվել էին Հյուսիսային բևեռին հասնել շնասահնակներով։ Արդյունքում, 1895 թվականի ապրիլի 6-ին նրանք հասան հյուսիսային լայնության 86° 13.6’ զուգահեռականին, որն այդ պահի դրությամբ աշխարհի մակարդակով արդեն իսկ ռեկորդ էր։ Առաջին բևեռային արշավախումբն է 19-րդ դարում, որ գիտարշավ կատարելու ընթացքում մարդկային կորուստներ չարձանագրեց։