Պիրոլիզ
From Wikipedia, the free encyclopedia
Պիրոլիզ (հին հունարեն՝ πῦρ - կրակ, տաք և λύσις - կազմալուծվել, քայքայվել), բարձր ջերմաստիճաններում օրգանական միացությունների դեստրուկցիայով ուղեկցվող փոխարկումները։
Նեղ իմաստով՝ պիրոլիզ նավթային և բնական գազային հումքի բարձր ջերմաստիճանային փոխարկումներն են՝ մոլեկուլների ջերմային դեստրուկցիան, իզոմերումը, պոլիմերումը և այլն։ Պիրոլիզ նավթաքիմիական սինթեզի կարևոր արտադրական եղանակ է, որի հիմնական նպատակն է ստանալ պլաստմասսաների, սինթետիկ մանրաթելերի, կաուչուկի և այլ կարևոր նյութերի արտադրությանն անհրաժեշտ հումք՝ չհագեցած ածխաջրածիններով (էթիլեն, պրոպիլեն, բութադիեն և այլն) հարուստ գազեր։
Պիրոլիզի համար օգտագործում են բնական գազերը, նավթի թորման արդյունքները (գազային ածխաջրածիններից մինչև ծանր ֆրակցիաները), նավթը են։ Գազերից բացի պիրոլիզի հետևանքով ստացվում են նաև կողմնակի հեղուկ խեժեր, որոնց քանակությունը կախված է հումքի տեսակից, գազային հումքից ստացվում է մինչև 5%, իսկ բենզիններից՝ 20% խեժ։